newmag-ը շուտով կներկայացնի Ազնավուրի «Մեղմ շշնջալով» գիրքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

October 1, 2019

Դեռ այս տարվա մայիսին newmag-ը ներկայացրեց Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը` հայերեն թարգմանությամբ: Ու հենց այդ ժամանակ newmag-ը հայտարարեց՝ մինչև մեծ շանսոնիեի 100-ամյակը, կթարգմանեն նրա բոլոր գրքերը: Ընդհանուր առմամբ, մեծ շանսոնյիեն գրել է 9 գիրք: Մեկն արդեն թարգմանվել է: Եվս երկուսի թարգմանությունն արդեն ավարտվում է: Արդեն դեկտեմբերին newmag-ը կներկայացնի Ազնավուրի «Մեղմ շշնջալով» գիրքը, որի հայերեն թարգմանությունն իրականացրել է Սամվել Գասպարյանը:


Սամվել Գասպարյանը Ազնավուրին հանդիպել է 90-ականներին՝ երկրաշարժից հետո: Օդակայանում հեղինակի ու թարգմանչի կարճատև զրույցն օգնեց, որ Սամվել Գասպարյանը հասկանա Ազնավուրին՝ նրա ոճը, էությունը, և թե գրելով ինչ է ուզում ասել երգիչը: Այդ ժամանակ Սամվել Գասպարյանը Ազնավուրին հարցրեց՝ ձեր ստեղծագործությունները ինչու պետք է ապրեն:


Ազնավուրի հաջորդ գիրքը թարգմանում է Ֆրասնիայում Հայաստանի նախկին դեսպան Համլետ Գասպարյանը:


Իր երգերով ու ինքնակենսագրական պատմություններով Ազնավուրը արձագանքում է անընդհատ փոփոխվող աշխարհին: Շառլը բառախաղերով ֆրանսերեն երգում ու գրում է տխրության, սիրո, բաժանման և կորստի մասին: Հենց այստեղ է, որ այլ լեզվով դրա մասին խոսելը դառնում է դժվար:




newmag-ում կարդացեք նաև․





Ազնավուրը գրում է պարզ, բայց նրա տեքստում կան թաքնված իմաստներ, որոնք հայերեն արտահայտելու համար պետք է խորապես ընկալել դրանք: Համլետ Գասպարյանի համար, Ազնավուրը ֆենոմեն է, որ ոչ ոք չի կարող բացատրել: Համլետ Գասպարյանն ասում է՝ Ազնավուրը բառախաղերի վարպետ է, ակրոբատ, նա սիրում է չափածոներ մտցնել իր ստեղծագործություններում, ու դրանք էլ բառախաղեր են։


Ազնավուրի թողած ժառանգությունը հայրենիքում պահելու և այն հարստացնելու համար հայաստանում մշտապես բնակություն են հաստատել նրա որդին և հարսը: Ազնավուրի կեցավայրն այժմ նորոգվում է:


Քրիստինա Սարգսյանը՝ Շառլ Ազնավուրի հարսը, կարդացել է Ազնավուրի բոլոր գրքերը: Յուրաքանչյուրում ընթերցողը գտնում է կյանքի կարևոր խնդիրների մասին ազնավուրյան լուծումները: Քրիստինայի խոսքով՝ Ազնավուրն առաջին հերթին սովորեցնում է չդատել ու չքննադատել, սովորեցնում է սիրել ու ընդունել անկախ կրոնից, գույնից, ռասայից։ Նա ասում է՝ դա Շառլի կյանքն ու վարքն էր։


Ազնավուրին հիշելու լավագույն ուղին նրա երգերը լսելն ու գրքերը կարդալն է: Այս տարի արդեն Ազնավուրը մեղմ կշշնջա իր նոր գրքով, իսկ հաջորդը` 2020-ին: Ազնավուրի երաժշտական ու գրական ժառանգությունը կներկայացվի սիրով և պարբերաբար:




Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում