BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արմինե Անտիկյան. Մարդիկ այսօր ավելի մարդատյաց են

Արմինե Անտիկյան. Մարդիկ այսօր ավելի մարդատյաց են

մի անգամ ստել եմ
Չեմ սիրում ստել, բայց լինում են իրավիճակներ, պահեր, որ չստել հնարավոր չէ: Ամենատպավորիչ սուտն աշխատանքի բերումով էր: Լրագրողական հետաքննություն էի անցկացնում աղանդների մասին, ու օպերատորի հետ պետք է գնայինք ու ներկայանայինք իբրև յուրային: Բայց իմ զարդերը մատնեցին մեր սուտը: Հաշվի չէի առել այդ մանրուքը: Հանկարծ այդ աղանդավորական խմբավորման անդամը սկսեց բղավել, թե աղանդավոր է հայտնվել: Ապարդյուն էին իմ ջանքերը` նրանց համոզելու, որ ուզում եմ անդամագրվել: Ինձ համար դա այն սուտն էր, որը մասնագիտական առումով արդարացված էր: Բնականաբար, ռեպորտաժը շատ հետաքրքիր ստացվեց, հետևաբար չէի զղջում այդ փոքրիկ արկածի համար։
ինչ կասեն մարդիկ
Աշխատում եմ ապրել շիտակ ու ազնիվ: Ու չեմ մտածում, թե ինչ կմտածեն կամ կասեն մարդիկ։ Ես ապրում եմ իմ սկզբունքներին, համոզմունքներին, ներքին օրենքներին անդավաճան:
քաղաքային կուլտուրա
Ներքուստ կրթված մարդն է ինձ համար քաղաքային կուլտուրան կրողը։ Քաղաքային կուլտուրան ինձ համար արվեստ սիրելն է, քաղաքն ամբողջ ուժով սիրելն է: Իսկ այսօր նման մարդիկ շատ քիչ են: Եթե հանկարծ շրջապատում թեկուզ պատահաբար հանդիպում եմ այդ կերպարին, փորձում եմ նրան փայփայել, որպեսզի չկորցնեմ: Այսօր քաղաքային կուլտուրան մեզանում պակասում է: Քաղաքային կուլտուրան իր մեջ կրողը պատասխանատվություն է կրում իր քաղաքի այսօրվա ու վաղվա օրվա համար։ Քաղաքային կուլտուրան կրողը իր երկրի արժանի զավակն է։ Կուզեի, որ այդպիսի մարդիկ շատ լինեին։
այս դարից չեմ
Շատ բաներ կան, որոնց պատճառով չեմ հարմարվում այս դարի հետ` սկսած բարքերից: Մարդիկ այսօր ավելի մարդատյաց են, ագրեսիվ, մեկը մյուսի հանդեպ անտարբեր: Ես կուզեի ապրել այն ժամանակաշրջանում (եթե, իհարկե, կա այդպիսին), երբ հարգի է ճշմարիտ խոսքը, իշխում են ազնիվ հարաբերություններն ու իսկական արժեքները, երբ մարդը հարգում և սիրում է դիմացինին։
մենք մեր կայացրած որոշումների գերին ենք
Կյանքում լինում են որոշումներ կամ, ավելի շուտ, նպատակներ, որոնց գերին ենք դառնում։ Իսկապես, եղել են դեպքեր, որ ես դարձել եմ իմ առաջ դրված խնդրի գերին: Գուցե հավակնոտ թվա, բայց մտածում էի, որ ի զորու եմ մի քանի համախոհների հետ նոր մշակութային քաղաքականություն սկզբնավորել։ Համաշխարհային մշակութային գանձարանում ունենք մեր ուրույն տեղը, մնում է միայն, որ նոր մշակութային քաղաքականության միջոցով իսկական արժեքներն ամրապնդենք մեզանում, ապա և մեր արվեստասեր ու մշակութաստեղծ դիմագծով գրավիչ լինենք զբոսաշրջիկին։ Ասվածն ամենևին էլ ուտոպիա չէ. ես իմ փոքրիկ տարածքում այն սկսել եմ։



ՄՈՆՈԼԳՆԵՐ



ինձ սփոփում է
Եկող սերունդը: Մենք հիանալի երեխաներ ունենք: Ես դա տեսնում եմ իմ երեխաների, նրանց հասակակիցների մեջ ու վստահ եմ, որ նրանք լավ ապագա կունենան, որովհետև ճիշտ արժեքներով են ապրում, ավելի ազատ են, բարդույթներից զերծ, գիտեն` ինչ են ուզում, և գտնում են նպատակին հասնելու ուղիներ։
չեմ վիրավորվում
Կարծում եմ` ուժեղ  մարդ եմ, երբ հաջողում եմ լռել ժամանակին: Չափազանց համբերատար եմ, բայց շատ հազվադեպ լինում են պահեր, որ վիրավորվում եմ, նեղանում ու արտասվում: Իհարկե, ծայրահեղ դեպքերում: Իսկ դա այն ժամանակ է, երբ տեսնում եմ անսկզբունքայնություն, սուտ, դավաճանություն ցանկացած հարաբերություններում: Արտասվում եմ, երբ էլ հնար չկա իրավիճակը փոխելու։
առավոտյան սուրճ
Առանց սուրճի՝ առավոտս չեմ սկսում ու նույնիսկ չեմ էլ պատկերացնում: Շատ-շատ եմ խմում: Երբեմն մտածում եմ, որ առանց սուրճի չեմ կարող անգամ ստեղծագործել: Առավոտյան սուրճն ինձ  համար այն կարևոր պաուզան է, երբ մենակ եմ ինքս ինձ հետ ու այդ մի գավաթ սուրճի հետ ուրվագծում եմ անելիքներս։

Տարածել

Newmag © 2011-2024

Կայքը` Future Systems
×