Հուզիչ, տպավորիչ ու մեծ հանդիսավորությամբ Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գիրքը և «Տարեք ինձ» երգը (տեսանյութ, լուսանկարներ)

October 11, 2021

Ֆրանսիական նրբաճաշակ միջավայրում՝ Փարիզ հյուրանոցի Մոնմարտր տեռասա-սրճարանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի«La Bohème. Անցածօրեր» գրքի շնորհանդեսն ու «Տարեք ինձ»երգի և տեսահոլովակի պրեմիերան։6-րդ գրքովNewmag-ն ամփոփեց ազնավուրյան արձակը։ Շնորհանդեսին ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան ԱննԼույոն։

«Տարեք ինձ»՝ Ազնավուրը Շուշան Պետրոսյանի ձայնով: Նույնքան մեղեդային, նույնքան ֆրանսիական ու արդեն նաև հայերեն։ Ազնավուրի երգացանկը միշտ է Շուշան Պետրոսյանին հոգեհարազատ եղել. «Ավելի ֆրանսիացի երգչի չեմ ճանաչում։ Քայլում էինք Ֆրանսիայում, ու անծանոթ ֆրանսիացին երգում էր նրա երգերը։ Փարիզյան ոգին զգալու համար պետք է լսել Ազնավուր»։

Ազնավուրի խնդրանքով «Տարեք ինձ» երգով ամբողջ աշխարհը վերջին հրաժեշտը տվեց սիրելի հային, մեծ ֆրասնիացուն։ Newmag հրատարակչության առաջարկով՝ երգը կատարեց Շուշան Պետորսյանը: Երգչուհին համաձայնեց միանգամից. կարիերան սկսել է՝ Ազնավուր երգելով. «Իրեն մոտ թեման մի հատ է, երգն էլ պետք է կատարել էմոցիաներով, իսկ որ չձանձրանաս, պետք է հասկանաս։ Էդ պստիկ պատուհաններով մի ճակատագիր է, մի խենթ փարիզեցու կյանք է»։

 

Առաջին տեսահոլովակը, որ Արմենիա հեռուստաընկերության հետ Newmag-ը ներկայացրել էր՝ Ազնավուրի «Մնա» երգն էր: Այն միանգամից սիրվեց ու ընդունվեց՝ ընդգծում է հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Մենք այնքան ենք հանձնվել ռաբիսին, որ ուրախությամբ պետք է ասեմ, որ ամենամեծ հաճույքն այն է, որ տեսահոլովակի դիտումները ամեն ժամ հազարով ավելանում են։ Ուրեմն ամեն ինչ կորած չէ»։

 

Նոր երգը նորից նոր գրքի շնորհանդեսին է ներկայացվում։ «La Bohème. Անցած օրեր» գիրքը Ազնավուրի առաջին ինքնակենսագրականն է, որով Newmag-ն ամփոփում է շարքը: Սա ամենածավալուն ինքնակենսագրականն է, բացառիկ հուշերով հաստափոր մատյանում ընթերցողը կգտնի ամեն ինչ՝ արտիստի սերերը, ընկերները, բոհեմ, Հոլիվուդ ու Հայաստան: Գրքի խմբագիր Սամվել Գասպարյանը վստահեցնում է՝ ընթերցողին սպասվում է մանրամասներ անսպասելի ու հուզիչ հուշերի՝ անցած օրերի, ընկերների ու անմոռաց սերերի մասին. «Մինչև օլիմպի, բուռն, տանջալից օրեր, սերեր, նույնիսկ երեխայի մահ՝ այս բոլոր թեմաների մասին նա գրել է։ Նաև թե ինչպես ամբողջ աշխարհին հայտնի դարձավ։ Գիրքն էլ գրեց ու մեզ պատմեց այս ամենի մասին 89 տարեկանում»։

  

Դեռ 2000-ականներին Ազնավուրի ինքնակենասգրականը թարգմանել էր Համլետ Գասպարյանը: Newmag-ի առաջարկով, թագմանիչը վերաթարգմանեց ու վերախմբագրեց  Ազնավուրի գիրքը: Բայց շնորհանդեսից ընդամենը երկու շաբաթ առաջ մահացավ ծանր հիվանդությունից հետո: Հրատարակչության տնօրենը բարձր է գնահատում Գասպարյանի հետ աշխատանքը՝ մի քանի գրքերի խմբագրություններ, թարգմանություններ, որոնք առանձնանում են իրենց ուրույն ձեռագրով. «Մեր երեկոյին են մասնակցում Գասպարյանի այրին, դուստրը, քույրը։ Խորը ակնածանքով ենք վերաբերում այն աշխատանքին, որը կատարել է Համլետ Գասպարյանը»:

Դիվանագետ-թարգմանչի վերջին գրքին ծանոթանալու եկել են ոչ միայն հարազատները, այլև գործընկերները: Վերջին տարիներին Համլետ Գասպարյանը նախագահի խորհրդականն էր: Գործընկերները նրա մասին խոսելիս՝ մեկ բառով են ամփոփում՝ կատարելություն ու անթերի: Այդպիսին էր ինքը, այդպես պետք է լիներ իր արած գործը՝ շեշտում է ՀՀ նախագահի խորհրդական Տիգրան Լիլոյանը։

  

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը Newmag-ի հրատարակած գիրքը թերթեց հայերենով ու խոստովանեց՝ ինչպես ամեն մի ֆրանսիացի, ինքն էլ Հայաստանը ճանաչում է Ազնավուրով. «Շառլ Ազնավուրը Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ դեսպանն էր։ Հենց Շառլի շնորհիվ է, որ ամեն մի ֆրանսիացի գիտի ու ճանաչում է Հայաստանը։ Նա իսկապես կամուրջ է մեր երկու երկների միջև։ Չնայած ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մեզ հետ է, ու մեր երկրների միջև հսրաբերությունները հարստացնում է ոչ միայն իր երգերով, այլև գրական գործերով, ինչպես տեսանք այս երեկո»:

Ֆրանսիայի դեսպանը երեկոյի ավարտին չթաքցրեց զարմանքը՝ ամենաֆրանսիացի երգչին հայերենով դեռ երբեք չէր լսել. « Այո՛, առաջին անգամ եմ լսում Ազնավուր հայերեն կատարմամբ, շա՛տ հուզիչ էր։ Շուշան Պետրոսյանը կարողացել է փոխանցել Ազնավուրի հոգին, նա ուղղակի հիանալի ձայն ունի։ ժողովուրդների հարաբերությունները զարգացնելու համար թարգմանությունները մեծ դեր ունեն։ Այդ պատճառով ուզում եմ արժանին մատուցել նախ և առաջ հրատարակչությանը, հետո նաև՝ գրքի թարգմանչին՝ Համլետ Գասպարյանին, որը մեզ հետ չէ։ Բայց նրա գործը միշտ կմնա»:

  

Ազնավուրյան ամբողջ շարքի ու նաև տեսահոլովակների անփոփոխ գործընկերը հայ-ֆրանսիական Ամունդի Ակբա ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազաջյանը վստահ է՝ նաև այս գրական նախագծերով են ամրացնում հայ-ֆրանսիական կապերը. «Հպարտ ենք, որ մասնակցում ենք այս նախագծին։ Շառլ Ազնավուրն իր ուրույն ներդրումն ունի ու յուրահատուկ կամուրջ էր հայ-ֆրանսիական հարաբերություններում: Մեր ընկերությունը Հայաստանում զբաղվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարմամբ, բայց մենք հպարտ ենք, որ Newmag-ի հետ Ազնավուրին ներկայացնում ենք նորովի՝ նաև որպես գրող: Նոր երգ, նոր գործիքավորում, նոր տեսահոլովակ ու նոր գիրք»:

 

Newmag-ը խոստացել էր՝ մինչև շանսոնիեի 100-ամյակը հայերեն հրատարակելու է նրա բոլոր գրքերը: Ու ոչ միայն գրքերը, այլև լավագույն երգերը ևս կլինեն հայերեն: «La Bohème. Անցած օրեր» ինքնակենսագրականն ազնավուրյան շարքի 6-րդ գիրքն է: