Ինչո՞ւ էր 2019-ը պոպուլիստական տարի․ վերլուծաբանների բացատրությունը
Քաղաքական դաշտում են հայտնվել նոր կերպարներ, որոնց քաղաքական կարիերան մի քանի տարի առաջ անհավանական էր թվում: 2019-ին նաև ամրապնդվել են հին սերնդի պոպուլիստների դիրքերը՝ ԱՄՆ-ում ու հատկապես Եվրոպայում:
Նրանց հաջողության բանաձևն ունի մի քանի կանոն:
Քաղաքական էլիտայի հանդեպ հիասթափությունների ֆոնին պոպուլիստները բարդ հարցերին հեշտ պատասխաններ են տալիս ու արդյունավետ լուծումներ խոստանում: Հաճախ, սակայն, գործը հստակ քայլերին չի հասնում ու սահմանափակվում է վարակիչ ելույթներով: 2019-ին ևս գործերին փոխարինեցին ճառերը: Այստեղ ամենաէականն այն է, որ ճառերից ոգևորվողները, որոնք հոգնել են կառավարման գործող դանդաղ համակարգերից, շատ արագ մոռանում են, թե ինչ էին խոստանում իրենց այդքան հաճելի ելույթներ պարգևողները:
2019-ին հաջողության հասած պոպուլիստները խոստացան նույնը՝ դառնալ ժողովրդի ձայնն ու կոտրել կառավարման չաշխատող համակարգը:
Ուղիղ ժողովրդավարության մասին խոստումները ևս պոպուլիստներին օգնում են ժողովրդի ինքնիշխանության պատրանք ստեղծել: Պոպուլիստներին միավորում է այն, որ իրենք են որոշում, թե ով է ժողովուրդը, իսկ ով՝ ոչ:
Կարդացեք նաև․
- Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն
- Ինչ է պոպուլիզմը Նիդեռլանդներում. Գերտ Վիլդերս
- Ինչ է պոպուլիզմը Բրազիլիայում. Ժաիր Բոլսոնարու
Վլադիմիր Զելենսկի - Երեք եթերաշրջան դերասան Զելենսկին հետևողականորեն ստեղծեց ժողովրդի ծառայի կերպարը: Հետո պարզվեց, որ երանելի նախագահը ֆիլմից գալիս է իրականություն: Այսօր արդեն իրական նախագահ Զելենսկին ֆեյսբուքյան ուղիղ եթերներում իր հետևորդներին առաջարկում է առաջադրել պաշտոնյաների իրենց թեկնածուներին: 2019-ինը Զելենսկիի համար դժվար տարի էր, բայց եղան նաև կարևոր ու իրական ձեռքբերումներ՝ Դոնբասում իրավիճակը կայունացավ, գերիները փոխանակվեցին, լուծվեց գազային հնգամյա հակամարտությունը:
Դոնալդ Թրամփ – Թրամփի գլխավոր տարբերանշանը անկանխատեսելիությունն է: 2019-ին ևս նրա ելույթներն ու որոշումներն այդպիսին էին: Նա տարբերվում է շատ պոպուլիստներից, քանի որ նրա աննորմալ թվացող խոսքը իսկապես գործի է վերածվում: Թրամփը 2019-ին շարունակեց խառնել ամբողջ Մերձավոր Արևելքը, իսրայելապատկան ճանաչեց Գոլանի բարձունքները՝ ստեղծելով միջազգային կարգուկանոնը ոտնահարելու ևս մեկ նախադեպ: Շարունակեց դաշնակիցներին հրապարակավ վիրավորելը ու հասավ իր նպատակին՝ ՆԱՏՕ-ի անդամները իսկապես սկսեցին ավելի շատ գումար ներարկել ընդհանուր բյուջե:
Բորիս Ջոնսոն - 2019-ին անկանխատեսելի էին նաև Բրեքսիթի շուրջ զարգացումները: Բրիտանական պահպանողական պոպուլիզմի դեմքը դարձավ երկրի վարչապետ: Բորիս Ջոնսոնը շարունակում էր պնդել, որ ճգնաժամային իրավիճակից մարդկանց կարող է հանել միայն այն առաջնորդը, որն այդ ամենի հիմքում է եղել: Արդյունքում նա հաղթեց նաև արտահերթ ընտրություններում, բոլորը մոռացան, թե ինչպես էր նա Բրեքսիթի քարոզարշավի ժամանակ կեղծ վախեր տարածում ցանկալի արդյունքին հասնելու համար: Այսօր արդեն պարզ է՝ Բրեքսիթն իրականություն կդառնա հունվարի 31-ին:
Այս քաղաքական գործիչների հաջողությունները գլոբալ ալիքի մի դրվագն են միայն: Վերլուծաբանները պոպուլիստական ալիքի նահանջ չեն կանխատեսում: 2020-ին այն կարող է իշխանության բերել ոչ միայն արդեն թրծված ճարտասաններին, այլև անփորձ, քաղաքականության հետ աղերս չունեցող, բայց հաճելի ու վարակիչ ելույթներ սփռող նոր գործիչների:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
