BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռուսաստանի ռազմական շահերը Կենտրոնական Աֆրիկայում․

Ռուսաստանի ռազմական շահերը Կենտրոնական Աֆրիկայում․ ինչո՞ւ այնտեղ սպանեցին ռուս լրագրողներին

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մոտ տասը ռազմականացված խմբավորում կա: Վերջերս այդ երկրում հայտնվել են վարձկաններ նաև Ռուսաստանից:
Հուլիսի 31-ին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների սպանության համար կասկածում են «Սելեկա» խմբավորման զինյալներին: Այն միավորում է տարաբնույթ մուսուլման զինյալների, իսկ նրա ոչ ֆորմալ առաջնորդ Միշել Ջոտոդիան 10 տարի ապրել է ԽՍՀՄ-ում, սովորել Օրյոլ քաղաքի տեխնիկումում, իսկ հետո նաև ավարտել Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը:
Լրագրող Օրհան Ջեմալն, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը մեկնել էին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն այնտեղ գտնվող ռուսաստանցի վարձկանների մասին ֆիլմ-հետաքննություն նկարահանելու:
Արդյունքում՝ լրգարողների սպանությունը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանյան ռազմական ներկայությունը դարձրել էր միջազգային լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեմա:
Ռուսաստանն ու ԿԱՀ-ը. ի՞նչ է հայտնի այս պահին
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսական ռազմական հնարավոր ներկայության մասին լրագրողները սկսել էին խոսել 2018թ-ի սկզբին: Մասնավորապես, մարտին France Presse գործակալությունը հաղորդել էր, որ ավելի քան 170 ռուսաստանցի ինստրուկտոր է տեղակայված մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա: AFP թղթակիցն այնտեղ նկատել էր վրանների շարքեր, ինչպես նաև զինվորական համազգեստով ռուսաստանցիների, որոնք տեղացիներին էին մարզում: Նրան արգելել էին լուսանկարել:
Որոշ ժամանակ անց շատ միջազգային հետաքննող լրագրողներ այն եզրակացության էին եկել, որ աֆրիկյան այդ երկրում է տեղակայված նույն «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը», որը, ենթադրաբար, կռվում է Ուկրաինայի արևելքում և Սիրիայում:
Ի՞նչ է «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը»
«Վագների մասնավոր ռազմական ընկերությունը» ռուսական ընկերություն է, որը ռազմական և անվտանգության ծառայություններ է մատուցում: Նրա վարձած մասնագետները կռվել են Ուկրաինայում, Սիրիայում և Սուդանում: «Կապալառու կազմակերպությունը, որը ռազմական ծառայություններ է մատուցում», հիմնականում կազմված է ռուսական բանակի նախկին սպաներից:
Ռուսական շատ լրատվամիջոցների տվյալներով՝ «Վագների մասնավոր ռազմական ընկերությունն» ուղղակիորեն ենթարկվում է Ռուսաստանի կառավարությանը: Դրա պահման համար տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար է ծախսվում: Ընկերության գոյությունը Ռուսաստանի իշխանություններին թույլ է տալիս խոսել, օրինակ, որ Ռուսաստանի կանոնավոր բանակն իր զորքերը դուրս է բերել Սիրիայից: Ֆորմալ առումով դա իրոք այդպես է, սակայն Սիրիայում ներկա է «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը», որը ենթարկվում է ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Ներքաղաքական իրավիճակը ԿԱՀ-ում
Երկիրը Ֆրանսիայից անկախացել է 1960թ-ին: Այդ օրվանից այնտեղ չի դադարում քաղաքացիական պատերազմը: 2012թ-ից երկիրը գլխավորում է Ֆոստեն-Արկանժ Տուադերան: Վերջին տվյալներով՝ կառավարական զորքերը վերահսկում են երկրի տարածքի միայն 20 տոկոսը: ԿԱՀ մնացած մասը բաժանված է ավելի քան 10 ռազմական խմբավորումների միջև:
2013թ-ին Ֆրանսիան զորքեր է մտցրել ԿԱՀ և փորձել կարգավորել զինված հակամարտությունը երկրում: Սակայն այն բանից հետո, երբ 2016թ-ին Փարիզն ինտերվենցիան ավարտել  և իր զինվորներին վերադարձրել է հայրենիք, ռազմական գործողությունները ԿԱՀ-ում նոր թափ են ստացել։
Ի՞նչ են ռուսաստանցի վարձկաններն անում ԿԱՀ-ում
ԿԱՀ-ում ռուս զինվորականների ներկայության մասին հայտնի է դարձել այս տարվա սկզբին: Միանգամից մի քանի ֆրանսիական պարբերականներ հաղորդեցին, որ ԿԱՀ-ում ավելի քան 170 ռուս ռազմական ինստրուկտորներ կան:
2013թ-ից գործում է ԿԱՀ-ին զենք մատակարարելու ՄԱԿ արգելքը: Սակայն 2017թ-ին Ռուսաստանը կարողացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետ համաձայնեցնել երկրին թեթև զենք մատակարարելու հնարավորությունը: Փորձագետներից շատերը կարծում են, որ ՄԱԿ-ը նման քայլի է դիմել Աֆրիկայում չինական էքսպանսիայից խուսափելու համար:
2018թ-ի սկզբին ԿԱՀ-ին զենք մատակարարելու արգելքը երկարաձգվեց ևս մեկ տարով: Ռուսաստանը պահպանեց այդ արգելքից բացառություն կազմելու իրավունքը:



 
Կարդացեք նաև․



Ռուսաստանի շահերը
Ռուսաստանին տարածաշրջանում կարող են հետաքրքրել, առաջին հերթին, բնական ռեսուրսները, որոնցով այն հարուստ է՝ նավթը, ոսկին, ուրանը և ոչ միայն:
ԿԱՀ նախագահ Տուադերան վերջին տարվա ընթացքում արդեն երկու անգամ եղել է Ռուսաստանում: Սկզբում նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, իսկ մայիսին մասնակցել է Պետերբուրգի տնտեսական ֆորումին, որտեղ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «բարդ հումանիտար իրավիճակում» օգնություն ցուցաբերելու համար:
Ընդ որում, ըստ արևմտյան լրատվամիջոցների տեղեկատվության՝ Ռուսաստանը կապ է պահում նաև ԿԱՀ ապստամբների ներկայացուցիչների հետ, քանի որ Կրեմլին հետաքրքրող ռեսուրսների հիմնական մասը տեղակայված է հենց նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Ռուս դիվանագետները հանդիպել են նվազագույնը երեք ռազմական խմբավորման ներկայացուցիչների:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել