Օրվա բողոքներն՝ ըստ պահանջի և հասցեի. ինչի՞ց էին դժգոհ քաղաքացիները
Եվ այսպես, բողոքի ակցիա ընդդեմ Ամուլսարի շահագործման: Իրենց խոսքով՝ ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ պայթեցնելու հանքի մասին միֆերն ու վախերը: Ակտիվիստները մեկ վայրկյան իսկ չեն կասկածում, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Պնդումը նույնն է՝ հանքի շահագործումն ապօրինի է, ընկերության ներկայացրած ծրագրում կան անկառավարելի ռիսկեր:
Բողոք 2. Զորացրված սպաները պահանջում էին վարչապետի հետ հանդիպում: Հազարի չափ զինթոշակառուներ բնակարանի խնդիր ունեն: Խնդիրը ներկայացրել են նախորդ իշխանությանը: Լուծումը հետաձգվել է: Հիմա հերթն այս կառավարությանն է: Անցած շաբաթ հանդիպել են Պաշտպանության փոխնախարարի հետ: Դժգոհ զինթոշակառուներին առաջարկել են հողատարածք: Առաջարկը չի ընդունվել, զորացրված սպաները հրաժարվել են դրանից: Պաշտպանության նախարարի խոսնակը հստակեցրել է հողատարածքի տրամադրումը չի բացառում բնակարանի հերթում գտնվելուն:
Բողոք 3. Նաիրիտցիներն անհանգստացած են: Ըստ նրանց՝ ներկա իշխանությունը ևս հետաքրքրված չէ գործարանի վերագործարկմամբ: Նրանց խոսքով՝ սնանկացման պրոցեսի կառավարիչը թալանում է գործարանը, դիմել են ԱԱԾ, գլխավոր դատախազություն: Առայժմ ոչ մի արձագանք:
Կարդացեք նաև.
- Ի՞նչն այսուհետև բարեգործություն չի համարվի. կարգավորվում է հարկային արտոնությունների դաշտը
- Ինչպե՞ս կառավարել ամբոխին կամ 5 տոկոսի օրենքը
- Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները
Բողոք 4. Վաղ առավոտից բողոքի ակցիա էր սկսվել Սանիթեքի գրասենյակի դիմաց: Աջափնյակ և Կենտրոն համայնքների բնակիչներն այնտեղ էին բերել աղբի տոպրակներ և պահանջում էին, որ Սանիթեքը պատշաճ աղբահանություն կատարի: Նրանց հետ հանդիպեց ընկերության գործադիր օգնականը և խոստացավ, որ մամուլի ասուլիս կկազմակերպեն և կպատասխանեն բոլոր հարցերին:
Բողոք 5. Հաջորդ հասցեն Գլխավոր դատախազության շենքն էր: Այնտեղ հավաքված ցուցարարները պահանջում էին ազատել Շանթ Հարությունյանին: Նախաձեռնության անդամները գրավոր դիմել են Գլխավոր դատախազությանը: Նրանք կարծում են, որ Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի, իսկ դատախազությունը պետք է միջնորդություն ներկայացնի այդ պահանջով: