21-րդ դարում ի՞նչն այն չէ Բոդիպոզիտիվիզմի հետ

March 29, 2019

Ի՞նչ է բոդիպոզիտիվը


Այս շարժման կարգախոսն է` «Իմ մարմինն իմ գործն է»:  Գաղափարն այն է, որ ամեն մարդ, անկախ իր տեսքից ու մարմնից, արժանի է հարգանքի: Սեփական մարմինն ընդունելու այս շարժումը սկսվել է 1967 թվականին` գեր կանանց իրավունքների պաշտպանության համար: Ավելի ուշ ակտիվիստները սկսեցին ուշադրություն հրավիրել ոչ միայն գեր մարդկանց իրավունքների, այլ նաև հաշմանդամություն ունեցող, սպիերով, այրվածքներով մարդկանց ու նաև տրանսգենդերներին: Բոդիպոզիտիվիզմը մարդկանց օգնում է հաղթահարել սեփական անձի, արտաքինի հետ կապված բարդույթները: Այս շարժումը նաև կարծրատիպային գեղեցկության դեմ էր, երբ պրոպագանդվում էր 90/60/90 կազմվածքը, չափազանց նիհար լինելը: Բայց ոսկե միջինին հասնել չստացվեց: Հասարակությունն ընդունեց, որ անորեքսիան վտանգավոր է կյանքի համար, այն հիվանդություն է, բայց շարժումը գնաց մեկ այլ, նորից ծայրահեղական ուղղությամբ: Ոչ ստանդարտ կազմվածք, արտաքին ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարելու փոխարեն, ստացվեց չափազանց գեր մարդկանց ու անառողջ ապրելակերպի պրոպագանդա: Մասնագետներն անհանգստանում են, որ նկատվում է ոչ այնքան առողջ միտում: Բոդիպոզիտիվիզմի գաղափարն աղավաղվում է: Մարմինն ընդունելու գաղափարը վերածվում է քաշին ու առողջությանը չհետևելու, թքած ունենալու միտումի: Ավելորդ քաշը, ճարպակալումը, ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը քննադատության չի արժանանում, հակառակը, նույնիսկ գովելի է համարվում: Արդյունքում, գեղեցիկ, գրավիչ ու  առողջ լինելը նույնիսկ անհարմար է թվում:


52 կիլոգրամանոց Քեյթ Մոսին փոխարինել է 115 կիլոգրամանոց Տեսս Հոլիդեյը: Լողազգեստներ գովազդող Sports Illustrated ամսագիրն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ գեղեցիկ կանանց լողազգեստներով ֆոտոսեսիաներից հետո, բայց հիմա ամսագիրն ակտիվորեն համագործակցում է plus-size մոդելների հետ:




Կարդացեք նաև.



Ինչո՞ւ է նոր բոդիպոզիտիվիզմը վտանգավոր


Ավելորդ քաշն առողջության համար վտանգավոր է: Դա բժշկական փաստ է, որը չի կարելի հաշվի չառնել: Ինչպես շատ նիհար լինելն, այնպես էլ շատ գեր լինելն անառողջ է:  Պետք է ընդունել փաստը, որ ճարպակալումը ոչ թե «անձնական ընտրության» կամ ճաշակի հարց է, այլ պաթոլոգիկ վիճակ, որը հիվանդությունների համաշխարհային դասակարգման մեջ հաշվառվում է Е66 համարով:  Եթե գիրությունը լիներ միայն էսթետիկ գեղեցկությանը վերաբերող վիճելի հարց, այն չէր լինի լուրջ առողջական պրոբլեմ:  Մասնագետներն արդեն ահազանգում են, որ ճարպակալումը հասել է վտանգավոր մասշտաբների, այն նման է համաճարակի: Իհարկե, այս ամենով հանդերձ, չի կարելի ամաչել ավելորդ քաշ ունենալու պատճառով, բայց առավել ևս չի կարելի գովազդել ու պաշտամունքի առարկա դարձնել ճարպակալումն ու ավելորդ քաշը: Ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող մարդիկ չպետք է դառնան ուրիշների համար օրինակ, դա հիվանդություն է, որը պետք է բուժել` հաճախ միայն մասնագետների օգնությամբ:  


Ժամանակակից բոդիպոզիտիվիզմի զոհերը


Բացի նրանից, որ ժամանակակից բոդիպոզիտիվիզմը վտանգավոր է առողջության համար, կա ևս մեկ բացասական բան: Շարժման ակտիվիստները հաճախ են քննադատում հայտնի կանանց, որոնք որոշում են նիհարել, ավելի լավ տեսք ունենալ կամ էլ նկարահանվել ամսագրերի համար: Օրինակ, Էմմա Ուոթսոնը, որը ֆեմինիստական շարժման կողմանկիցներից էր, նկարահանվեց Vanity Fair ամսագրի շապիկի համար: Նկարում դերասանուհին կիսաբաց կրծքով է: Երբ լույս տեսավ ամսագիրը, նրան սկսեցին ողողել բացասական կարծիքներով ու մեղադրել երկերեսանիության ու դավաճանության համար: Բոդիպոզիտիվիզմի մեկ այլ կողմնակից` դերասանուհի, ռեժիսոր Լինա Դանեմը նույնպես արժանացավ սուր քննադատությունների, երբ նիհարեց: Չնայած դերասանուհին բազմիցս ասել է, որ նիհարել է ոչ թե ավելի բարեկազմ լինելու, այլ առողջությունը վերականգնելու համար: Հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել է, թե որքան լուտանքների է արժանացել, ինչպես են իրեն ճնշել, մեղաղադրել դավաճանության մեջ:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում