[100 մոնոլոգ] «Մենք վիրուսի պես քրքրում ենք մեր մոլորակը». Սուրեն Շահվերդյան
ինձ ատում են - Ես սիրում եմ, որ ինձ ատում են: Եթե թշնամի չունես, ուրեմն սպառված մարդ ես: Հենց ինձ ատում են, ինձ էներգիա են փոխանցում, ես ուժեղանում եմ դրանով: Իսկ ես ինքս ոչ մեկին չեմ ատում: Ում ատեմ, նրան կփոխանցեմ իմ էներգիան: Մեր հայտնի մարդկանց մեծ մասն ինձ ատում է: Ես չեմ կարողանում նրանց հանդեպ իմ վատ վերաբերմունքը թաքցնել ու երբեմն քիթս խցկում եմ այնտեղ, որտեղ պետք չէ: Ինձ ատում են իմ ազգանվան համար, ես գիտեմ: Ինձ ատում էին այն ժամանակ, երբ ինձ չէին էլ ճանաչում: Հիմա նույն կերպ չեն սիրում իմ ութ տարեկան որդուն, որովհետև նա էլ նույն ազգանունն ունի: Եթե մեր հարևանը լավ տուն է կառուցում, մենք ոչ թե ուզում ենք նույնը կառուցել, այլ ուզում ենք նրա տունը վառել: Այդ նախանձին սովորել եմ ու ուզում եմ, որ ինձ շատ ատեն:
մի բան սխալ է - Ինձ միշտ մի բան պակասում է, թե ինչ՝ չգիտեմ: Երևի ինչ-որ գեղեցիկ, լուսավոր ու ավելի խորը բան է պակասում, պակասում է ինչ-որ հեքիաթ: Մենք խեղդվում ենք կոնկրետության մեջ: Մարդկանց դեմքին կոնկրետ խնդիրներ են, խնդիրներ, որ հենց մարդն է առաջացնում: Երբ թռչում եմ օդանավով, նայում եմ ամպերին ու մտածում՝ ինչքան սիրուն է մեր մոլորակի այն հատվածը, որտեղ մարդը դեռ ոտք չի դրել: Մենք վիրուսի պես քրքրում ենք մեր մոլորակը: Պետք է փոխել մի բան, փոխել մարդուն: Մարդուն անասուն դարձնելը հեշտ է ու արագ, մինչդեռ դեպի լավը փոխելը երկար է ու դժվար: Բայց պետք է համբերատար անել դա ու սկսել նրանից, որ ամեն մեկը լինի իր տեղում և զբաղվի նրանով, ինչն իսկապես գիտի ու ինչն իսկապես կարող է: Եթե ամեն բան այսպես մնա, ի՞նչ իմաստ ունի լույս աշխարհ երեխաներ բերել, ի՞նչ է նրանց սպասելու այս աշխարհում:
իմ հայրը - Իմ հայրն այս դարի մարդ չէ: Նա հաստատ ծնվել է ավելի շուտ, քան պետք էր: Հայրս պետք է ավելի ուշ ծնված լիներ, մտածում ու զգում է այնպես, որ հիմա նրան դեռ չեն հասկանում: Իմ մասին ասում են. «Հայրը չլիներ, որդին ոչ մի բանի չէր հասնի»: Բայց հասածս մի մեծ բան չէ, ընդամենը լավ գործ ունեմ արտասահմանում: Ես ափսոսում եմ, որ հայրս չի ծնվել այն դարում, երբ իրեն երջանիկ կզգար: Նայում եմ նրան ու ափսոսում, որ դեռ այստեղ եմ ապրում: Նա թունդ հայրենասեր է, մնաց այստեղ ու ի՞նչ՝ կանգնեց ոչնչի առաջ: Հորս շատ են քննադատում: Հորս ու մորս մասին ինչեր ասես չեն խոսում, արդեն իմունիտետ ունեմ:
Կարդացեք նաև.
- [100 մոնոլոգ] Արթուր Կարապետյան. «Ինձ խանգարում է մարտնչող տգիտությունը»
- [100 մոնոլոգ] «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան
- [100 մոնոլոգ] «Զգուշացե՛ք լուրջ մարդկանցից». Լալա Մնացականյան
կարոտ - Այնքան շատ եմ կարոտում ու այնքան մեծ կարոտ կա իմ մեջ, որ մեկ-մեկ կարոտում եմ… իմ կարոտին: Զայրանում եմ վրաս դրա համար. չէ՞ որ կարոտը մարդու թուլություններից է, իսկ եթե ուզում ես ուժեղ լինել, պետք է այդ թուլություններից ազատվես: Մարդ կախում ունի իր կարոտից: Չեմ կարողանում ազատվել այդ կախումից, կարոտում եմ նույնիսկ նրան, որին մի անգամ եմ տեսել ու կապվածություն եմ զգում: Չգիտեմ դրանից ինչպես ազատվել: Կամ պե՞տք է ազատվել:
նամակներ չենք գրում - Գրած ու չուղարկած նամակներ շատ ունեմ: Դրանք բոլորն էլ հասցեատեր ունեն, մի օր կուղարկեմ երևի: Սիրածս էակը կողքիս քնում է, իսկ ես նրան նամակ եմ գրում: Գրում եմ այն, ինչ չեմ կարողանում ասել ձայնով: Ես քեզ սիրում եմ… Չեմ կարողանում շատ ասել, չգիտեմ, ինձ թվում է՝ եթե ասեմ, զգացմունքը կարժեզրկվի, իմաստը կկորցնի: Եթե հնչի, կավարտվի վերջին հընչյունների հետ: Իսկ եթե գրեմ, կերկարի: Նրան սիրում եմ, բայց քիչ եմ ասում դա: Բայց գրել եմ աշխատավայրի պատուհանին, երկար գրել եմ ամենը, ինչ զգում ու մտածում եմ: Միայն մի վատ կողմ ունեն այդ նամակները: Հավաքարարը կարող է ժամանակից շուտ մաքրել պատուհանը:
newmag #23 հունիս, 2011
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում