Տեղի ունեցավ Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
01/14/2025
Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց հայ ժամանակակից բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյանի բանաստեղծությունների ժողովածուն։
Newmag-ը «Հազարամյակների և օրերի միջով» գիրքը հրատարակել է բանաստեղծ Արմեն Դավթյանի ընկերների՝ Արտակ Ապիտոնյանի, Տիգրան Պասկևիչյանի ու Վահագն Աթաբեկյանի առաջարկով։
Արմեն Դավթյանի համակուրսեցի, լրագրող Աննա Իսրայելյանը պատմեց, որ իրենց ընկերոջ գրքերը կոշտ կազմով չէին, վաղուց չէին վերահրատարակվել, օրինակներ գրեթե չէին մնացել։ Նախկին արտգործնախարար Արտակ Ապիտոնյանն առաջարկեց վերահրատարակել դրանք։ Գրքի հրատարակության ամբողջ ընթացքն Արմեն Դավթյանից պահել են գաղտնի.
«Արմեն Դավթյանը երկար ժամանակ է, որպես գիտնական է հանդես գալիս, թարգմանություններ է անում շումերերենից։ Բայց մեր երիտասարդության տարիներին նա շատ֊շատ լուրջ հայտ ներկայացրեց իր գրքերով։ Մեր դասախոսներից մեկը՝ Ռաֆայել Իշխանյանը, Արմենին ասում էր՝ բարդ ես գրում, գրիր այսպես. «Մի եղիր ուրագի պես, միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ»։ Այս պատմությունը հիշեցի, քանի որ Արմենի ստեղծագործությունները տարբերվում են իրենց խորությամբ»։
Բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը պատմեց, թե ինչպես է Խորեն Աբրահամյանը ծանոթացել Արմեն Դավթյանի հետ ու ընթերցել նրա բանաստեղծությունները.
«Խորեն Աբրահամյանը նախ ծանոթացել էր գրքին, հետո նույնիսկ հրաժարվել էր հոնորար վերցնել։ Վերջում նույնիսկ գիրքը չէր վերադարձրել, քանի որ շատ էր հավանել։ Երբ խոսում ենք Արմեն Դավթյանի մասին, պետք է խոսենք այն մթնոլորտից, որտեղ ապրում էինք։ Ես էլ էի գրականությամբ տարված։
Առաջին անգամ նրան կարդացի «Գրական թերթում»։ Էպիկական տողեր էին, կողքն էլ գրված էր՝ շատ խոստումնալից երիտասարդ է։ Ընդունելության քննությունների ժամանակ արդեն ծանոթացա Արմենի հետ։ Մենք բոլորս գրում ենք հենց մեր մասին։ Մենք չէինք հարմարվում համակարգին, սիրում էինք հայրենիքը։ Այս ամեն ինչը Արմեն Դավթյանի, մեր բոլորի ստեղծագործություններում միշտ առկա է։ Արմենի պոեզիայում հատկապես հայոց լեզվի հզոր լիցքերը նկատելի են»։
Բանաստեղծ Արմեն Դավթյանն անկեղծացավ, որ իր վաթսունամյակին նվիրված «Հազարամյակների և օրերի միջով» գրքի լույսընծայումն իրոք անակնկալ էր։ Իր մտքով երբեք չի անցել, որ 30 տարի առաջ գրած բանաստեղծություններն այսօր էլ պետք է հրատարակել, բայց ընկերները որոշեցին դա անել. «Բանաստեղծների, գրչեղբայրների ընկերությունը զարմանալի բան է։ Իմ արյունը, կարծես, անցնում է նաև նրանց՝ Տիգրան Պասկևիչյանի, Վահագն Աթաբեկյանի երակներով։ Մենք հնչեցնում էինք մեր լեզուն, մեր հայոց լեզուն։ Ամեն սերունդ ունի իր ասելիքի նորովի լեզուն, ձևակերպումները։ Մենք ապրում էինդ դրանով»։
Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» գրքում ընդգրկվել են բանաստեղծի «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում» ժողովածուները. «Ես շատ քիչ եմ գրել։ Ընկերներս միշտ բարկանում են, որ պոեզիան թողել եմ ու գիտությամբ եմ զբաղվում։ Բայց մարդն ամեն տարիքում մի բանով է տարվում։ Տարիք կա, երբ ավելի շատ հետաքրքրում է գեղարվեստական ճշմարտությունը, տարիք կա՝ գիտականն է հետաքրքրում։
Չստեղծագործելն իմ դեպքում այնքան էլ ճիշտ չէ։ Հիմա Արրատային նվիրված շումերական պոեմներն եմ վերծանում ու թարգմանում։ Դա գիտական աշխատանք է, բայց նաև գեղարվեստական աշխատանք է։ Այդ իմաստով ես ոգևորված եմ աշխատում։ Հույս ունեմ շուտով բոլոր այդ չորս պոեմները կհրատարակվեն։ Հայկականի ու շումերականի համադրությունը նոր որակ է բերում, օգնում է նաև այլ թարգմանությունների համար»։
Արմեն Դավթյանը պատմեց նաև, որ ինքն արտասանելով քայլում է ու այդպես է գրում իր ստեղծագործությունները։ Դա հայերեն կոչվում է ոգել, երբ շնչելու պես արտաշնչում ես ամեն մի տողը։ Չի բացառում, որ մի օր նորից սկսի բանաստեղծություններ գրել։
Կարդացեք նաև
Արմեն Դավթյան
4800 ֏
Նկարագրություն
Արմեն Դավթյանը ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից է։ Առաջին քայլերն անելով 1980-ականների սկզբին՝ դարձել է համարձակ ու ինքնատիպ հեղինակ և գրական միջավայրում ճաշակ է թելադրել՝ ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։ Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։ Գիրքը տպագրության է պատրաստվել հեղինակի 60-ամյակի առիթով։