«Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս». կայացավ Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը (Տեսանյութ)

February 29, 2020

Փետրվարի 18-ին «Զանգակ» գրատանը կայացավ գրող Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը: Սա հեղինակի առաջին վեպն է, որի վրա նա աշխատել է շուրջ տասը տարի: Վեպում գեղարվեստական ոճով ներկայացված է վերջին 30 տարիներին Հայաստանի ներքաղաքական զարգացումները: Հեղինակն իր վեպն անվանել է «պսևդոքաղաքական անտիուտոպիա»:

Նրա խոսքով, գրքում ներկայացած կերպարների և մեզ հայտնի գործիչների համընկնումները պատահական են, իսկ գլխավոր հերոսին՝ նախագահին անվանել է  իր անունով՝ Հարություն, որպեսզի ոչ ոք վեպում ներկայացված որևէ դրվագն ինքն իրեն չվերագրի:

Գրքի հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսն ու Նաիրյան երկրի նախագահը:

Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը լոտո է գնում և արտասովոր պարգև է շահում՝ հանդիպում երկրի նախագահի հետ:

 

 

Հարութ Կբեյանը պատմեց, որ վեպի հերոս Պողոսն ի սկզբանե այլ անուն է ունեցել, սակայն վերջում փոխել են անունը՝ կոչելով  պատգամավոր Բաբկեն Թունյանի հորինած կերպարի՝ հարևան անգրագետ Պողոսի «պատվին»:

«Վեպի հերոսին կոչեցինք Բաբկենի Պողոսի անունով: Հերոսը լրիվ ուրիշ անուն ուներ, և այդ անունը ինձ դուր չէր գալիս: Մի օր գիշերվա կեսին կնոջս ասացի՝ ի՞նչ դնենք անունը ասաց՝ Պողոս, և այդպես վեպի հերոսի անունը դրեցինք Պողոս», – պատմեց Կբեյանը՝ հավելելով, որ մտքի ծայրով անգամ չի անցել, որ Բաբկեն Թունյանը կարող  է իրենից նեղանալ:

Թունյանն էլ կատակեց, թե չի նեղանա, բայց, գուցե, «փայ ուզի»:

Հարութ Կբեյանը նշեց, որ իր առաջին ընթերցողները միշտ կինն ու ծնողներն են, քանի որ նրանք առանց կաշկանդվելու միշտ ասում են ճշմարտությունը և նրանց կարծիքը վճռորոշ է եղել իր համար:

««Լոտոն սկսել եմ գրել 2010 թվականին: Հիմնական կառուցվածքը որոշելուց ու կեսից ավելին տարիներ շարունակ գրելուց հետո, երկարատև դադար եմ վերցրել: Պատճառն այն էր, որ մեր կյանքում, մեր իրականության մեջ չէր ամբողջացել, չէր փակվել մի մեծ շրջափուլ, և չէր սկսվել նորը: Մեկ տարի առաջ նորից բացեցի «Լոտոյի» անավարտ տեքստն ու շարունակեցի աշխատել», – նշեց հեղինակը՝ ասելով, որ իրեն մոտիվանցելու գործում մեծ դեր է ունեցել իր ընկերը՝ Newmag հրատարակչության հիմնադիր, լրագրող Արտակ Ալեքսանյանը, որը եթե մեկ այլ գրողի այսքան մոտիվացներ, հաստատ 3 գիրք գրած կլիներ, բայց ինքը հազիվ այս մեկն ավարտին հասցրեց:

Արտակ Ալեքսանյանն էլ նշեց, որ վեպն իսկապես լավն է և ափսոս կլիներ, եթե անավարտ մնար: «Հարութը, բացի պրոֆեսիոնալ գրող լինելուց, նաև աշխատում է  Կենտրոնական բանկում, դա է գլխավոր պատճառը, որ փորձում էի մոտիվացնել, որ աշխատանքից հետո հոգնած տուն վերադառնալուց հետո շարունակի գրել», – ասաց Ալեքսանյանը:

Վեպի խմբագիր Վահան Իշխանյանն էլ նշեց, որ ստեղծագործությունն իր ոճով բացառիկ է և ինքը մեծ հաճույքով է խմբագրել այն:  «Գիրքը նախատեսված է բոլորի համար: Այն, թեև Հայաստանի իրականության մասին է, բայց եթե որևէ օտարազգի ընթերցող կարդա, հաստատ, կտեսնի իր երկրի քաղաքական կյանքի արտացոլումը: Այս գրքի արժեքը նաև նրանում է, որ այն միայն տեղական խնդիրները չի ներկայացնում»:

Գրքի վերիֆիկանտ Մանու Իրիցյանն էլ հավելեց, որ գիրքն ընթերցելիս անվերջ ծիծաղել է, իսկ կերպարներն այնպես են ներկայացված, որ թվում է, թե գլխի ընկար՝ ում նկատի ունի հեղինակը, մեկ այլ այնպիսի զարգացում է լինում, որ կրկին խճճվում ես:

Նշենք, որ այսօրվանից վեպն առկա  է բոլոր գրախանութներում:

Հեղինակի մասին.

Հարութ Կբեյանը ծնվել է 1980թ.-ին: 2016թ.-ից ղեկավարում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Մինչ այդ աշխատել է ՀՀ կառավարությունում, համակարգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մեդիայի հետ տարվող աշխատանքը, հեռուստատեսությունում աշխատել է սցենարիստ և պրոդյուսեր: «Լոտոն» հեղինակի առաջին վեպն է, որը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց:

Մեջբերում վեպից.

«Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս: Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի: Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի: Ամենահեշտը ճանապարհին ինչ որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է: Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն: Չես անցնում դու՝ անցնում են քո վրայով: Կամ հանում են խաղից…»:

Աղբյուր՝ aysor.am