Ռուս-թուրքական ոխերիմ բարեկամությունը Սիրիայում

Ռուս-թուրքական ոխերիմ բարեկամությունը Սիրիայում

Թուրքիայի նախագահը Սոչիում է, Պուտինի հետ քննարկում, վիճում է, համոզում է Սիրիայում վերջնական ճակատամարտ չսկսել: Թուրքիան վերջին ճիգերն է գործադրում սիրիական իր ռազմավարության գոնե մի մասը փրկելու համար:

Ամեն ինչ այդքան ակնհայտ չէր լինի, եթե սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթնաժողովին իրանական կողմը ուղիղ եթերով չհեռարձակեր Պուտինի ու Էրդողանի դիվանագիտական լեզվակռիվը: Թեհրանում կայացած հանդիպման արարողակարգային մասից հետո տեսախցիկները չէին անջատվել, նախագահները կարծում էին, թե իրենց ոչ ոք չի լսում, մինչդեռ ամեն ինչ ուղիղ եթերում էր: Ահա այդ ժամանակ էլ պարզվեց, որ Թուրքիան փորձում է ռուսներին համոզել չներժուժել Սիրիայի Իդլիբ նահանգ, որն ահաբեկիչների ու զինված ընդդիմության վերջին հենակետն է, պատերազմի վերջին օջախը: Էրդողանն ամեն ինչ անում էր Պուտինին համոզելու համար, բայց ոչինչ էլ չստացվեց: Ռուսաստանի նախագահը նույնիսկ հեգնում էր Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիան չի կարող հրադադար խնդրել Իսլամական պետության անունից:


Կարդացեք նաև.


Թուրքերը, սակայն, չեն հանձնվում: Պուտինի հետ բանավեճից հետո Էրդողանը ամերիկյան մամուլում հոդված է հրապարակում՝ բացատրելով նոր ճակատամարտի կործանարար հետևանքները: Ռուսներն էլ տեղի չեն տալիս՝ ամեն օր ավելի նյարդայնացնելով թուրքերին, որոնք փորձում են գոնե իրենց «սեփական» ահաբեկիչներին դուրս բերել սպասվող դժոխքից: 

Ու այս ամբողջ հակասություններով հանդերձ ռուսների ու թուրքերի շահերը շատ դեպքերում համընկնում են: Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու և Թուրքիա-ԱՄՆ հակասությունների միջոցով է հնարավոր եղել կտրուկ նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը սիրիական պատերազմում: Իդլիբում արյունալի կռիվները, թվում է, անխուսափելի են: Եվ այսօր՝ Սոչիում, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների պայմանավորվածություններից են կախված վճռական ու, հնարավոր է, եզրափակիչ ճակատամարտի բոլոր մանրամասները, հարվածների չափը, ոչնչացված ահաբեկիչների քանակը, նույնիսկ խաղաղ բնակիչների ճակատագիրը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք