Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Դեյվիդ Ա. Բիքեթ. Հայաստանում եմ` հանուն երեխաներիս

Դեյվիդ Ա. Բիքեթ. Հայաստանում եմ` հանուն երեխաներիս ապագայի

Coffee-break-ի ամենաթեժ ժամին քաղաքի ամենաէկոլոգիական սուրճն առաջարկող վայրում ենք: Սուրճի take-away մշակույթը հենց Դեյվիդն է Երևանում զարգացնում. Green bean-ում էկո սուրճ ու հրուշակեղեն են համտեսում հաճախորդները, հիմնականում քաղաքի օտարազգի հյուրերը: Ես սպասում եմ, որ Դեյվը ավարտի զրույցը նրանց հետ:
Բարետես, բանիմաց, բարեհամբույր. արդեն 5 տարի Դեյվիդին հենց այսպես են ճանաչում երևանցիները: Զարմանալի է` ինչպես է եղել, որ ամերկացի նախիկն զինվորականը հիմա Հայաստանում բիզնեսի նորարար գաղափաների հեղինակ է դարձել: Կնոջ պատճառով ու հանուն նրա:
Իրինայի ու Դեյվի հարաբերությունները սկսվեցին Մալթայում. տղան այնտեղ ծառայում էր, աղջիկը` սովորում: Օրինականացրին իրենց կապը ԱՄՆ-ում, որտեղ էլ ծնվեց առաջնեկը: Մի քանի տարի անց կայացրին կյանքի կարևոր որոշումներից մեկը` մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
Բարի գալուստ, Հայաստան
Մի քանի պատճառ կայր: Ես ԱՄՆ-ում սեփական բիզնես ունեի: 2010-ին կինս սկսեց ասպիրանտուրայի կուրսը Քեմբրիջում: Եկավ Հայաստան` իր գիտական հետազոտությունն անցկացնելու: Այդպես` ես էլ եղա այստեղ: Հետո որոշեցինք միասին տեղափոխվել: Հիմնեցինք մեր սեփական բիզնեսը: Այստեղ ծնվեց մեր երկրորդ երեխան: Աղջիկս 7 ամսական է, տղաս` 7 տարեկան:

Մի´ խոսեք, գործե´ք


Տեղափոխությունը միշտ էլ ռիսկային է: Կապ չունի Հայաստան կլինի, թե ԱՄՆ: Եվ սեփական գործը սկսելն էլ դժվար է ամեն տեղ: Հայաստանն, այո, ռիսկային վայր է ներդրում անելու համար, բայց չեմ կարծում, թե անհնար է ու այդքան վախենալու: Կարևորը մարտահրավերներին պատրաստ լինելն է: Իսկ դրանք կան բոլոր երկներում: Ես հիմա Հայաստանում ամենաաղմկոտ գործարարներից եմ համարվում: Եթե որևէ գործնական հանդիպման ժամանակ որևէ պաշտոնյայի հետ ինչ-որ բան այնպես չի ընթանում կամ խոստումներն ու օրենքները մնում եմ թղթի վրա, ես այդ մասին բարձրաձայն ասում եմ: Ես խոսում եմ իմ խնդիրների մասին` միաժամանկ հավատալով, որ դրանով նպաստում եմ փոփոխություններին ու առաջընթացին: Եթե այս երկիրն իմ տունն է, ապա պետք է հոգ տանեմ դրա մասին: Երբ իմ տանը մի սխալ բան եմ տեսնում, փորձում եմ ուղղել, կարգավորել: Դժվարությունների մասին պետք չէ բարձրագոչ բառեր ասել, այլ պետք է միջոցներ ձեռնարկել` դանք հաղթահարելու, հարթելու համար: Երիտասարդ դեմոկրատիա, 25 տարվա անկախություն, իշխանական կառավարման խնդիրներ. այդ ամենը բնորոշ են բոլոր զարգացող երկներին: Նորմալ է դժգոհելը, բայց նորմալ չէ խնդիրները չլուծելը, կամ գոնե չփորձելը: Ես հաճախեմ եմ կառավարության համար ելույթներ ունենում, խոսում կոռուպցիայի մասին, միևնույն ժամանակ լուծման ուղիներ առաջարկում: Սա է ուղին, և երկիրը կհաջողի, եթե ամեն ոք ոչ միայն խոսի, այլ նաև գործի:


[ Եկա, տեսա, հավնեցա]





Իմ երեխաների Հայաստանը


Տղաս հայկական դպրոցում է սովորում: Սիրում է: Հայերենը մեր տան առաջին լեզուն է, անգլերենը` երկրորդը: Տղաս բասկետբոլի է հաճախում, շախմատի, պարի: Ես չէի կարող Հայաստանից ապահով վայր գտնել երեխաներիս համար: Այդ ամենը անհնար է անել ԱՄՆ-ում: Այնտեղ մենք այնքան զբաղված ենք, օրվա մեծ մասն  անցկացնում ենք մեքենա վարելով, ինչ-որ տեղ գնալով: Չես կարող երեխաներիդ ժամանակ տրամադրել: Բացի այդ` այստեղ չեմ անհանգստանում անվտանգության համար: Եթե իմ երեխային մի օր չհասցնեմ ժամանակին դպրոցից վերցնել, ոչինչ չի պատահի, նրան բոլորը գիտեն դպրոցում: Կարող է անգամ ինքնուրույն դպրոցից տուն գալ: Իսկ ԱՄՆ-ում պատկերացնո՞ւմ եք դա: Հայաստանի վատ կողմե՞րը: Աղքատության բարձր ցուցանիշն է: Կոռուպցիան շատ է: Մենաշնորհը ճնշում է: Սոցիալական անարդարությունը մեծ է: Բայց այս ամենով հանդերձ, երբ ինձ ասում են` «Դեյվ, ի՞նչն է քեզ պահում Հայաստանում», ես պատասխանում եմ` իմ երեխաները: Նրանք այստեղ մեծանում են ապահով պայմաններում, ընտանեկան թանկ արժեքներով ու  լավ մարդկանցով շրջապատված:
 

Մի´ հանձնվիր


Հայաստանը կարծես baby մակարդակում է: Մենք բոլորս պետք է օգնենք նրան մեծանալ, ու մեզնից է կախված, թե ինչպիսի երկիր այն կդառնա: Սոցիալական պատասխանատվություն պետք է ունենա յուրաքանչյուրը: Շատերը գալիս են, փորձում են բիզնես սկսել, ձախողում են ու հեռանում` բողոքելով: Բայց այդպես սխալ է: Պետք է աշխատել, աշխատել, չհանձնվել: Կինս քաղաքացիական ակտիվիստ է, ես բիզնես եմ զարգացնում: Մենք հավատում ենք ապագային:
Խաշ
Հայաստանում ամեն մեկը համոզված է, որ միայն իր պատրաստած կամ էլ իր իմացած վայրում է ամենահամեղ խաշը: Ես փորձել եմ մի քանի անգամ: Ոչ մի անգամ էլ չեմ հավանել:  Խաշ չեմ սիրում: Գիտեմ` հանդգնություն է հայերի մոտ սա ասելը: Բայց ի՜նչ կարող եմ անել: Առաջին անգամ խաշը փորձեցի 2012-ի դեկտեմբերին: Նոր տարվա նախօրեին ընկերս ասեց` գնում ենք խաշի: Ես ոգևորվեցի, առավոտ շուտ արթնացա, նախապես գիտեի արարողակարգը: Հետաքրքիր էր: Եվ ահա ինձ մատուցում են լպրծուն, մածուցիկ ինչ-որ բան, սխտորի հոտից կարելի էր ուշագնաց լինել: Չուտել չի կարելի ու ամեն գդալի հետ մի բաժակ օղին պարտադիր է: Հաջորդ օրը` հունվարի մեկին ես քնած էի արջի պես: Արթնացա, Նոր տարուց անցել էր մեկ օր, կինս էլ հետս չէր խոսում, սխտորի հոտը մեկ շաբաթ չէր անցնում: Մեր առաջին հայկական Ամանորը ես փչացրել էի հայկական առաջին խաշի պատճառով: Այդպես էլ չսիրեցի այդ ուտեստը:

Երևանը


Մեգապոլիսներում ապրելուց հետո Երևանն ինձ համար փոքր գյուղ է: Ու ես սիրում եմ նրա հարմարավետությունը: Ամեն ինչ մոտ է. աշխատանքի եմ գալիս մետրոյով: Պետք է գնումների գնալ` քայլում եմ: Մեքենա գրեթե չեմ վարում: Ես չեմ կարող Երևանը որևէ մի այլ քաղաքի հետ համեմատել: Չեմ կարող Երևանի չափ մեկ այլ քաղաք սիրել: Սա Երևանն է` աննման ու անհասկանալի:

Մի´ սովորեցրու, օրինակ ծառայիր


Ես չեմ սիրում որևէ բան սովորեցել; Առահասարակ չեմ ընդունում, որ օտարները գալիս են ու ցուցումներ տալիս, փնփնթում ու փորձում ինչ-որ բան փոխել: Ես փորձում եմ օրինակ ծառայել: Օրինակ եմ ծառայում որպես քաղաքացի, որպես երևանցի, որպես գործարար, որպես հայր, որպես ամուսին: Հուսով եմ`իսկապես օրինակելի եմ: Շատ կուզեի, որ հայ տղամարդիկ օրինակ վերցնեին` ինչպես կարելի է կնոջը գնահատել որպես ընկեր, հաշվի առնել նրա կարծիքը, հարգել ու լսել նրան:

Լուսանկարները` Աղվան Ասոյանի

Տարածել