Երբ հաղթանակին ամենամոտն ես. ո՞րն է պոպուլիստների ձախողման պատճառը
Պոպուլիստների հաջողության բանաձևն ունի մի քանի կանոն: Նրանք մարդկանց պահանջներն անընդհատ բավարարելու խնդիր ունեն։ Ու երբ հաճախ նրանց խոստումները սահմանափակվում են վարակիչ ելույթներով և հստակ քայլեր ու փոփոխություններ չեն լինում` պոպուլիստներին չեն օգնում անգամ չաշխատող և կոռումպացված համակարգի մասին պատմությունները:
Երբեմն նաև այս գործիչները հատում են ատելության խոսքի սահմանը: Ու երբ մի պահ մարդիկ տեսնում են, որ իրենց խնդիրների պատճառն իրականում միայն միգրանտները չեն` սկսում են կասկածի տակ դնել պոպուլիստների խոսքերն ու խոստումները: Այս շարքի երեք ձախողակ պոպուլիստներն էլ Եվրոպայի աջ պահպանողական թևն են ներկայացնում: Դա նրանց միակ ընդհանրությունը չէ: Այս երեք գործիչներն էլ չեն կարողացել ընդդիմությունից գալ իշխանության:
Մարին Լե Պեն
Ֆրանսիայի «Ազգային Ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն իր քաղաքական կարիերայի ընթացքում հաղթանակին ամենամոտը եղել է 2017 թվականին: Նախագահական ընտրություններում ազգայնամոլ Լե Պենի թիրախում միգրանտներն էին: Լե Պենը պայքարում էր ոչ միայն Ֆրանսիայի քաղաքական էլիտայի, այլ նաև Եվրոպական բյուրոկրատների դեմ: Խարիզմատիկ ելույթները Լե Պենին հաղթանակ չբերեցին: Նա առաջարկում էր լուծումներ, բայց ցույց չէր տալիս դրանց հասնելու ճանապարհը: Հեռուստաբանավեճերում Մակրոնի հստակությունը հաղթեց Լե Պենի կցկտուր տնտեսական ծրագրին: Պահպանողական պոպուլիստ Լե Պենի համար այդ պարտությունը վերջնակետը չէր: Նա պաշտոնապես հայտարարել է` չի բացառում իր մասնակցությունը Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին:
Կարդացեք նաև.
- Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն
- Ինչ է պոպուլիզմը Նիդեռլանդներում. Գերտ Վիլդերս
- Ինչ է պոպուլիզմը Բրազիլիայում. Ժաիր Բոլսոնարու
Գերտ Վիլդերս
Նիդեռլանդներում աջ ծայրահեղականների առաջնորդ Վիլդերսի քաղաքական խաղաքարտը ևս միգրանտների դեմ պայքարն ու հակաիսլամական քարոզն է: Նա իր հակասական առաջարկների ու հայտարարությունների պատճառով հաճախ քննադատության կիզակետում է: Վիլդերսն առաջարկում էր փակել բոլոր մզկիթներն ու առհասարակ դադարեցնել ներգաղթյալների հոսքը Նիդեռլանդներ: 2017-ին ծայրահեղական պոպուլիստը կրկին զիջեց լիբերալներին: Բրեքսիթին զուգահեռ Վիլդերսը Նեքսիթ էր առաջարկում, պնդելով որ Նիդեռլանդները պետք է լքի Եվրամիությունը: Նեքսիթը ոչ միայն իրականություն չդարձավ, այլ նաև 2019-ի եվրոպական ընտրություններում Վիլդերսի կուսակցությունը կորցրեց եվրախորհրդարանում իր բոլոր տեղերը: Ատելության խոսքի պատճառով Վիլդերսի դեմ մի քանի անգամ դատական հայց է ներկայացվել: Հակաիսլամիստական քարոզի պատճառով էլ արգելափակել են նրա թվիթերյան միկրոբլոգը:
Նորբերտ Հոֆեր
Եվրոպայի ևս մեկ աջ ծայրահեղական պոպուլիստ, որին 2016 թվականին ընդամենը 30 հազար ձայն չբավարարեց Ավստրիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար: Հաղթանակի դեպքում նա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում նախագահ դարձած առաջին աջ ծայրահեղականը կլիներ: Հոֆերի ղեկավարած կուսակցությունը մերժում էր իշխանության «գրկաբաց քաղաքականությունը», որի հետևանքով կարճ ժամանակահատվածում մոտ 100 հազար ներգաղթյալ Ավստրիայում ապաստան էր հայցել: Հոֆերն իր աջակիցներին խոստացել է 2022 թվականին կրկին մրցապայքարի մեջ մտնել:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում