Ռուս-թուրքական ոխերիմ բարեկամությունը Սիրիայում
Ամեն ինչ այդքան ակնհայտ չէր լինի, եթե սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթնաժողովին իրանական կողմը ուղիղ եթերով չհեռարձակեր Պուտինի ու Էրդողանի դիվանագիտական լեզվակռիվը: Թեհրանում կայացած հանդիպման արարողակարգային մասից հետո տեսախցիկները չէին անջատվել, նախագահները կարծում էին, թե իրենց ոչ ոք չի լսում, մինչդեռ ամեն ինչ ուղիղ եթերում էր: Ահա այդ ժամանակ էլ պարզվեց, որ Թուրքիան փորձում է ռուսներին համոզել չներժուժել Սիրիայի Իդլիբ նահանգ, որն ահաբեկիչների ու զինված ընդդիմության վերջին հենակետն է, պատերազմի վերջին օջախը: Էրդողանն ամեն ինչ անում էր Պուտինին համոզելու համար, բայց ոչինչ էլ չստացվեց: Ռուսաստանի նախագահը նույնիսկ հեգնում էր Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիան չի կարող հրադադար խնդրել Իսլամական պետության անունից:
Կարդացեք նաև.
Ռուսաստան, Թուրքիա և Իրան. ինչո՞ւ է ԱՄՆ-ն նրանց տնտեսական պատերազմ հայտարարել
Թուրքիայում չեղարկվել է արտակարգ դրությունը. 2 տարում ձերբակալվել է 160 հազար մարդ
Էրդողանի 15-ամյա ծրագիրն ավարտվեց. ի՞նչ սպասել Թուրքիայից
Թուրքերը, սակայն, չեն հանձնվում: Պուտինի հետ բանավեճից հետո Էրդողանը ամերիկյան մամուլում հոդված է հրապարակում՝ բացատրելով նոր ճակատամարտի կործանարար հետևանքները: Ռուսներն էլ տեղի չեն տալիս՝ ամեն օր ավելի նյարդայնացնելով թուրքերին, որոնք փորձում են գոնե իրենց «սեփական» ահաբեկիչներին դուրս բերել սպասվող դժոխքից:
Ու այս ամբողջ հակասություններով հանդերձ ռուսների ու թուրքերի շահերը շատ դեպքերում համընկնում են: Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու և Թուրքիա-ԱՄՆ հակասությունների միջոցով է հնարավոր եղել կտրուկ նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը սիրիական պատերազմում: Իդլիբում արյունալի կռիվները, թվում է, անխուսափելի են: Եվ այսօր՝ Սոչիում, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների պայմանավորվածություններից են կախված վճռական ու, հնարավոր է, եզրափակիչ ճակատամարտի բոլոր մանրամասները, հարվածների չափը, ոչնչացված ահաբեկիչների քանակը, նույնիսկ խաղաղ բնակիչների ճակատագիրը: