Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտերիմներին կասկածում են լրագրողի սպանության մեջ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտերիմներին կասկածում են լրագրողի սպանության մեջ

Պարզվել է, որ լրագրողը սպանվել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց մի քանի րոպե անց:

The New York Times –ն ու թուրքական Yeni Safak –ը հրապարակել են սաուդցի լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշողջիի մահվան գործով քննության արդյունքները:  

Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները լրագրողին կտտանքների են ենթարկել ու խոշտանգել են հյուպատոսի՝ Մուհամմադ ալ Օտայբիի սենյակում: Yeni Safak –ը պնդում է, որ նրանք կտրել են լրագրողի մատները, հետո գլխատել են, մարմինն էլ անդամահատել են: Դրա մասին են վկայում սպանության պահին արված աուդիո ձայնագրությունները, որոնք ստացել է թուրքական հետախուզությունը:

Կտտանքներին ներկա է եղել նաև հյուպատոսը: Նա մարդասպաններին ասել է, – «Դրսում արեք, ինձ համար խնդիրներ մի ստեղծեք»: Ագենտներից մեկն էլ պատասխանել է, -«Եթե ուզում եք Արաբիա վերադառնալուց հետո ողջ մնալ` լռե’ք»:

Դատական բժիշկը, որն այդ պահին կաբինետում է եղել, բոլորին առաջարկել է երաժշտություն լսել ու ականջակալներ է հագել, որպեսզի նրա խոսքով` լարվածությունը թուլացնի: Երբ լրագրողին անդամահատում էին նա երաժշտություն էր լսում: Դրանից առաջ լրագրողին ինչ-որ նյութ են ներարկել, որպեսզի լռի:

Լրագրողի սպանության մեջ կասկածում են թագաժառանգի նեղ շրջապատի անձանց: Լրագրող Ջամալ Խաշողջիի անհետացման օրը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի 15 ենթակաները հատուկ չվերթով ժամանել են Ստամբուլ: Թուրք քննիչները տվյալներ ունեն, որ լրագրողին հենց նրանք են սպանել ու թաղել, հետո էլ վերադարձել են Սաուդյան Արաբիա:

Yeni Safak-ը հրապարակել է նաև լրագրողի սպանությանը մասնակցած դատական բժիշկի անունը. Սալահ Մուհամմադ Ալ Տուբաիգի: The New York Times –ը գրում է, որ նա Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունում ու բժշկական հաստատություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցնում: Ալ Տուբաիգին ու ևս չորս կասկածյալ կապ ունեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի հետ: Նրանց մեջ է նաև թիկնապահ, հետախուզության գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մուտրեբը:

15 կասկածյալներից առնվազն 9-ը աշխատել են կառավարությունում, անվտանգության ծառայությունում, ռազմական կառույցներում ու նախարարություններում: Middle East Eye պարբերականն էլ պնդում է, որ բոլոր 15-ը թագաժառանգի անվտանգության աշխատակիցներն են ու միշտ ուղեկցում են նրան արտասահման կատարած այցերի ժամանակ:


Կարդացեք նաև.


Կասկածյալներից մեկը` Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի 31-ամյա լեյտենանտ Մաշալ Սաադ ալ Բոստանին Էր Ռիադում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել: Հատկանշական է, որ պարզ չէ, թե ավտովթարն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել:

Թուրք իրավապահները Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության ու հյուպատոսի նստավայրը խուզարկելու թույլտվություն ստացան հոկտեմբերի 17-ին, լրագրողի անհետանալուց մոտ 2 շաբաթ անց: Հյուպատոսն իր ընտանիքի հետ երկրից մեկնել էր խուզարկությունից օրեր առաջ: Քննիչները խուզարկել են տան վերնահարկը, ավտոտնակը, մեքենաները, փորել են տան հարակից հողատարածքը, որտեղ ենթադրաբար կարող էին թաղված լինել լրագրողի մարմնի մասերը: 9 ժամ 10 րոպե տևած խուզարկության ավարտին նրանք տարածքից դուրս եկան մի քանի տուփերով ու պայուսակներով:

The Washington Post-ը հրապարակել է սպանված լրագրողի վերջին սյունակը: Ջամալ Խաժողջին այն գրել էր անհետացումից առաջ: Լրագրողի օգնականն այն թերթին է փոխանցել անհետացման հաջորդ օրը:

Իր սյունակում սպանված լրագորղը գրում է, որ արաբական լրատվամիջոցներում գնալով ավելի քիչ ազատություն է մնում, լրագրողները լռում են, խնդիրների մասին չեն բարձրաձայնում, նաև այն դեպքում, երբ ձերբակալվում են նրանց գործընկերները: Նրա խոսքով լրագրողները փորձում էին գրաքննությունը համացանցում շրջանցել, բայց պետությունն արգելափակում է նաև համացանցը: «Արաբական աշխարհն իր սեփական երկաթե վարագույրն ունի», – գրում էր Խաշողջին:

meduza


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք