Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության

Տեղի ունեցավ Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

05/09/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից մեկի՝ Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գիրքը։

Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գիրքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի վրա։ Գրքի գլխավոր գործընկերը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է, գործընկերը՝ «Հայաքվեն»։ 

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասում է, որ գիրքը լույս է տեսել 1995 թվականին։ Այն թարգմանվել է տարբեր լեզուներով, բայց չէր հրատարակվել հայերեն. «Սա կոթողային աշխատանք է։ Հայոց ցեղասպանության մասին գրված ամենահիմնարար աշխատություններից էր։ Գրքից հասկանում ես, որ Հայոց ցեղասպանության բուն հարցը գիտական, ակադեմիական հարցն այլևս չի քննարկվում։ 

Այնքան փաստաթղթեր են ներկայացված ոչ միայն թուրքական, այլ նաև գերմանական, ավստրիական արխիվներից, որոնք Օսմանյան կայսրության դաշնակիցն էին։ 

Գերմանակն արխիվներն իդեալական պահպանված են, Դադրյանը այդ բազմաթիվ փաստաթղթերից առանձնացրել է նրանք, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը։ Ցեղասպանությունը մարդկության դեմ վատթարագույն, առավել ծանր հանցագործությունն է։ Այդ հանցագործությունը վաղեմություն չունի։ Դրա հետևանքները մենք ապրում ենք ամեն օր»։

 

Ըստ Ավետիք Չալաբյանի՝ գիտական նման աշխատություններ պետք է շարունակվեն հրատարակվել, քանի որ Ցեղասպանությունը բազմապիսի ասպեկտներ ունի, որոնք դեռ կարելի է ուսումնասիրել. «Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է, դեռ մի քանի տարի առաջ օրենքի նախագիծ ենք ներկայացրել, որով քրեական պատասխանատվության է ենթարկում Հայոց ցեղասպանության պատմական դերը որևէ կերպ նսեմացնելու կամ միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։ Այն, ինչ անում է այսօր իշխանությունը։ Մենք ի վերջո պետք է հասնենք, որ Թուրքիան ճանաչի ու հատուցի։ Թե ինչպիսի հատուցում է, դա դեռ երկար քննարկման հարց է։ Բայց դրա անալոգը կա»։

Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի խմբագիրն Արմեն Ամիրխանյանն է։ Նա ասում է, որ գիրքը բացառիկ է բազմաթիվ առումներով. «Գիտնականն ուսումնասիրել է հազարավոր արխիվներ, մի քանի լեզուներ է իմացել, շատ փաստաղթեր կոդավորված են եղել, որոնք նույնպես կարողացել է ապակոդավորել։ Գիրքը նաև այսօրվա հարցերի պատասպանն է տալիս։ 

Դադրյանը Ցեղասպանության հարցին անդրադառնում է Ցեղասպանությունից հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ։ Այլ ցեղասպանությունների հետ համեմատական վերլուծություն նույնպես անում է։ Օրինակ է բերում հրեաների ցեղասպանությունը, բայց այն գերմանացիներն արել են ոչ նրանց հայրենիքում։ Իսկ Հայոց ցեղասպանությունը իր մեջ ներառում է բոլոր տեսակի ցեղասպանություններ՝ էթնիկ, մշակութային, լեզվական։ Մեզ ամբողջությամբ են ցաբկացել ոչնչացնել»։

Խմբագիրն ասում է, որ գիրքը պետք է կարդան բոլոր պետական գործիչները, դիվանագետները, սոցիոլոգները, բոլորը, ովքեր կառուցում են մեր հանրային կյանքը, խոսում են մարդու իրավունքներից։

Newmag հրատարակչությունը Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գիրքը ներկայացրեց քառօրյա աննախադեպ գիտական շաբաթվա ընթացքում, որը նվիրված էր Ցեղասպանության 110-նամյակին ու ցեղասպանագիտությանը։ Միջոցառման գործընկերը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն էր։ Շաբաթն իրականացվել է ՀԲԸՄ դրամաշնորհով։ ՀԲԸՄ Հայաստանի մշակութայինծրագրերի և մեդիայի ղեկավար Վարդան Ծուլիկյանը ներկայացրեց ցեղասպանագիտական շաբաթվա մասին.

«Սա մեր առաջին գործակվությունը չէ։ Nemwag-ի հետ հրատարակել ենք նաև Թաներ Աքչամի գրքերից մեկը։ ՀԲԸՄ-ը չէր կարող անտարբեր մնալ, այդ պատճառով էլ օրինաչափ էր, որ միասին կազմակերպեցինք Ցեղասպանագիտական շաբաթն ու ներկայացրեցինք երկու ցեղասպանագիտական գիրք ու մեկ ֆոտոալբոմ Արցախյան պատերազմի մասին։ 

Դադրյանի գիրքը մոնումենտալ աշխատություն է ցեղասպանագիտության ու Հայոց ցեղասպանության մասին։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Սա հիմք է հաջորդ սերունդների համար, որպեսզի ունենան նման խորն ուսումնասիրություն ու շարունակեն այս աշխատանքը»։

Վարդան Ծուլիկյանը ներկայացրեց նաև ՀԲԸՄ առաքելությունը, որն արդեն մեկ դարից ավելի անփոփոխ է՝ կրթություն, օգնություն, Հայաստան պետության զարգացումը, հայկականի տարածումն ու պահպանությունը։

Կարդացեք նաև

Տարածել

Հայոց ցեղասպանության պատմությունը
Հայոց ցեղասպանության պատմությունը

Վահագն Դադրյան

8800 ֏

Նկարագրություն

Վահագն Դադրյանի այս գիրքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից մեկն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Հեղինակը վերլուծում է Հայոց ցեղասպանության պատմական զարգացումները և ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ է դրել բացառիկ կարևորություն ունեցող վավերագրեր: Դրանք վերլուծել է պատմական, միջազգային իրավական, քրեագիտական, հասարակագիտական ու ոճրագիտական մոտեցումներով և ձևակերպել Հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներն ու սահմանումները։