Գլխավոր Հոդվածներ

Գրքում, ինչպես կինոյում. ռեժիսոր Պաոլո Սորենտինոն

Գրքում, ինչպես կինոյում. ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ներկայացրել է Իտալիան ու մերօրյա աշխարհը (տեսանյութ)

07/29/2024

newmag-y-n

«Բոլորն իրավացի են» գրքի հեղինակը վստահեցնում է, որ այն արագ կարդալու վեպ է։ Ինքն էլ գործն արագ է գրել։ Վեպը լեցուն, վառ, երբեմն նախանձելի կյանքով ապրող սուպերաստղի մասին է։

Նեապոլիտանցի փոփ-երգչը խոստովանում է՝ ատում է բոլորին. ծերերին` դանդաղկոտության, երիտասարդներին` ինքնահավանության, երեխաներին` աղմկոտության համար։ Բայց ամենաշատը՝ ինքն իրեն.

«Գրականությունն ինձ համար միշտ եղել է անհասանալելի մի աշխարհ, ես միշտ ցանկացել եմ վեպ գրել։ Այս վեպի հերոսը՝ Տոնի Պագոդան է՝ գիշերային երգիչ ու 1970-80թթ. Իտալիայի թեթև երգեր կատարողի պրոտոտիպ։ Կոկաինի մեծ սպառող, կանանց, ընկերությունների սիրահար, բայց դրա հետ մեկտեղ զգացմունքային մի կերպար։ Նա իր մեջ ունի ունի անհուն մարդասիրություն։ Թմրանյութեր է օգտագործում, սակայն թմրամոլ չէ, ինչպես ինքն է ասում. «Կյանքը սուտ բան է», ուստի Տոնին կոկաին է օգտագործում, որպեսզի կյանքին դիմադրելն իր համար ավելի դյուրին լինի»։

Մտքերի խելահեղ հոսք, հիշողություններ անցյալից, շատ էմոցիա ու մարդատյաց սուպերաստղ՝ Տոնի Պագոդան վստահ է, որ հաջողությունն այն է, երբ թքած ունես բոլորի վրա։ Գլխավոր հերոսը չի խնայում ոչ մեկին, իրեն, կնոջը, ընկերներին, երկրպագուներին։ Նա բեմից փորփրում է նրանց զգացմունքները, պայթեցնում դրանք, իրեն վերապահում իրավունք, խաղալ նրանց հոգիների հետ, քանի որ իր սիրտը կոտրած կինը հեռացել է՝ թողնելով միայն տառապանք.

«Ինչո՞ւ եմ ընտրել հենց երգչի կերպարը։ Քանի որ այդ թվականների թեթև, էստրադային երգիչները մուտք ունեին հասարակության ամենատարբեր օղակները ու հանդիպում էին շատ տարբեր մարդկանց՝ մտավորականներից մինչև ամենամութ ու կասկածելի անձնավորությունների։ Տոնի Պագոդան ներկայացնում է իտալացիների մի ամբողջ սերունդ, այդ թվում նաև հորս։ Նրանք ունեին իրենց ուրույն աշխարհի օրենքները»։

Ինչպես ֆիլմերում, այնպես էլ գրքում, Սորենտինոն գայթակղում է, գիտակցականից անցնելով անգիտակցականին, շատախոսելով, երբեմն լռելով։ Սորենտինոյին քննադատները երբեմն մեղադրում են խուսափողական լինելու համար, քանի որ նա հաճախ բառերի ու կերպարների հետևում թաքցնում է իրական ցավը, կյանքը, կիրքը։ Այդպես է անում նաև իր գրքում։ Ամեն մի հերոսի՝ վեհափառ հայրապետների, մաֆիոզների, երգիչների, երաժիշտների ու թմրամոլների հետևում գրող-ռեժիսորն է։

Գրքի ամեն մի գլուխ սկսվում է սաունդտրեկով։ Ամեն գլուխ կարելի է կարդալ համապատասխան երգի տակ և գրքի ավարտն ընթերցողը կհավաքի մի մեծ ու հիասքանչ փլեյլիստ։ 

Վերնագիրը՝ «Բոլորն իրավացի են», հերոսներից մեկի եզրահանգումն է։ Հարազատ ընկերները, սիրելի քաղաքն օտարացել են, ու չնայած նրան բոլորը ճանաչում են, սիրում, բայց աստղն իրեն զգում է օտար ու մենակ։ Ու մի օր երգիչը դադարում է երգել, հեռանում է Բրազիլիա ու ապրում իտալացի Դալայ Լամայի կյանքով՝ հրաժարվելով ամեն ինչից։

«Սա վեպ է նոստալգիայի, սեփական երկրի կարոտի մասին, երկիր, ուր Տոնի Պագոդան վերադառնում է 18 տարի բացակայությունից հետո ու այլևս այն չի ճանաչում։ Մենք՝ իտալացիներս, 18 տարով չենք բացակայել, բայց, այնուամենայիվ, այլևս չենք ճանաչում մեր իսկ երկիրը»։

Բայց ամեն ինչ փոխվում է 20 տարի անց։ Չնայած կյանքը լիովին փոխելու համար Նեապոլից Բրազիլիա է փախնում, նրան անդադար հետապնդում է անցյալը՝ ստիպելով փոխել ոչ միայն կյանքը, այլ հայացքներն այդ կյանքի նկատմամբ։

Կարդացեք նաև

Տարածել

Բոլորն իրավացի են
Բոլորն իրավացի են

Պաոլո Սորենտինո

6800 ֏

Նկարագրություն

Թոնի Պագոդան 1980-ականների Իտալիայում հայտնի փոփ աստղ է՝ անհավանական խարիզմայով օժտված տաղանդավոր երգիչ: Փող, թմրանյութեր և կանայք. շռայլ կյանք է վարում Նեապոլում և Կապրիում: Բայց կյանքը բարդանում է, և Թոնին որոշում է փոխել իր կենսակերպը: Շրջագայության ընթացքում Թոնին անհետանում է Բրազիլիայում՝ անցնելով ասկետիկ կյանքի: Բայց 18 տարվա ամազոնյան աքսորից հետո ինչ-որ մեկը պատրաստ է մեծ գումարի չեք ստորագրել՝ Թոնիին Իտալիա վերադարձնելու համար: Ինչպե՞ս նա կդիմանա իր հին սովորությունների և նոր դարի գայթակղություններին: «Բոլորն իրավացի են» արտասովոր վեպը, որը նոմինացվել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային», Պաոլո Սորենտինոյի դեբյուտային վեպն է, որը նաև ինչ-որ առումով ինքնակենսագրական է: Այս գիրքն Իտալիայի մասին է և մերօրյա աշխարհի, Թոնիի մասին և յուրաքանչյուրիս: