BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հարութ Կբեյանի «Լոտոն»՝ սթափեցնող հայելի. Լևոն Գալ

Հարութ Կբեյանի «Լոտոն»՝ սթափեցնող հայելի. Լևոն Գալստյանի գրախոսականը

newmag-y-n

Հարութ Կբեյանի «Լոտո» գրքում գեղարվեստական ոճով ներկայացված է վերջին 30 տարիներին Հայաստանի ներքաղաքական զարգացումները: Հեղինակն իր վեպն անվանել է «պսևդոքաղաքական անտիուտոպիա»: Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը լոտո է գնում և արտասովոր պարգև է շահո

Հայ ավանդական վեպի հայացքը, սակավ բացառություններով, միշտ էլ ուղղված է եղել անցյալին: Հետևանքում հայ վեպն ինքը վերածվել է մի յուրօրինակ մեծ անցյալի, իսկ ազգային գիտակցությունը՝ ընդամենն այդ անցյալի վերադարձման կամ հաղթահարման մասին հավերժորեն հյուսվող ասքի: Այս առումով պատահական չէ մեզանում երբեմն հնչող այն իրավացի միտքը, որ մենք ոչ թե ժամանակակից, այլ պատմական ազգ ենք: Մեր ազգային ինքնությունն իր բոլոր ողբերգությունների պատասխանատուին և մեղավորին փնտրում է ոչ թե իր մեջ, այլ իրենից դուրս գտնվող աշխարհում: Մենք համառորեն չենք ուզում ճանաչել մեզ, բացահայտել մեր արատների իրական ակունքը, համարձակորեն կանգնել հայելու առաջ և առերեսվել ճշմարտության հետ:

Այդ դառը փորձությանն ընդառաջ է գնացել արձակագիր, դրամատուրգ Հարութ Կբեյանն իր «Լոտո» վեպում: Մերօրերում հազվագյուտ խիզախություն է տեսնել անցյալն ու ապագան այսօրվա՛ մեջ: Այսօր մեր շուրջը փոթորկվող քաղաքական իրադարձությունների մասին հրապարակային խոսքի և պաթոսի պակաս չկա, բայց ժամանակաշրջանի լայն համապատկերի գեղարվեստական ընդհանրացման և իմաստավորման ոչ թե պակաս, այլ բացակայություն կա: Չէ՞ որ ծառի հետևում անտառը տեսնելով, երևույթի մեջ էությունը տեսնելով, փաստի մեջ իրադարձությունը տեսնելով, անհատի մեջ կենդանի կերպար տեսնելո՛վ միայն հնարավոր է ճանաչել իրական դեմքն այն բարդ ու հակասական հավաքականության, որը հեղինակի բառով կոչվում է «Նաիրյան ժողովուրդ»: Այս զուգորդումը չարենցյան «Երկիր Նաիրիին» զուտ ոճական հնարք չէ, այլ յուրատեսակ փոխկանչ հանճարեղ պոետի «ցնորական» ու «մորմոքուն» երազին, որը շարունակվում է մերօրերի որքան իրական, նույնքան էլ անիրական մշուշում…

Կարդացեք նաև

 

Բայց սրանով հանդերձ՝ Կբեյանի վեպը մեզ չի տանում դեպի վերացական-բնազանցական ոլորտներ, այլ զարմանալի վավերական ճշգրտությամբ գամում է մեզ ներկային՝ մեր ուշադրությունը կենտրոնացնելով այդ ներկայի ամբողջ ողբերգականությանն ու զավեշտին: Իմ ընկալմամբ՝ Պողոսը բոլորովին էլ հեղինակի թիրախը չէ, այլ հրման կետը՝ բացելու մի ավելի  լայն խնդրի՝ նյութականի և հոգևորի, զգացականի և բանականի հավերժական բախման թեման, որի գինը մեզ համար Պետական Հայրենիքի կորուստը կարող է լինել:

Հեղինակը, մեկ գեղարվեստական պատումի մեջ միահյուսելով վերջին երեսնամյակի քաղաքական դեպքերն ու դեմքերը, կերտում է մեր ժամանակի իրական պատկերը: Եվ որքան էլ սյուժեն առաջ է մղվում Պողոսի մշտական ներկայությամբ, այնուամենայնիվ, վեպում չեն առանձնանում գլխավոր և երկրորդական կերպարները: Պողոսի մեջ հստակորեն ուրվագծվում են նաև նրա նախնիներն ու ժառանգները՝ իբրև հավերժական «պողոսականության» մունետիկներ: Այս առումով արտաքուստ «քաղաքական վեպը» ճեղքում է ժամանակի ու տարածության սահմանները և վերածվում մի ժանրի, որը կարելի է կոչել «ազգի համամարդկային դրամա»:

Հարութ Կբեյանի «Լոտոն» այն հայելին է, որի առջև կանգնելուց և ճշմարտության հետ առերեսվելուց հավանաբար կխուսափեն նրանք, ովքեր կամ նիրհում են անցյալ փառքերի ոչնչի չպարտադրող դափնիների վրա, կամ երազախաբվում ապագայիան իրական տեսլականների ծույլ թմբիրում…Հուսամ, որ «Լոտոն» ընթերցողի համար կլինի սթափեցնո՛ղ հայելի:

Տարածել