Վանաձորը, մենությունն ու խաչը. Տեղի ունեցավ «Բելլա Բելլադոննա» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկար, տեսանյութ)
«Բելլա Բելլա Դոննա»՝ կենցաղում բանտարկված կնոջ վանաձորյան դրամա Newmag հրատարակչությունից: Վեպի հեղինակը Նարինե Կռոյանն է: Գիրքը պատմում է անկողնային մորը խնամող 48-ամյա Բելլայի մասին: Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերության «Բար
Նախկին գրադարանավարը չի աշխատում, նրա օրերը մեկը մյուսից գրեթե չեն տարբերվում: Բայց մի օր վանաձորյան շենքի իրենց տան դռան մոտ հայտնվում է 14-ամյա Մաշան ու ամեն ինչ փոխվում է: Հերոսուհիների մասին պատմում է գրողը. «14-ամյա երեխայի ու 48-ամյա կնոջ հարաբերություններում թվում է՝ Բելլան պետք է սովորեցնի, բայց տրանսակցիա է տեղի ունենում, ամեն մեկը մյուսին է սովորեցնում»:

Վանաձորցի ճարտարագետ-տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածուն սկսել է գրել հասուն տարիքում: Թվերն ու տառերը տնտեսագետ-գրողը համարում է սիմվոլներ, իսկ մաթեմատիկան՝ ներդաշնակություն, որը պետք է նաև գիրք գրելու համար: Առաջին ժողովածուն Նարինե Կռոյանը հրատարակել է 49 տարեկանում: Ըստ նրա, իր այս վեպը մենակ կնոջ՝ Բելլայի, ու Բելլադոննա թունավոր ծաղկի մասին է. «Հերոսուհու անունը Բելլա է, իսկ Բելլադոննան գեղեցիկ բույս է, բայց՝ թունավոր: Կա այստեղ ենթատեքստ. Բելլադոննա ծաղիկով «Ատրոպին» են պատրաստում, որը լայնացնում է աչքի բիբը: Բայց ավելի մեծ չափաբաժինները հալուցիանացիաներ են առաջացնում: Հրատարակիչները հրաշալի լուծում են գտել, կնոջ գլխի փոխարեն ծաղիկն է, երբ կյանքը թունավորում է»:

Մենությունը վեպի կարմիր թելն է, բայց գլխավոր գաղափարը՝ կարծրատիպերը կոտրելն է: Ու հասուն կնոջ փակ շղթայի վերածված կյանքը մի օր փոխելու որոշումը: Նարինե Կռոյանի վեպի իրադարձությունները տեղի են ունենում հայրենի Վանաձորում, շատ դեպքեր պտտվում են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շուրջ: Հոգևոր հայրը՝ վեպի առանցքային կերպարներից է՝ ընդգծում է գրքի խմբագիր Արթուր Անդրանիկյանը. «Կերպարային հետաքրքիր փոխակերպում կա: Ընթերցելիս աչքիս առաջ ֆիլմ էի տեսնում: Փոքրիկ աղջիկը հետաքրքրեց, որը փորձում է վերաիմաստավորել ոչ այնքան կայացած Բելլայի կյանքը: Հետաքրքիր էր երկխոսությունը: Երբ Բելլան մորը կապկպում է, էքստազային վիճակում, տեսնում է, որ կարծես այլ աշխարհում է, մայրը՝ նույնպես»:
Գրքի խմբագիրը վստահ է, եթե գրքի շապիկին փոխվի Նարինե Կռոյանի անունը, ընթերցողը չի էլ հասկանա՝ գրողն ինչ ազգություն ունի: Զգացմունքները, հույզերը հատուկ են ամեն մի կնոջ: Տղամարդիկ վեպում կան, նրանք էպիզոդիկ դերեր ունեն՝ առանց մեծ ազդեցության: Բայց Newmag հրատարակչության նոր վեպն առաջինն ընթերցել են հենց տղամարդիկ: Օրինակ՝ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, վեպի լեզուն շատ բնորոշ է գրողին՝ պարզ, հասու. «Դիպուկ, մանրամասն, ռեալիստական գործ է, ռեալիստական հայացք ենք զգում դեպքերին, դեմքերին»։
Մանրամասն, ռեալիստական, մանրակրկիտ ու շատ համամարդկային: Գրքի վերիֆիկանտ Տաթևիկ Բաղդասարյանը նկատում է՝ ուշադիր ընթերցողը միանգամից ռեալիստական բառի կողքին կավելացնի մոգական բառը. «Զուգահեռները պիտի կարողանաս նկատել: Վերնագրից սկսենք: Ինչո՞ւ Բելլադոննա: Բելադոննան թունավոր ու բուժիչ հատկություններ ունեցող գիրք է: Խիստ նվիրված է, բայց հակառակ կողմն էլ ունի: Բելադդոննա ասում են նաև սիրուն կնոջը: Սիմվոլիզմ կա, աչքերը բացելու, հայացքը փոխելու մասին»:
Մենք այնտեղ ենք, որտեղ մեր երազներն են՝ Նարինե Կռոյանի վեպի տողերից է: Հեղինակն իր վեպով ուզում է ցույց տալ բոլոր միայնակ կանանց՝ կարծրատիպերը կոտրելու, անշեղ, մաշեցնող առօրյայի թելը կտրելու ու նոր կյանք սկսելու իր հերուսուհու տարբերակը: Newmag հրատարակչության նոր գիրքը՝ Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննան», կարող եք գնել բոլոր գրախանութներում։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը