Զոֆիա Բալդիգա. Հայաստան` իմ սիրո երկիր

Զոֆիա Բալդիգա. Հայաստան` իմ սիրո երկիր

newmag-ը զրուցել է լեհ թարգմանչուհու հետ, որին բլոգերային հետաքրքրասիրությունը հասցրել է Հայաստան ու պահել այստեղ: Ի՞նչն է երիտասարդ գեղեցկուհուն գրավել այն երկրում, որտեղ ապրող մարդկանց մի մասը մեծ սիրով կհաստատվեր Լեհաստանում:

Մինչև Հայաստան տեղափոխվելը նա սովորական աղջիկ էր, ապրում էր Վարշավայում և աշխատում ՀԿ-ում: Աջակցում էր ներգաղթայլներին: Վարշավայում բնակվող նրա ընտանիքը Հայաստանի ու հայերի հետ երբևէ առնչություն չի ունեցել: Բայց, երբ Զոֆիան հայտնեց մեր երկիր տեղափոխվելու որոշումը, ընտանիքի անդամները տիպիկ եվրոպացու ըմբռնումով վստահեցին աղջկան. նա թերևս ավելի լավ գիտեր` մոլորակի ո՞ր կետում է հարմար ապրել:

Զոֆիան իր բնորոշմամբ «աշխարհագրորեն անկայուն» լինգվիստ է: Աշխատում է առցանց և կարող է գործն անել ամեն տեղից: Արդեն 3 տարի է նրա աշխատելու և ապրելու վայրը Հայաստանն է: Թարգմանում է չեխերեն, լեհերեն,  սլովակերեն  տեքստեր` տեխնիկականից մինչև իրավական բնույթի: Բայց  իրական կիրքը գրականությունն է: Ժամանակակից չեխ և սլովակ պոեզիա է թարգմանում լեհերեն: Սկսել է նաև հայկական պոետներին ուսումնասիրել: Ասում է` հայերենը հենց մի քիչ էլ կատարելագործի, լեհերը կարող են ծանոթանալ նաև հայկական գրականությանը:

Բառերից ու լեզուներից բացի, Զոֆիան սիրում է լուսանկարել և ճանապարհորդել: The Picktures  ճամփորդական բլոգ է վարում Հայաստանի մասին: Աշխատանքից ու հետաքրքրություններից բացի, Զոֆիան գտել է ամենակարևորը` կյանքի ընկերոջը:

Մի այցի հրապույր

– Հայաստան եկա 2012-ին` Հայ կամավորների միության ծրագրով: Դեռ 2011-ին էի որոշել, երբ Նիդեռլանդներում մեկ ամիս կամավոր էի աշխատում փախստականներին կացարան տրամադրող կենտրոնում: Այնտեղ հանդիպեցի ու ընկերացա Գյումրիից եկած մի ընտանիքի հետ: Նրանցից շատ էի լսել պատմություններ այս երկրի ու մշակույթի մասին: Հետաքրքիր էր, ինչպես են նրանք փայփայում իրենց հիշողությունները հայրենիքի մասին, միևնույն ժամանակ բնավ չեն ուզում վերադառնալ Գյումրի: Հիմա նրանք Դյուսելդորֆում են ապրում, ես` Երևանում: Չգիտեմ` եթե նրանց չհանդիպեի, երբևէ կտեղափոխվե՞ի Հայաստան: Գտա Հայ կամավորների միության ծրագիրը google-ում, ու մի ցուրտ, պրահայան ձմեռային երեկո դիմեցի` մինչև վերջ չգիտակցելով` ինչ եմ անում:  Հետո հայտնվեցի Երևանում: International Center for Human Development-ում կամավորական սկզբունքով օգնում էի աշխատավորական միգրանտների ծրագրին: Հայ կամավորների միության սփյուռքահայ աշխատակիցների ու աշխարհի տարբեր ծայրերից եկած կամավորների հետ ամեն շաբաթ շրջագայություն էինք կազմակերպում` բացահայտելով Հայաստանի գանձերը: Երկու շաբաթ անց հասկացա`  երկու ամիսը ամենևին բավարար ժամանակ չէ այս երկիրն իրապես բացահայտելու, հասականլու համար: Հայաստանն այնքա՜ն շատ բան ունի ցույց տալու իր այցելուներին : Ես սիրեցի այստեղի մարդկանց: Ինձ ընդունեցին հարազատի պես, և ես ինձ տանը զգացի: Չգիտեմ` որտեղի՞ց  եկավ պատկանելության այդ զգացումը: Ես մի սովորական աղջիկ էի սովորական երկրից: Ունեի աշխատանք և ապագայի ծրագրեր: Համոզված էի` Հայաստանն ուղղակի ամառային փորձառություն էր լինելու: Բայց հեռանալիս ես արտասվեցի, ուզում էի ավելի երկար մնալ: Վերադարձա հաջորդ տարի, 2013-ի հուլիսին: Կազմակերպությունը, որտեղ կամավորական աշխատանք էի տարել նախորդ անգամ, ինձ կարճաժամկետ աշխատանք առաջարկեց: Ունեի երկու ճամպրուկ` մեկը մեծ, մյուսը փոքր, առանց հետադարձի տոմս, 6-ամսվա աշխատանքի պայմանագիր, մի քանի ընկեր ու մեկ տարի մնալու նպատակ: Երեք տարի է արդեն` ես դեռ այստեղ եմ:

Գանձերի երկիրը

– Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը Եվրոպան չի բացահայտել իր համար: Այստեղ ինձ գանձ որոնող եմ զգում: Անընդհատ զարմանում եմ` որքան շատ կարող է այս փոքր հողը ցույց տալ ճանապարհորդին: Ես սիրում եմ մարդկանց ջերմությունն ու մտերմիկ վերաբերմունքը միմայնց հանդեպ: Ես հիանում եմ դինամիկ զարգացող հասարակությամբ և նրանով, թե ինչպես են իմ սերնդակիցները փորձում փոփոխություններ անել: Հայաստանը գուցե պակաս հարմարավետ է, քան Եվրոպան, բայց այն ոգեշնչման անսպառ աղբյուր է:

69-for-print-56Իմ ընկերների հայրենիքը

– Ես չեմ սիրում ընդհանրական որակումներ տալ ժողովուրդներին: Մենք նախ անհատներ ենք, ապա` քաղաքացիներ: Ահա, թե ինչին եմ հավատում: Ես չեմ ուզում գնահատվել ըստ իմ ազգային պատկանելության և չեմ սիրում անել դա մյուսների հարցում: Բայց հայերը որոշ հատկանիշներ ունեն, որոնք կարող եմ ընդգծել: Հայերը ընկերասեր են ու հյուրասեր: Համայնքային զգացումն ուժեղ է: Շատ հեշտ էր Երևանում ընկերներ ձեռք բերելը: Երբ եկա, ես գիտեի մի քանի մարդկանց միայն, բայց շուտով ընկերական շրջանակը մեծացավ: Ես շատ եմ լսել Արևմտյան Եվրոպայում ապրող ընկերներիցս, թե որքան դժվար է նոր քաղաքում նոր ծանոթություններ հաստատելը: Այնպես որ` Հայաստանին շնորհակալ եմ նաև ընկերական մեծ շրջապատի համար:

Իմպրովիզների Հայաստան

– Խնդիրներ բոլորն են ունենում ամեն տեղ: Չկա մի երկիր, որտեղ ամեն ինչ հարթ է ընթանում, անախորժություններ չեն լինում: Եվրոպայում հեշտ է, ամեն ինչ կանոնակարգված է: Հայաստանում դժվար է ինչ-որ բան ձեռնարկելը: Պետք է պատրաստ լինել իմպրովիզների, կարևոր շտկումներ մտցնել վերջին պահին, լինել ճկուն: Սա երբեմն ուժասպառ է անում ինձ, բայց ես կարոտում եմ այդ քաոսը, երբ վերադառնում եմ Եվրոպա: Փորձում եմ ընկալել «հարցերը հայկական ձևով լուծելու արվեստը»: Լինում է, որ հիասթափվում եմ, բայց բոլորն են հիասթափվում ամենուրեք:

Իմ սիրո լեզուն

– Դեռ ոչ շատ վարժ, բայց մի քիչ խոսում եմ հայերեն: Հայ ընկերներիս հետ հիմնականում անգլերեն եմ շփվում: Բայց հայերեն գիտեմ մի քիչ: Գրեթե ամեն ինչ հասկանում եմ (եթե իհարկե չեք խոսում հրթիռաշինության կամ փիլիսոփայության մասին): Նույնիսկ կարող եմ զրույց վարել հայերեն` առանց հիմար երևալու: Հայերենի դասընթացների եմ գնացել Birthright Armenia-ում, որտեղ սովորել եմ քերականությունը: Հիմա բավական գիտեմ, որ ինքնուրույն շարունակեմ հայերենի ուսումանսիրությունս: Ինչո՞ւ սկսեցի սովորել հայերեն: Որովհետև Հայաստանի պետական լեզուն հայերենն է, և ես ապրում եմ այս երկրում: Բացի այդ, իմ զուգընկերն է հայ: Իհարկե, ես ուզում եմ խոսել իմ սիրելիի լեզվով: Միայն ուզում եմ ավելի շատ ժամանակ ունենալ հայերեն կարդալու համար: Հայերենը բարդ լեզու է: Ես լեզվաբան եմ, այնպես որ ինձ համար` որքան բարդ, այդքան հետաքրքիր: Իհարկե մի քիչ դժվար էր սլավոնական լեզուներից անցում կատարել հայերենին: Լեհերենը, չեխերենը, սլավոներենը միևույն լեզվաընտանիքից են, հետևաբար նմանությունները շատ են: Հայերենը ոչ մի այլ լեզվի նման չէ: Սա մի արկածախնդրություն է, որ սկսել եմ: Երբ ավելի լավ իմանամ հայերեն, հայական պոեզիա կթարգմանեմ լեհերեն: Արդեն ըտրել եմ իմ առաջին հեղինակին: Շուտով Շուշանիկ Կուրղինյանի պոեզիան կընթերցեն նաև լեհերեն: Եվ սա սկիզբն է:


[ Եկա, տեսա, հավնեցա ]


Ամեն ինչ լավ է լինելու

– Չեմ սիրում այն օտարականներին, որոնք գալիս են մի երկիր ապրելու և սկսում են «արևմտացնել» այն: Կան այստեղ երևույթներ, որոնք ուղղելու կարիք կա: Սա փոքր երկիր է` շատ խնդիրներով: Ունի աշխարհաքաղաքական անբարենպաստ դիրք: Միայն կարող եմ ասել, որ զբոսաշրջության ոլորտում պետք է շատ ներդրումներ անել: Հենց դրա համար եմ ես շարունակում բլոգ գրել: Երբեմն արտասահմանցի ճանապարհորդները նամակ են գրում ինձ, Հայաստանի մասին հարցուփորձ անում, և դրանից սիրտս նվաղում է: Որպես այստեղ ապրող լեհ, կուզեի շատ լեհերի ու արևելյան եվրոպացիների տեսնել, որոնք կճանաչեն Հայաստանը: Իմ բլոգը` The Picktures-ը, հենց դրա համար է: Հայաստանը աշխարհին ճանաչելի եմ դարձնում իմ հնարավորությունների չափով:

Արցախ.մոլորակի կենտրոնը

– Արցախ այցելել եմ երկու անգամ` 2013-ին ու 2014-ին: Բախտ եմ ունցել տեսնել ամռանը և աշնանը: Արցախը, կարծում եմ, մեր մոլորակի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է: Արցախյան վեհ լեռների նման բնաշխարհ չկա աշխարհում: Վերջին շրջանում ես հետևում էի հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցներին: Պատերազմի օրերին ներգրավված էի The Bridge-ի կազմակերպած նախագծին. ՀԱՀ-ի ուսանողները տարբեր լեզուներով թարգմանում էին արցախյան լուրերը: Ծարգրի մասին կարդացի facebook-ում և մեկ րոպե անց հաղորդագրություն էի թարգմանում լեհերեն: Բառերը կարևոր են, ամեն դեպքում:

Ապագան` հեռու և մոտ

– Չեմ սիրում ապագան ծրագրել: Այս պահին չեմ պատրաստվում հեռանալ: Մեծ ցանկ ունեմ պոեմների, որ պետք է թարգմանեմ, ու վայրերի, որ պետք է լուսանկարեմ: Ունեմ կյանքի զուգընկեր (ամուսին բառը չեմ սիրում): Նա նվագում է VanaTor ֆոլք-խմբում: Խորհուրդ եմ տալիս` լսեք: Այնպես որ` ինձ այստեղ պահող շատ բան կա:

newmag #69 ապրիլ / մայիս

Գրել կարծիք