Գործընկերների հուշերն ականավոր դիվանագետի, փորձառու խմբագրի և նշանավոր թարգմանչի մասին (տեսանյութ)
2021-ի սեպտեմբերին երկարատև հիվանդությունից հետո մահացավ Newmag-ի թարգմանիչ, «Ազգ» օրաթերթի նախկին խմբագիր, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։ Նա ոչ միայն տաղանդավոր թարգմանիչ էր, այլև ականավոր դիվանագետ: Համլետ Գասպարյանը երկար ժամանակ աշխատել է դ
Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգի» հիմնադրմանը, թերթի խմբագիրն էր: Իր շնորհիվ բազմաթիվ հայտնի լրագրողներ անցել են լրագրողական մեծ դպրոց: Այնուհետև հեռուստատեսությունն էր ղեկավարում հեռուստառադիոպետկոմում և այնտեղ նույնպես անցկացնում էր լրագրողական բարձրակարգ մասնագիտական դասընթացներ ՝ նկատում է Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը. «Իր օրոք «Ազգ» օրաթերթն ուներ ամենամեծ տպաքանակը: Ընթերցողն անհամբեր սպասում էր նրա հոդվածներին, հատկապես քաղաքաքական վերլուծականներին»:
Աշխատանքի անցնելով ԱԳՆ-ում՝ Ֆրանսիայում եղել է արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում և Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի խոսքով, Համլետ Գասպարյանը պատվարժան անձ էր, լավ ընկեր ու գործընկեր. «Համլետ Գասպարյանի հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալ հենց նախագահի աշխատակազմում։ Նրան շատ դժվար է բնութագրել մի քանի բառով, բայց վստահեցնում եմ, որ նա բավականին կիրթ, կոլեկտիվում հանդուրժողականություն տարածող և բացառիկ դաստիարակություն ունեցող անձ էր»։
Բացի դիվանագիտական գործունեությունից, նա հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ։ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի բնորոշմամբ, Համլետ Գասպարյանը Հայաստանի պատկառելի դիվանագետներից է. «Անցել է շատ լուրջ ճանապարհ, իր հատկանիշներով՝ համբերատարություն, աշխատասիրություն, հանդարտություն, հետևողականություն, նյութի մեջ խորանալու կարողություն, անգնահատելի են ցանկացած դիվանագետի համար»:
Newmag-ի հիմնադրման օրից Գասպարյանը գործակցել է հրատարակչության հետ. թարգմանել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը, խմբագրել է «Կյանքից կառչած», «Հայրս՝ այդ հսկան», «Քանի սիրտս բաբախում է», «Մեղմ շշուկով» գործերը: ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, նրա գործունեությունը ապացուցում է՝ նվիրված էր իր գործին, հայրենիքին. «Նա ցավով էր շատ բաներ նկատում, նաև դիվանագիտության ոլորտում: Մեծ նշաձող է թողել իր հետևից: Հետմահու պետք է ծանոթանալ նրա թարգմանական գործերին, Ազնավուրի թարգմանության մեծ ժառանգությունը նրան է պատկանում»:
ՀՀ Մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի խոսքով, Գասպարյանի կյանքի գլխավոր առաքելությունը մեր մշակույթի փառաբանումն էր ամբողջ աշխարհով։ Նրա թարգմանած ու խմբագրած գրքերն աչքի են ընկնում գեղեցիկ, նրբաճաշակ և հղկված հայերենով: «La Bohème. Անցած օրեր» հուշագրությունը, որն Ազնավուրի վերջին ու ամենածավալուն ինքնակենսագրականն է, հենց Համլետ Գասպարյանն է թարգմանել: Բացառիկ հուշերով հաստափոր մատյանը դարձավ թարգմանչի վերջին գործը:
Կարդացեք նաև
- Մաքրամաքուր և հղկված հայերենով, նրբաճաշակ ու մեղեդային ֆրանսերենով՝ Համլետ Գասպարյանը հենց այդպես էր զգում ու թարգմանում Ազնավուր (տեսանյութ)
- Հուզիչ, տպավորիչ ու մեծ հանդիսավորությամբ Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գիրքը և «Տարեք ինձ» երգը (տեսանյութ, լուսանկարներ)
-
Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 6-րդ գրքի և 2-րդ երգի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկար)