Ինչպես ապրել, քանի սիրտդ բաբախում է. 10-ը միտք Շառլ Ազնավուրի նոր գրքից
Գիրք-պատմություն մի մարդու մասին, ով ապրեց 9 տասնամյակից էլ ավելի ու դեռ պատրաստ էր տոնել մեկ դարը, որը շրջագայեց, աշխատեց, գրեց, երգեց, ծանոթացավ ու շփվեց հայտնի դեմքերի հետ և երբեք չհրաժարվեց կյանքը զգալու, վայելելու բերկրանքից: Շառլ Ազնավուրի գրքերը հա
Ի՞նչ ապագա կարող է ունենալ 89 տարեկան մարդը, եթե այդ ապագան այդքան մոտ է և այդքան անորոշ՝ այս հարցը Ազնավուրը տալիս է հենց գրքի սկզբում ու ամբողջ ընթացքում փորձում գտնել պատասխաններ, արդարացումներ իր ապրած ու չապրած հույզերի, հաղթանակների համար:
1. Եթե ճիշտ է, որ գոյություն ունի մի անդրաշխարհ՝ դրախտ, դժոխք, ուրեմն որտե՞ղ փնտրենք դրանք: Գուցե դրախտը երկրի վրա՞ է: Իսկ դժո՞խքը. կարո՞ղ է դա մի վայր է, որտեղ տեղափոխվում ենք մեր այս կյանքն ապրելուց հետո: Թե՞ ճիշտ հակառակն է: Տեսնես ինչի՞ հետ կարելի է համեմատել իմ մահվան ժամանակը:
2. Ոչ, ես կիսատ չեմ թողնի իմ երկրային առաքելությունը, իսկ եթե հնարավոր լինի, երկնայինը՝ նույնպես: Չէ՞ որ «անհնար» բառը ֆրանսիացուն չի սազում: Եվ դա անպայման վերաբերում է նաև ինձ:
3. Այդ թոշակ ասվածն այնքան էլ հաճելի բան չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, առավել ևս՝ թոշակի անցնելը: Ըստ իս, լավագույն տարբերակն այդ ապրելակերպը կառուցելն է, այդ հնարավորությունից օգտվել կարողանալը մեզ համար մի նոր կյանք բացահայտելու համար:
Տվեք ինձ շատ հայելիներ, որ կարողանամ ինձ լավ ճանաչել, և տվեք ինձ երազանքներ, շա՜տ-շա՜տ հույսեր, որ գիշերն այս կարողանամ ես լուսացնել
4. Երբ սկսեցի ավելի հաճախակի նայել երկնքին և թափառել աստղազարդ գիշերների մեջ, ահա այդ ժամանակ էլ մեջս ցանկություն առաջացավ մի այնպիսի բան ճարել, որի օգնությամբ կկարողանամ թափանցել մթամած և աստղազարդ հորիզոնների խորքերը...Ես պատրաստվում եմ համապատասխան գործիքներ հայթայթել և նրանց օգնությամբ թռչել-գնալ ժամանակների սահմաններից այնկողմ, ցանկանում եմ որոշ գրքեր կարդալ և փորձել վերծանել նոր տիեզերքներ՝ վստահ, որ այնտեղ կարող եմ հայտնաբերել մի անծանոթ աշխարհ, ունենալ մի նոր հնարավորություն երազելու, զմայլվելու:
5. Ես իմ կյանքն ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ, բայց ապրել եմ լիարժեք: Ես տեսել եմ ամեն ինչ՝ սեր, դավաճանություն, հաջողությանը նախորդած ձախողումներ, համաշխարհային փառք, ապրել եմ թե՛ աղքատության, թե՛ ճոխության մեջ. սրանից ավելի ի՞նչ կարող եմ պահանջել կյանքից:
Կարդացեք նաև
- «Քանի սիրտս բաբախում է». Newmag-ը լույս է ընծայել Շառլ Ազնավուրի 4-րդ գիրքը (թրեյլեր)
- Թվում է` ամեն ինչ գիտենք, բայց Ազնավուրը չի դադարում զարմացնել. Խմբագիրը «Քանի սիրտս բաբախում է» գրքի մասին
6. Կյանքիս ռիթմն այլևս այն չէ, մի տեսակ դանդաղել է կարծես, բայց դրանից չեմ նեղվում: Եթե դու այլևս նախկին ուժը չունես, ուրեմն պետք է յոլա գնաս քո ունեցածով:
7. Ու գալիս է մի օր, երբ մազերը սկսում են ճերմակել, հետո նոսրանալ, մեջքը կուզիկանում է, քայլվածքը դառնում է անվստահ, վերջին հնարավորության զույգի հոգիներում բույն է դնում միայնության զգացումը, և մենք սկսում ենք անհանգստանալ մեր առողջության, մեր վաղվա օրվա համար, մեր մտքերի մեջ սողոսկում է մի անանուն տագնապ. խորհրդավորության մշուշով պատված հարցերի հարցը՝ Աստված կա՞ թե՞ չկա, մեր առջև հառնում է ավելի հստակորեն, և դառնության, բայց նաև քնքշանքի զգացումով տեսնում ենք, թե ինչպես են մեր դիմաց շարքով անցնում մեր ապրած օրերի սև ու սպիտակ, իսկ հետո նաև գունավոր պատկերները:
8.Ես արդեն հասել եմ սահմանային տարիքին, և այս պահից սկսած պետք է հաշվեմ, թե ապրելու համար ինձ քանի ամիս, օր, ժամ են մնացել, որոնք գուցե վերջինն են լինելու: Սա այն տարիքն է, երբ մարդ պիտի կարողանա լիարժեք ապրել նույնիսկ ամեն մի վայրկյանը: Դժվար է պատկերացնել, որ այս կյանքը քեզ տվել են ու հիմա հետ են վերցնելու: Ես իմ տվածը երբեք հետ չեմ վերցնում:
9. Ինձ ավելի շատ ցավ է պատճառում և վշտացնում է ոչ այնքան անցյալը, որքան այն, որ ամեն ինչ փոխվում է... Ի՜նչ լավ կլիներ, եթե այն ամենը, ինչ տեսել ու ճանաչել ենք, մնար նույն տեղում, նույնը մնային մարդիկ՝ նույն տարիքի և նույն դեմքերով:
10. Դեմ չեմ, երիտասարդությունը, իհարկե, պետք է կարողանա պարտադրել իր անհատականությունը, բայց պիտի ճանաչի նաև իր սահմանները և չանցնի դեղին գծերը: Ու թեպետ հաստատ համոզված եմ, որ միշտ պետք է հավատարիմ մնանք կյանքի հանդեպ մանկության տարիների մեր պատկերացումներին և չհրաժարվենք այն բառերից, որ գործածել ենք այդ տարիքում, սակայն, միևնույն է, մենք փոխվում ենք անցնող տարիների հետ, և դա անխուսափելի է:
Տվեք ինձ շատ հայելիներ, որ կարողանամ ինձ լավ ճանաչել, և տվեք ինձ երազանքներ, շա՜տ-շա՜տ հույսեր, որ գիշերն այս կարողանամ ես լուսացնել՝ սա կարծես Շառլ Ազնավուրի ամբողջ կյանքն է մի երկտողով, որը թևավոր խոսքի պես իր երգերից, բանաստեղծություններից ու գրքերից տարածվում է երկրեերկր, սերնդեսերունդ:
Շառլ Ազնավուր
5800 ֏
Նկարագրություն
Գիտե՞ք, որ Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Դարեն Հարդի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
Ինչպես Հայաստանը դարձավ Գոնկուրի ազգային ժյուրիի երկիր, իսկ Newmag-ը՝ ազգային օպերատոր