ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետաքննության մեկ տարին. ի՞նչ է հայտնի այսօրվա դրությամբ

ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետաքննության մեկ տարին. ի՞նչ է հայտնի այսօրվա դրությամբ

Ի՞նչ է հաջողվել Մյուլերի հանձնաժողովին պարզել անցած մեկ տարվա ընթացքում:

Մեկ տարի առաջ 2016թ–ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության հանձնաժողովը գլխավորեց ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը: Մայիսի 17-ին ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն համաձայնեց ամերիկյան հետախուզության այն եզրակացություններին, որ Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Իրադարձությունների հաջորդականությունը

2015թ–ի հունիսի 16

Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

2016թ–ի հունիսի 9

Նյու Յորքում կայացավ Թրամփի մի քանի ներկայացուցիչների հանդիպումը, որոնց թվում էր նաև նրա որդին՝ Դոնալդ Թրամփ–կրտսերը, փեսան՝ Ջարեդ Քուշներն, ու նախընտրական արշավի ղեկավար Փոլ Մանաֆորտը, ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկեցին Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատի փոխանցման պայմանները:

2016թ–ի հունիսի 14

Հայտնի դարձավ, որ ռուսական հաքերային խմբերը կոտրել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության, այդ թվում՝ Քլինթոնի սերվերները: Նույն տարվա օգոստոսին դեմոկրատների ավելի քան 20 հազար էլեկտրոնային նամակ հայտնվեց WikiLeaks կայքում: Դա վնասեց Քլինթոնի իմիջին և արտացոլվեց ընտրությունների արդյունքների վրա:

2016թ–ի նոյեմբերի 8

Դոնալդ Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահի ընտրություններում: Երդմնակալությանարարողությունը կայացավ երկուսուկես ամիս անց:

2016թ–ի դեկտեմբերի 29

Այդ պահի դրությամբ ԱՄՆ դեռևս գործող նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության պատճառով: Նույն օրն ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինն այդ պատժամիջոցները քննարկեց ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպանի հետ: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ երկրի քաղաքացիները, որոնք համապատասխան իրավասություններ չունեն, իրավունք չունեն բանակցություններ վարելու արտասահմանյան պետությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ, որոնք տարաձայնություններ ունեն ԱՄՆ հետ:


Կարդացեք նաև.


2017թ–ի փետրվարի 13

Ֆլինը հրաժարական տվեց իր պաշտոնից և սկսեց համագործակցել ՀԴԲ հետ ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին գործի շրջանակում:

2017թ–ի մայիսի 9

Թրամփն աշխատանքից ազատեց ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին, որը զբաղվում էր Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի անդամների հնարավոր կապերի հետաքննությամբ:

2017թ–ի մայիսի 17

ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը գլխավորեց ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության գծով հատուկ հանձնաժողովը:

2018թ–ի փետրվարի 16

13 Ռուսաստանցիների և 3 ռուսաստանյան ընկերության մեղադրանք առաջադրվեց «ԱՄՆ դեմ խարդախության նպատակով դավադրության» համար: Ցուցակում ներառվեցին «Համացանցային հետազոտությունների գործակալություն» ռուսական ընկերության աշխատակիցները: Նրանք սոցցանցերում էջեր էին ստեղծում, որոնցում արտահայտվում էին ԱՄՆ համար այնպիսի սուր թեմաների շուրջ, ինչպիսիք են ներգաղթը, կրոնն ու ռասիզմը: Ընդ որում, այդ էջերը վարվում էին մտացածին ամերիկացիների անունից:

2018թ–ի ապրիլի 9

ՀԴԲ–ն խուզարկություն անցկացրեց Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոյենի գրասենյակում:

Ի՞նչ է լինելու

Թրամփի շրջապատից մի քանի մարդ, այդ թվում՝ Մայքլ Ֆլինը, համագործակցում են Մյուլերի հանձնաժողովի հետ: Հնարավոր է, որ դա օգնի արագացնել հետաքննությունը: Հաջորդ փուլում հարցաքննության կարող է ենթարկվել հենց նախագահ Թրամփը: Կարևոր պահ կլինի նոյեմբերին, որբ ԱՄՆ–ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ տեղի ունենան: Եթե դրանց արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը Սենատի հանդեպ վերահսկողություն ձեռք բերի, Մյուլերի հետաքննությունը զգալորեն ավելի մեծ տեմպով առաջ կգնա: Եթե հաստատվի Ռուսաստանի հետ Թրամփի դավադրության փաստը, ԱՄՆ նախագահին իմփիչմենթ հայտարարելու հարց կբարձրացվի:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք