FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Դավիթ Հակոբյան. Քիչ է մնացել, իմ ամառն անցավ...

Դավիթ Հակոբյան. Քիչ է մնացել, իմ ամառն անցավ...

ինֆորմացիոն խցանում
Մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք, բայց ոչինչ չգիտենք, խեղճ վիճակում ենք: Մեր փոխարեն մտածում է համակարգիչը, մեկ րոպե հոսանքը անջատվում է` խառնվում ենք իրար: Ինչո՞ւ է փողոցում խցանում առաջանում: Որովհետև փողոցն ընդունակ չէ շատ մեքենա տեղավորել: Մարդու ուղեղն էլ ընդունակ չէ այդքան ինֆորմացիա վերցնել: Ինֆորմացիոն խցանում է առաջանում: Ինֆորմացիան գլխում չի եփվում: Երեկոյան, երբ հանգստանում ենք, օղի ենք խմում կամ մածուն ուտում, կարծես «ոստիկան» ենք կանչում, որ խցանումը բացի:
ուրբանացում
Ուրբանացվել ենք. մեր քաղաքակրթության հիվանդությունն է: Ինչպե՞ս կարող է՝ 3-միլիոնանոց հանրապետությունում երկրի գլուխը լինի 1,5 միլիոն: Գլուխը մարմնի կեսի չափ կլինի՞: Ոտք, ստամոքս, սիրտ էլ ինչպե՞ս կդիմանան: Այդ պատճառով հոգնած ենք: Համաչափ չէ, այդ գլխում ուղեղ էլ չի աշխատի: Դասական քանդակներում քթից ճակատ ու ծնոտ նույն չափն ունեն: Ամեն ինչ համաչափության մեջ է, ինչպես մարդը: Այսօր, չգիտեմ՝ ինչու, ամեն ինչ դեֆորմացված է:
բնության օրենքը
Աշխատում եմ բնությունից չկտրվել, տանը թութակ, ձկներ եմ պահում: Բնական ծաղիկներ ունեմ: Երբ ծաղիկս հիվանդանում է, լարվում եմ, կարծես երեխաս հիվանդացած լինի: Մարդը չափից շատ հեռացել է բնությունից: Այնքան, որ հողի ու ծառի լեզուն ենք մոռացել: Նախկինում գյուղացիները հողն այնպես էին մշակում, որ բերրի արտեր էին ունենում: Սկսել ենք հողը չսիրել:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



կեսը
Տխուր է, երբ հասկանում ես, որ քիչ է մնացել: Երբ իմ ամառն անցավ… Լավ օրերին սպասելով՝ ամառն անցավ, տեղյակ չեղա: Ե՞րբ ապրեցի. չհասկացա: Շրջվում եմ ու նայում. բաներ անցան կողքովս, չիմացա, բան էի ուզում անել, չհասցրեցի… Տխուր է: Ամենաշատը վատ ես զգում այն ժամանակ, երբ կասկած է առաջանում` գուցե իզուր կամ սխա՞լ ապրեցիր: Աստված չանի, հանգես այն մտքին, որ կյանքն անցավ իզուր: Լավ ընտանիք ունեմ, եղբայրներ, թոռներ, բայց ճի՞շտ է այս ամենը, մի՞թե ուրիշ բան պետք է անեի, որևէ բան բաց չե՞մ թողել: Բայց ամեն տարիք իր հետաքրքրությունն ու ապրելու ձևն ունի: 60-ին մոտ մարդ եմ, ինձ մնացել է ակտիվ ստեղծագործական կյանքով ապրելու 10-12 տարի, Աստված առողջություն տա: 60-ից հետո մարդ իներցիայով է ապրում, 50-ից հետո սեփական շարժիչը չէ, իներցիայի ուժն է:
փիլիսոփայի ու անգրագետի ես-ը
Գուցե ինչ որ մեկի աչքին սրիկա եմ եղել: Թող ինձ ներեն նրանք, ովքեր այդպես են ինձ զգացել: Մասնագիտությունից ելնելով՝ խաղում ես սրիկա, հերոս, անգրագետ, վախկոտ, քաջ, անգրագետ, փիլիսոփա: Մարդու մեջ բոլոր ես-երը դրված են, բոլորի ծիլերը կան: Ե՛վ վախկոտության, և՛ քաջության, և՛ խելամտության, և՛ սրիկայության, մարդասպանի, հանցագործի, գողի… Մարդը չի կարող «հանկարծ» դառնալ հանցագործ: Դերասանն ինչպե՞ս է խաղում մարդասպան, և հանդիսատեսը հավատում է, որ նա մարդասպան է: Նա մարդ չի սպանել, որ իմանա՝ ինչպես են մարդ սպանում, պարզապես արթնացնում է իր ենթագիտակցությունը, երևակայությունը: Նշանակում է՝ մարդու մեջ կա՛ այդ հատկությունը:
Մի քանի կարևոր օրենք.

  • Ամեն գայլ հզոր է իր ոհմակի հետ:

  • Ոհմակի որսը պատկանում է ոհմակին: Ոհմակի հետ կե´ր, ինչքան հասնում է. մահ նրան, ով մի պատառ անգամ իր հետ կտանի:

  • Ո´րս արա քեզ համար, սոված երեխաներիդ համար, մորդ համար, հաճույքի համար մի՛ սպանիր, մի՛ մսխիր, մի՛ վատնիր:

  • Որսը թույլից խլելուց հետո գոնե կաշին ու գանգը թո´ղ նրան: Սա բարձր գիտակցության մասին է:



բարեկեցություն

Աշխատում ես, ուրեմն պետք է ապահովես ընտանիքիդ միջին վիճակը: Սա բարեկեցություն է: Եթե աշխատում եմ, հոսանքի, գազի վարձ, երեխայի հագուստի խնդիրը չպետք է անհանգստացնի: Սա ճոխություն չէ. ուզում ես ճոխ ապրել՝ պետք է հարկ վճարես. սա բարեկեցություն է: Սա երջանկության մոդել է. մարդ ինչո՞ւ է մասնագիտություն ընտրում. որ լավ ապրի, չի ընտրում մասնագետ լինելու համար: Իսկ եթե ընտրում է մասնագիտություն, որը սիրում է, ու այդ մասնագիտությունը իրեն կերակրում է, ինքը երջանիկ է: Երբ մասնագիտությունը կերակրում է, դու չես աշխատում, դու կաս:
1 + 1 = ?
Խորապես կասկածում եմ այն ամենի վրա, ինչ ասացի: Այս ամենը միայն կարծիք է, ճշմարտություններ չգիտեմ: Կասկածում եմ` մի՞թե 1+1=2: Իրո՞ք: Կարող եմ հիմնավորել՝ 1+1 կարող է հավասար լինել 1,7-ի, 1,8-ի, 2,2-ի, բայց 2-ի` ո´չ: Բնության մեջ երկու հավասար մեկ գոյություն չունի, երկու տարբեր մեկեր ինչպե՞ս են երկուսի վերածվելու: Նույնիսկ ճշգրիտ մաթեմատիկան ենք կասկածի տակ առնում:
 

Տարածել

Newmag © 2011-2024

Կայքը` Future Systems
×