[Մոնոլոգ] Դավիթ Հարությունյան. «Պետք է լավ մտածել և չսխալվել` երազելիս»
ներելու արվեստը
Չեմ կարողանում ներել, երբ մտածված, գիտակցված վատություն են անում: Մնացած բոլոր դեպքերում կներեմ: Բոլորս էլ գիտակցում ենք, որ ներելը օգտակար է, եթե ներում ենք, հեշտ է լինում ապրելը, բայց միշտ չես կարող ներել: Հարազատ մարդիկ մտածված վատություն չեն անի: Եթե անեն, ապա հարազատ չեն: Եթե ակամա է, մտածված չէ և համարժեք է չարվածին: Շուտ եմ մոռանում ակամա արված վատությունը: Կարևորն այն է, թե ինչո′ւ է այդ քայլն արել, ոչ թե՝ ինչ է արել:
տղամարդու սերը
Տղամարդու մոտ գերակշռում է պատասխանատվության զգացումը: Եթե ընտանիքդ ապահով է, ապա դու ռեալիզացրել ես սերը: Եթե չես կարողացել, ուրեմն սերը չի ստացվել: Սիրո մեջ կարևոր է ամեն վայրկյան նրա կողքին լինելը, հաճույք պարգևելը:
Տղամարդու սերն էլ է տարբեր արտահայտվում: Օրինակ` ընտանիքի նկատմամբ, ծնողների… Կարող է երեխադ հեռու լինի, իրեն շատ սիրես, ասես՝ թող լավ լինի, ոչինչ, որ հեռու է: Բայց կնոջ հանդեպ սերը մի փոքր այլ է: Սերը ծաղկի պես բան է, պետք է ջրես, ուշադիր լինես:
երազանքի ուժը
Ես վստահ եմ, որ երազանքը միակ ուժն է աշխարհում, որը բերում է նրան, ինչ մարդը ուզում է: Ով ինչի մասին իսկապես երազում է ամեն օր, ամեն րոպե և քայլեր է անում`դրան հասնում է: Պետք է լավ մտածել և չսխալվել` երազելիս: Եթե գտել ես երազանքդ, կհասնես դրան:
Երազանքի հասնել կարող եք շատ պարզ քայլերով: Ես զարմանում եմ՝ ինչու են մարդիկ զարմանում, թե ինչպես են մնացածը հասնում: Երբ ես 15 տարեկան էի, մի գիրք կարդացի հաջողակ մարդկանց մասին: Այդ ժամանակ ապրում էինք Երևանի ծայրամասում, շատ վատ ֆինանսական վիճակում էինք, հայրս մահացել էր, միայն մայրս էր ընտանիքը պահում: Մութ, ցուրտ, աշխարհի ծայրը, փոքր սենյակ: Այդ ժամանակ գրքեր էի կարդում, օրինակ` Ford մեքենաշինական ընկերության մասին, ու մտածում էի, որ պետք է դառնամ ավտոարտադրող խոշոր ընկերության գլխավոր տնօրեն: Դրա համար պետք էր քայլեր անել: Պլանարոցի քայլերս՝ պետք է ստանալ լավագույն կրթությունը. դա կստանամ Հարվարդում: Հարվարդ ընդուվելու համար պետք է փող, ուղեղ և գտվել ԱՄՆ-ում : Գումար չկա, պետք է աշխատել, հետո պետք է գնալ Ամերիկա: Ամերիկայում հայտնվելու համար պետք է իմանալ անգլերեն: Եթե անընդհատ մտածես, որ պետք է դառնաս x ընկերության գլխավոր տնօրենը, ապա կնայես միայն առաջ, ոտքիդ տակ չես տեսնի: Եթե պետք է սար բարձրանաս, ոտքիդ տակ պետք է նայես: Անընդհատ գագաթին նայես` կընկնես, և տեղ չես հասնի: Պետք է անես քայլ-քայլի հետևից, գիտենաս` գագաթը որն է, և քայլես դեպի գագաթը:
Երբ ստացա դրամաշնորհը և արդեն կարող էի Հարվարդում սովորել, գնացի Ամերիկա: Երբ ամեն ինչը կար, ես հասկացա, որ ես այն մարդն եմ, որն ուզում է ապրել հարազատների կողքին: Երբ զգացի ցանկությունս, պարզվեց, որ երազանքս դա չէր: Իմ երազանքը իրականում ապրելն էր հարազատների, բարեկամների կողքին, ունենալ այնքան հնարավորություն, որ պատասխանատվություն կրեմ իրենց համար:
Կարդացեք նաև.
Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է»
Վահան Շաքարյան. «Փառքը անձնական թերություն է»
Վահան Բադալյան․ «Շատ հայ տղամարդիկ իրենց երեխաներին արգելում են ընտրել այս մասնագիտությունը»
ընկերների սահմանը
Իրական ընկերոջդ ամեն ինչ վստահում ես: Մի բան չվստահես` ճեղքում ես ընկերության սահմանը: Մինչև վերջ վստահելը պարտադիր է, հակառակ դեպքում կլինի «ընկերանման»: Այդպիսի շատ ընկերներ ունենք: Վիրտուալ աշխարհում ասում ենք, որ ունենք՝ ենթադրենք՝ 100 ընկեր, իրականում 3, 4-ն են: Բաներ կան, որ չես պատմի ընկերոջդ, բայց ամեն հարցում պետք է վստահես նրան:
ընթերցանության հաճույքը
Էլեկտրոնային սարքերը չեն տալիս այն հաճույքը, ինչը ստանում ենք գրքից: Գիրքը հանգստացնում է, բայց ցավոք այնքան չենք կարդում, որքան պետք է: Ժամանակի խնդիրը չէ: Իմ դեպքում կազմակերպվածության խնդիրն է:
Ցավոք, գեղարվեստական գրքեր չեմ կարդում: Ես կուզեի ապրել այն կյանքում, երբ մարդը վայելում է կյանքը: Գեղարվեստական գիրք կարդալիս հաճույք ես ստանում: Բայց եթե այդ մեկ ժամում կարող եմ ինչ-որ բան սովորել կամ կարող եմ հաճույք ստանալ` գրեթե միշտ հաղթում է սովորելը: Ես չեմ ասում, որ դա լավ է, ճիշտ է: Կյանքը նրա համար է, որ մարդը հաճույք ստանա, բայց քանի որ կա պատասխանատվության զգացումը, ավելի շատ ստացվում է, որ տղամարդու կյանքի իմաստը ավելի շատ օգտակար լինելն է:
Օրինակ` մի գրքում գրված էր, որ ղեկավարները պետք է լինեին շփվող, շատ ընկերներ ունենան և տարբեր շրջապատներում երևան. ես հակառակն եմ՝ սիրում եմ գալ աշխատանքի, հետո տուն գնալ, կամ մեկ ընկերոջ տեսնել: Այդպես ավելի էֆեկտիվ է:
Հիմա տղաս մի գիրք է կարդում. Ռոնալդուի մասին: Այս գիրքը շատ մոտիվացնող է: Նրա կերպարն ինձ դուր չի գալիս, բայց նրա անցած ճանապարհը մոտիվացնող է: