Բաբաջանյանական արվեստի սիրահարների ներկայությամբ տեղի ունեցավ նրա մասին առաջին անգլալեզու գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
12/06/2024
«Զանգակ» գրատանը Newmag-ը ներկայացրեց Նունե Մելիքյանի «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գիրքը։ Հեղինակը Նյու Յորքից Հայաստան է ժամանել շնորհանդեսի համար։ Գրքարշավի շրջանակում Նունե Մելիքյանը նաև գիտական աշխատանքը ներկայացնում է մասնագիտական ու երաժշտական կրթական հաստատություններում։
Անգլալեզու առաջին համապարփակ ու գիտական ուսումնասիրությունում տեղ են գտել վիրտուոզ դաշնակահարի սիրո ու երաժշտության պատմությունը, որն ամբողջացել է արխիվային նյութերով, անձնական նամակներով, մասնագիտական վերլուծություններով։
Ջութակահար, մանկավարժ Նունե Մելիքյանի աշխատությունը երկար տարիների ուսումնասիրության արդյունք է։ Նա դեռ փոքրուց էր գերվել բաբաջանյանական հնչյուններով ու արդեն մասնագիտական ոլորտում հասնելով բարձունքների՝ որոշել էր կոմպոզիտորի բացառիկ ստեղծագործական ուղին ներկայացնել աշխարհին.
«Առաջին անգամ, որ լսել եմ Բաբաջանյան, 5 տարեկան էի, տատիկիս տանը քույրս էր նվագում։ Ես հիշում եմ, որ շատ սիրեցի ու ցանկանում էի իմանալ՝ ով է հեղինակը։ Երբ տեղափոխվեցի Մոնրեալ, 19 տարեկան էի, ու իմ կարոտը հարազատների ու հայրենիքի նկատմամբ ստանում էի Բաբաջանյանի գործերից։ Դրանք, կարծես, դարձել էին սպեղանի։ Առնո Բաբաջանյանն ասում էր, որ չի ցանկանում իրեն կրկնել, ու երբ նայում ենք նրա գործերին, այո՛, չկա կրկնություն ոչ մի գործում»։
Արվեստի վաստակավոր գործիչ ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը գրքի շնորհանդեսին անդրադաձավ Բաբաջանյանին ոչ որպես կոմպոզիտոր, քանի որ նա նաև եզակի էր իր մարդկային հատկանիշներով. «Շատ հասարակ մարդ էր, չէր սիրում, երբ որևէ մեկն իրեն վեր էր գնահատում մյուսներից։ Փայլուն դաշնակահար էր, երբ Դիլիջանի կոմպոզիտորների տունը բացվեց, մենք փոքր երեխաներ էինք, գնում էինք նրա պատշգամբի տակ կանգնում էինք, որ լսենք, թե ինչպես է Առնոն նվագում»։
«Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գրքի նախաբանը գրել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ Արվեստագիտության դոկտորը կարևորում է նման աշխատության հրատարակումը.
«Ուզում եմ շնորհավորել դոկտոր Մելիքյանին, որ գրի առավ առաջին անգլլալեզու գիտական աշխատանքը։ Ժամանակն էր, որ վերջապես լիներ անգլերենով նման գիրք մեր ականավոր կոմպոզիտորի մասին։ Նա այն երջանիկ ստեղծագործողներից է, որ 40 տարեկանում իր մասնին գրել են առաջին մենագրությունը, այդ տարիքում նա արդեն Հայաստանի ժողովրդական արտիստ էր, 50 տարեկանում՝ ՍՍՀՄ արտիստ»։
Գրքարշավով Հայաստանում գտնվող Նունե Մելիքյանը առաջիկա օրերին ևս գիրքը կներկայացնի երաժշտական հաստատությունների սաներին։ «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» աշխատությունը կարող եք գնել newmag.am կայքում և գրախանութներում:
Կարդացեք նաև
Նունե Մելիքյան
6800 ֏
Նկարագրություն
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին՝ Երևանում։ Նա համարվում է Խորհրդային Միության ամենաազդեցիկ երաժշտական ֆիգուրներից մեկը։ Չնայած խորհրդային երաժշտական ասպարեզում ստեղծագործելու սահմանափակումներին, Բաբաջանյանի ստեղծագործությունները խորապես ներծծված են յուրօրինակ հայկական ոգով։ Թեև Բաբաջանյանը հայտնի է Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում, նրա երաժշտությունը համեմատաբար անհայտ է մնում արևմտյան աշխարհում: Այս գիրքը նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին համապարփակ անգլալեզու ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ծանոթացնել նրա հանճարն ավելի լայն լսարանին: