Ի՞նչ է պոպուլիզմը Իտալիայում. Մատեո Սալվինի
Նախկին ռադիոհաղորդավար Մատեո Սալվինին «Հյուսիսի Լիգա» կուսակցության առաջնորդն է, Իտալիայի ներքին գործերի նախկին նախարարը և փոխվարչապետը:
Հակառակ իսթեբլիշմենթին
2019-ի սեպտեմբերին Մատեո Սալվինին դուրս մնաց կոալիցիոն կառավարությունից: Փորձում էր արհեստական ճգնաժամ ստեղծել և արտահերթ ընտրությունների միջոցով վարչապետ դառնալ: Չստացվեց: Հիմա նախկին իշխանականը ամենաթունդ ընդդիմադիրներից է: Բողոքի ակցիաներ է կազմակերպում, քննադատում նախկին կոալիցիոն գործընկերներին, որոնք, պարզվում է, «լուրջ մարդիկ» չէին: Հակադրվելով իսթեբլիշմենթին պոպուլիստ Սալվինին իրեն ժողովրդի փրկիչ և տարածաշրջանի ազատագրող է համարում:
Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր
Միգրանտները: Սալվինին իսկական պատերազմ է հայտարարել ներգաղթյալների դեմ ու նրանց հանդեպ հանդուրժողականությունն ինքնասպանություն է համարում: Այս անկայուն գործիչն իր քաղաքական կարիերայի ընթացքում միայն մեկ հարցում է կայունություն ցուցաբերել` պնդելով. ներգաղթյալները սպառնալիք են Իտալիայի համար, և նրանց մուտքը Իտալիա պետք է արգելել: Սալվինիի կոշտ քաղաքականությունը քննադատողները նրան անվանում են ֆաշիստ և ռասիստ, սակայն պոպուլիստ գործիչը չի էլ փորձում հակառակն ապացուցել: Միայն հիշեցնում է` այդ ամենն արվում է իտալական արժեքները պահպանելու համար:
Բարդ խնդիրներին` հեշտ լուծումներ
Դեմ էր միգրանտներին` փակեց իտալական նավահանգիստներն ու արգելեց նրանց մուտքը: Սրա հետևանքով ամիսներով նավերում մնացած ներգաղթյալների մեջ նույնիսկ զոհեր եղան: Հեշտ լուծում էր փնտրում նաև վարչապետ դառնալու ճանապարհին, ու դարձավ ընդդիմադիր գործիչ: Լուրջ խնդիրների շուրջ Սալվինիի դիրքորոշումը հաճախ աղոտ է, հիմնված՝ ոչ թե փաստերի, այլ հանրության զգացմունքների ու վախերի վրա:
Կարդացեք նաև.
- Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն
- Ինչ է պոպուլիզմը Նիդեռլանդներում. Գերտ Վիլդերս
- Ինչ է պոպուլիզմը Բրազիլիայում. Ժաիր Բոլսոնարու
Մեդիայի հետ հարաբերություններ
Սալվինին լրատվամիջոցներին փոխարինել է սոցիալական կայքերով: Նա հասկացել է, որ մարդկանց մոտիկ լինել նշանակում է անընդհատ նրանց էկրաններին լինել: Սոցիալական հարթակների ճիշտ օգտագործումը պոպուլիստ գործչին դարձրել է քաղաքական ամենապոպուլյար կերպարներից մեկը: Նա ամենամեծ թվով հետևորդներ ունեցող գործիչն է Եվրոպայում: Կարևոր ու անկարևոր թեմաներով ուղիղ հեռարձակումները, սելֆիներն ու հարցուպատասխանը դուր են գալիս մարդկանց: Սալվինին ոչ թե ճառեր է ասում, այլ զրուցում է նրանց հետ:
Պոպուլիզմի լեզուն
Սալվինին «Իտալիա» գրությամբ հուդիներ է հագնում, պատմում է, թե ինչ բարդ էր ծխելը թողնելը, և ժամերով լուսանկարվում է մարդկանց հետ: Նա հարևանի տղան է, բակի ընկերը, որը խոսում է մարդկանց ծանոթ թեմաներով. իրենցից մեկն է: Իսկ թե խնդիրների լուծմանն այդ ջերմ շփումը որքան է օգնում` մարդկանց համար դառնում է երկրորդական խնդիր:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում