Գրող Մագդա Թախտաճյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag-ի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը: Այցի նպատակը նրա «Ռոջավա» գրքի հայերեն հրատարակությունն է: Մագդա Թախտաճյանին և Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան:
Պատերազմ ու պայքար, տառապանք ու մշտական փնտրտուք` Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին է ներկայացնում արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը: Գրքում պատկերված է Մերձավոր Արևելքի հակամարտությունը, որտեղ գրողը միաձուլում է հուզական պատումն ու լրագրողական սրատեսությունը: Եվ ստեղծում է պատերազմից ավերված տարածքում ձեռք բերված ինքնության ու սիրո մասին պատմություն: Այդ առթիվ Հայաստանում է գրքի հեղինակը. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ ու ներկայացնում եմ իմ գիրքը: Իմ տատիկի պատմությունն է, որը նաև այն մասին է, թե ինչ եղավ մի ամբողջ ժողովրդի հետ: Շնորհակալ եմ Newmag-ին, որ թարգմանեց գիրքս ու այդպիսով օգնեց, որ իմ արգենտինական ու հայկական հոգիները միավորվեն»:
Մագդա Թախտաճյանը Լատինական Ամեիկայի ամենահայտնի հայ գրողներից է: Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան ընդգծում է ՝ այս գրքի թարգմանությունն ու հեղինակի այցը նոր երանգ ու նոր որակ են հաղորդում հայ- արգենտինական հարաբերություններին. «Նրա ստեղծագործություններն ու նրա ներկայությունը կարելի է ասել կամուրջ են երկու ժողովուրդների միջև: Քիչ է պատահում, որ Արգենտինայում ապրող ու ստեղծագործող հեղինակը գա Հայաստան. սա շատ է ոգևորել նաև հայ համայնքին»:
Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Newmag-ի ձմեռային փառատոնի ժամանակ: Հեղինակը առաջիկա երկու շաբաթը կմասնակցի հրատարակչության նախաձեռնած գրքարշավին, հանդիպումներ կունենա ընթերցողների հետ, կայցելի սահմանամերձ գյուղեր:
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- Newmag Winter Fest 2023-ին տեղի կունենա Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի շնորհանդեսը՝ գրողի մասնակցությամբ (թրեյլերը)