Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ ««Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռն

Տեղի ունեցավ ««Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

05/02/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում ներկայացրեց ««Հրազդան» ստադիոն» գիրքը։ Հրազդանը համարվում է մոդեռնիզմի շրջանի հայկական ճարտարապետության ​​գլուխգործոց։ Գրքի հեղինակը մոդեռնիզմի պատմության մասնագետ, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է։

Հրազդան մարզադաշտը կառուցել են ճարտարապետներ Կորյուն Հակոբյանն ու Գուրգեն Մուշեղյանը։ ««Հրազդան» ստադիոն» գիրքը լույս է տեսել Գուրեն Մուշեղյանի ընտանիքի աջակցությամբ։ Ճարտարապետի դուստրը՝ դաշնակահարուհի, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանն ասում է, որ իր հոր համար Հրազդան ստադիոնը շատ կարևոր էր, քանի որ այն եղել է ճարտարապետի դիպլոմային աշխատանքը. 

«Հրազդանը լավագույն մարզադաշտերի ցանկում է միշտ եղել։ Հեղինակավոր ճարտարապետական ամսագրերն անդրադարձել են ստադիոնի բացառիկությանը։ Անփույթ չի կարելի վերաբերվել նման կառույցներին։ Հրազդանը կարող է այսօր էլ ծառայել։ Այս գիրքն օգտակար կլինի հատկապես երիտասարդ մասնագետների համար, նրանք կսովորեն հայտնի ճարտարապետների կատարած աշխատանքի, երազանքի մասին, թե ինչպես են իրականացրել դրանք։ 

Գրքում կա նաև հավելված, որտեղ հավաքել ենք հայրիկիս հոդվածները, հրապարակումները, հարցազրույցները Հրազդան մարզադաշտի մասին։ Նրանք ճարտարապետների մի սերունդ էին, որոնք երբեք դեմ չէին գնում իրենց ճարտարապետական, մասնագիտական սկզբունքներին, չնայած Խորհրդային շրջանում շատ ճնշումներ կային։ Հրազդանի կառուցումը հեշտ չի տրվել, քանի որ նման մասշաբի մարզադաշտի համար Երևանում այդքան մարդ չէր ապրում, բայց երկար բանակցություններից հետո կարողացան ապացուցել, որ այդ մարզադաշտը պետք է մեր երկրին»։


Հեռուստաշնորհանդեսին ներկա գրքի հեղինակ, պրոֆեսոր Կարեն Բալյանը համոզված է, որ Հրազդան ստադիոնը հայտնի կառույց է ամբողջ աշխարհում, քանի որ խոհրդային մոդդեռնիզմի կարևոր շինություններից է. «Մասնագիտական շրջանակներում այն մեծ ճանաչում ու հետաքրքրություն ունի։ Արտակարգ գեղարվեստական, քաղաքաշինական որակներ ունի։ Այդ ահռելի կառույցը Հրազդանի կիճում այնքան համահունչ է տեղադրված և՛ լանդշաֆտին, և՛ բնությանը համապատասխան, որ զարմացնում է շատ ճարտարապետների»։

Ըստ Կարեն Բալյանի, այսօր շատ եվրոպական երկրներում են խաղում Հրազդանի կամ ավելի վաղ շրջանի նմանատիպ մարզադաշտերում։ Դրանք նորոգվում են ու համապատասխանեցվում միջազգային չափանիշներին. «Հրազդան մարզադաշտն օլիմպիական մարզադաշտ է։ Այնտեղ ոչ միայն ֆուտբոլ, այլ նաև մարզական այլ խաղերը կարելի է անցկացնել։ Ինչ վերաբերում է դաշտին, լուսավորությանը, նստատեղերին, հանդերձարաններին, բնականաբար, դրանք պետք է նորոգվեն»։

Հեղինակն ընդգծում է կարևոր ուղերձ՝ այդ գրքի նպատակը նաև մարզադաշտը պահպանելն է։ ««Հրազդան» ստադիոնի» շնորհանդեսին ներկաները գրքերից մեկի վրա մակագրել էին՝ ի պաշտպանություն ու պահպանություն ստադիոնի։

Գրքում բազմաթիվ հուշերի մեջ առանձնանում է Արարատ 73-ի ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովի այն միտքը, որ ինքը խաղացել է շատ ստադիոններում, կան լավ ու վատ ստադիոններ, բայց Հրազդանի նման ստադիոն չկա, քանի որ այնտեղ չհաղթել հնարավոր չէր։ 

Կարդացեք նաև

Տարածել

«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը
«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը

Կարեն Բալյան

10800 ֏

Նկարագրություն

Կարեն Բալյանի գիրքը նվիրված է 1960-70-ական թվականների ճարտարապետական ​​գլուխգործոցին։ «Հրազդան» մարզադաշտի նախագծման և կառուցման պատմությունը ներկայացված է ազգային գիտակցության բարձրացմանդարաշրջանի՝ «հալոցքի» իրադարձությունների համատեքստում։

«Հրազդան» մարզադաշտը 1970-1971 թվականներին կառուցվել է Հրազդան գետի գեղադիր լանջին, որից էլ ստացել է իր անունը։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից մեկն էր։

«Հրազդան» մարզադաշտն այսօր դեռ կանգուն է և պահպանում է իր վեհությունն ու մոգական ձգողականությունը, սակայն չի շահագործվում ըստ նշանակության։ Նախատեսվում է քանդել այն։ Խորհրդահայ մոդեռնիզմի բազմաթիվ գլուխգործոցներ են քանդվել կամ այդ ճանապարհին են։ Երևանցիների հպարտության խորհրդանիշ «Հրազդանը» գուցե անէանա հենց մեր սերնդի աչքի առաջ։ Ու մայրաքաղաքը կկորցնի ևս մեկ լեգենդ։ Եվ գուցե հնարավոր չլինի կանխել դա: Այդ դեպքում մնում է այն պահպանել թղթի վրա մյուս կործանված հրաշքների պես, փրկել գոնե մարզադաշտի ստեղծման պատմությունը, անմահացնել հեղինակների երևակայության թռիչքը, արխիվացնել մարզական կոթողի վեհ ու հաղթական տեսքը։