BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պետությունը վիթխարի բան է. Արման Սաղաթելյան, «Կյան

Պետությունը վիթխարի բան է. Արման Սաղաթելյան, «Կյանքի նյարդը» գրքից

newmag-y-n

«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ու բախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների մասին է։ Ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 90-ականների Հայաստանը, հաղթական գոյամարտը, անորոշության մեջ հայտնված երկրի կյանքը: Արման Սաղաթելյանի

Ամենից շատ ինձ անհասկանալի էր, թե ինչպես են նորահայտ «հանրահավաքային առաջնորդները» պատրաստվում երկիրը ոտքի հանել։ Չէ՞ որ նախանձելի պատմական հնարավորություն էր պետություն ձեռք բերելը, ինչը շատ վաղուց չէր եղել։ Մեր նախկին պետությունն աշխարհում ամենահզորներից մեկն էր։ Այն իր լուրջ թերություններն ուներ, բայց լավ թե վատ ինչ-որ համակարգ էր։ Իսկ «քանդենք, հետո կտեսնենք՝ ոնց ենք կառուցելու» սկզբունքով գործելն անձամբ ինձ բավական կասկածելի ձեռնարկում էր թվում։ Պետություն կառավարելը, այն էլ առանց հարկ եղած մշակույթի ու հմտությունների, ամբիոնից ճառելը չէ ու անգամ վաուչերների առեւտուրը կամ գործարանները փակելը, հետո սեփականաշնորհելը, վերջում էլ մետաղի ջարդոնի վերածելն ու իրանցիներին վաճառելը։ Պետությունը վիթխարի բան է։

Եվ ինչքան գիտելիք, առավել եւս մշակույթ ու կամք են պետք, որպեսզի չքանդես ու չվատնես այն ամենը, ինչ ստեղծել ու որպես ժառանգություն քեզ են թողել նախորդ սերունդները։ Բայց այս հարցերն այն ժամանակ երեւի չէին հետաքրքրում։ Իսկ եթե հետաքրքրում էլ էին, ապա դա գործնականում չէր ազդում իրադարձությունների զարգացման վրա։ Բոլորն ամենուրեք եւ ինչ ձեւով կարողանում, վերացնում էին նախկին համակարգը եւ հավանաբար մտածում էին ինչ անել այն հսկայական հարստության հետ, որ պատկանել է մի պետության, որն այլեւս գոյություն չունի, ասել է թե ոչ մեկինը չէ։ Եղած խնդիրների պատճառները ժողովրդին պարզ բացատրում էին. «...Շրջափակում, պատերազմ, երկրի կործանում...

Ի՞նչ կարող ենք անել»։ Եվ ոչ մեկը հարկ չհամարեց պատասխանել, որ հարցը համընդհանուր ճգնաժամը, մթերքի, փողի, էներգակիրների ու նյութական այլ բարիքների անբավարարությունը չէ, այլ այն, թե որքան խելամիտ ու արդարացի են բաշխում գոնե եղածը։   Սահմաններին եւ հատկապես Ղարաբաղում վիճակը սկզբունքորեն տարբերվում էր։ Այնտեղ հարցերը հանրահավաքներով չէին որոշվում։ Պատերազմ էր։ Դաժան, անզիջում պատերազմ։ Եվ եթե Երեւանում կարելի էր ազատ կյանքի կոչել «ազատության ու անկախության» մասին սեփական պատկերացումները, ապա Ղարաբաղում ոչ ոք դա իրեն թույլ տալ չէր կարող։ Պետք էր կռվել։ Կռվել ապրելու համար։

Պետական հիմնական ինստիտուտների կայացման գործում ծանրագույն խնդիրներ կային, որոնց լուծումը կարող էր տասնամյակներ տեւել, բայց բանակի ստեղծման հարցում դանդաղել չէր կարելի։ Հենց բանակն էր, որն իր կազմավորումը սկսում էր պաշտպանական անջատ ջոկատներից, այդ պահին պետականության կայացման ու անվտանգության միակ երաշխավորը։  

Բարեբախտաբար գործեց ազգի պատմական հիշողությունը, հազարավոր մարդիկ փոխեցին խաղաղ ու սովորական աշխատանքային գործիքները եւ, աշխարհում ամեն ինչ մոռանալով ու թողնելով, զինվորական համազգեստ հագան ու ձեռքները զենք վերցրեցին։ Նրանց մեջ արթնացավ մեծ ռազմիկների ոգին, ինչը հատուկ է մեր ժողովրդին ճակատագրական պատմական փուլերում։ 

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդացեք նաև

Տարածել