[Մոնոլոգ] Ալեքսանդր Ադամյան․ «Եթե քեզ շրջապատը դուր չի գալիս, փոխի՛ր»
ժպիտը
Ժպիտը մեծ նշանակություն ունի, հատկապես, երբ առաջին հանդիպումն է: Ընկերական կապ է ստեղծում: Սոցիալական ծանր պայմաններից է գալիս չժպտալը: Մարդիկ ժամանակ չեն ունենում, որ մտածեն՝ ինչքան կարևոր է ժպիտը. հոգսերի մասին են մտածում: Հիմա անգամ բիզնեսի համար ժպիտը կարևոր նշանակություն ունի: Երբ սրճարան ես մտնում, ժպտում են. դա էլ քեզ տանում է այդ սրճարան:
եթե ես նկարեի
Եթե նկարեի, ապա բնության պատկերներ՝ ծովափնյա տաք երկրներ: Կփորձեի ջերմություն նկարել: Կնկարեի այն, ինչ հետո կցանկանայի տեսնել: Ինչ-որ բան նկարելիս տալիս ես, բայց հետո ուզում ես ստանալ: Եթե նկարել իմանայի, մարդկանց կնկարեի: Երբ մարդ ես նկարում, թերի չես կարող նկարել, շատ բան կա արտահայտելու: Ֆոտոներ անելիս էլ ժպտացող մարդկանց կնկարեի: Եթե մարդու մասին է խոսքը, ժպիտը գեղեցկության կարևոր էլեմենտ է:
Եթե մարդու մասին է խոսքը, ժպիտը գեղեցկության կարևոր էլեմենտ է:
երեկոյան՝ ընտանիքիս հետ
Երեկոյան սերն է ամենակարևորը: Երբ գնում ես տուն, սպասում ես այդ սերը զգալուն և տալուն: Շատ բան պետք չէ երջանիկ լինելու համար. ինչ-որ երգ և որ ընտանիքի բոլոր անդամները պարեն ու լիաթոք ծիծաղեն՝ մոռանալով, թե ինչ է եղել ամբողջ օրվա ընթացքում:
Մենք ընտանիքում մի ավանդույթ ունենք: Խոհանոցում կլոր սեղան կա, երեկոյան հավաքվում, թեյ ենք խմում, կամ մի ուրիշ բան, էական չի՝ ինչ, կարևորը՝ հավաքվում ենք և պատմում օրվա դեպքերը: Երեխաները միշտ սպասում են այդ րոպեներին: Երբ հյուր ենք գնում ու գալիս ենք տուն, և երեխաները ասում են՝ բա երեկո՜ն. նրանք այդ վայրկյանները նկատի ունեն: Եթե չի լինում դա, ուրեմն երեկո չի եղել: Ամբողջ երեկոն մեզ համար կտևի կես ժամ կամ մեկ ժամ:
սոցցանցերի հակառակ կողմը
Անկախ նրանից՝ մարդիկ ինչպես են օգտագործում սոցցանցերը, ինչ նպատակով, պարզապես մի հետևիր դրանց, եթե դա չի հետաքրքրում քեզ:
Մենք անցողիկ փուլում ենք: Օրինակ` ես ապրել եմ մի շրջան, որտեղ չեն եղել այդ կայքերը, էջերը: Հիմա էլ, երբ առաջացել են նոր բաներ, մտածում ենք, թե իրականը առաջ էր, հիմա թվացյալ է ամեն ինչ: Եթե փորձես փիլիսոփայորեն նայել այս խնդրին, կպարզվի, որ իրական է այն ամենն, ինչ մարդը անում է:
Եթե փորձես փիլիսոփայորեն նայել այս խնդրին, կպարզվի, որ իրական է այն ամենն, ինչ մարդը անում է:
Մի ժամանակ մարդիկ ապրում էին քարանձավներում, լողանում էին գետում, և դա էր իրականը: Հետո կառուցեցին քաղաքներ, սկսեցին լողանալ լոգարանում, և սա եղավ իրական: Նույն բանն էլ հիմա է. թվային աշխարհը իրական է:
քաղաքի շաբլոնը
Յուրաքանչյուրն ինքնարտահայտվելու կարիք ունի: Կան էքստրեմալ տարբերակները կան ավելի հեշտ, օրինակ՝ քոփի-փեյսթ է անում, տեսնում է այսպիսի բան կա, պատկերացնում է իրեն այդ վիճակում, հավանում է, ու ասում՝ բոլորը անում են, ինչո՞ւ ոչ՝ ես: Կա տարբերակ էլ որ, չի ուզում տարբերվել:
Եթե որևէ մեկն ուզում է Հայաստանում տարբերվել, անպայման քննադատվում է: Յուրաքանչյուրը իր պատասխանը կունենա մնացածին նմանվելու հարցում: Նաև մարդիկ կան, որ իրենց համար կերպարներ են գտնում, ինչին էլ ձգտում են: Շատերի համար մեծամասնությունն է կերպարի տեղում: Երևի թե մարդկանց երևակայությունը չի բավականացնում, այդ պատճառով իրար նման են լինում:
Կարդացեք նաև․
Արեն Մալաքյան․ «Ես չգիտեմ որտեղ են նրանք, բայց նրանք միշտ ինձ հետ են: Գուցե նրանք լոգարանում են»
Վահագն Հայրապետյան. «Եթե հասկանայինք ինչ է սերը, էլ հրաշք չէր լինի»
Հայկ Մելիքյան. «Ասեկոսեները խիստ մարդկային ու կործանարար են»
սիրո աշխարհի գույները
Սերը հանգստություն է: Եթե սիրում ես, ակնկալում ես, որ պետք է քեզ էլ սիրեն: Եթե սիրում ես, ապա հաճելի է նրա հետ լինելը: Իմ ստեղծած ընտանիքի սիրո գույները տարբեր են՝ ծիածանի նման՝ կանաչ, կարմիր, կապույտ, դեղին և այսպես շարունակ: Իմ հայրական տունը դեղին, կանաչ և սպիտակ գույներով է: Եթե դասավորեի հարթակները, ապա ըստ տարիքի կդասավորեի. յուրաքանչյուր տարիքում պատկերացումները, ցանկությունները այլ են: Ընկերների հարթակը միշտ պտտվում է քո շուրջ, իրենց ներկելիս հուսալիության գույն եմ պատկերացնում, գուցե կապույտ:
Ընկերների հարթակը միշտ պտտվում է քո շուրջ, իրենց ներկելիս հուսալիության գույն եմ պատկերացնում, գուցե կապույտ:
շրջապատը
Եթե քեզ շրջապատը դուր չի գալիս, փոխի՛ր: Եթե տեսակով ինքնահոսի մատնվող չես, հաստատ կփոխես: Մի կողմից շրջապատը կարող է չգիտակցելով քեզ փոխել: Ճաշակի վրա կազդի, օրինակ՝ երաժշտական: Դու նորությունները իմանում ես իրենցից, հետո սկսում ես լսել իրենց առաջարկածը: Լավի և վատի սահմանը հաճախ անտեսանելի է դառնում շրջապատում, անգամ վատ արարք անելը ընդունելի է լինում: Օրինակ` երբ 8 տարեկան էի, մեր բակում մի շենք կար՝ ներքևում չգործող ռեստորան: Երեխաներով անցք էինք գտել, որտեղից մտնում էինք խոհանոց և ափսեներ գողանում: Այդ շրջապատում սովորական էր, ոչ ոք չէր ասում՝ ի՜նչ ես անում: Բայց եթե հիմա իմ երեխաները անեին, ես կբարկանամ: «Ուրիշ» շրջապատում քեզ ոչ ոք չի ասում, որ վատ է: Երբ բոլորը անում են, դու չես էլ մտածում, և դառնում է սովորական: