Սիրիա. Պատերազմի stand by ռեժիմ
Սիրիական հարցն առայժմ սառեցված է: Կողմերն սպասողական վիճակում են: Հարցի սառեցման պատճառն, ըստ վերլուծաբանների, Թրամփն է, կամ ավելի ճիշտ՝ Սիրիայի հարցում նրա անորոշ դիրքորոշումը: Մոսկվան, ի տարբերություն Վաշինգտոնի, մի քանի անգամ հայտարարել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել:
Սիրիայի կառավարական ուժերի ԱՄՆ-ի հրթիռակոծությունը պատասխանն էր Իդլիբում քիմիական զենքի օգտագործմանը: Իսկ ո՞վ էր իրականում գործի դրել այդ զենքը: Մինչև հիմա այս հարցն օդում է կախված, պատասխան չկա: Դրա փոխարեն շատ են վարկածները, որոնք պտտվում են մեկ նպատակի շուրջ. զենքի օգտագործումը պրովոկացիոն քայլ էր՝ խաթարելու ռուս-ամերիկյան փոքրիշատե կարգավորվող հարաբերությունները: Ահա դրանցից մի քանիսը:
Առաջին վարկածն այն է, որ ռմբակոծության հեղինակը Դամասկոսն էր: Այս վարկածի կողմնակիցներն այն համոզմանն էին, որ Ասադը նման քայլով մտադիր էր տապալել Ժնևյան և Աստանայի բանակցությունները, հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով ու ավելացնել իր ազդեցության տակ գտնվող տարածքները: Իսկ ռազմական ճանապարհով հարցերի լուծումը հնարավոր կլիներ միմիայն Ռուսաստանի աջակցությամբ: Ահա թե ինչու այս տարբերակն առաջարկողները վստահ են, որ Ասադին պետք էր մի այնպիսի քայլ, որը կխաթարեր ռուս-ամերիկյան հարաբերությունները: Եթե գնանք նշված տարբերակով, ապա կարելի է եզրակացնել, որ Ասադի մտադրությունները չիրականացան, անգամ մի պահ նրան քաղաքական դաշտից հեռացնելու հարցն առաջացավ:
Երկրորդ վարկածի հերոսն Իրանն է: Որոշ քաղաքական վերլուծաբաններ ասում են, որ քիմիական զենքի օգտագործման գործում Իրանի մատն է խառը: Իսկ ինչո՞ւ է շոշափվում Իրանի անունը: Ռուսաստանն Իրանի համար վստահելի գործընկեր չէ. առաջին անգամ չէ, որ Մոսկվան գործակցելով Թեհրանի հետ՝ վերջին պահին դավաճանել է Իրանին: Այս քայլով Թեհրանը մտադրություն ուներ սեպ խրելՄոսկվայի ու Վաշինգտոնի միջև՝ նրա հայացքը կրկին ուղղելով դեպի դաշնակից Ասադն ու Իրանը:
- Քիմիական ռեակցիա Սիրիայում. Ինչու ԱՄՆ-ը ռմբակոծեց սիրիական ավիաբազան և ինչ է սպասվում հիմա Ասադին
- Աստանայի բանակցությունները Սիրիայի հարցով. Ինչո՞ւ էին աննախադեպ
- Հիմա ո՞ր երկիրը որի դեմ է Սիրիայում և ո՞վ առաջինը կհաղթի «Իսլամական պետությանը»
Երրորդ վարկածը վերաբերում է Սիրիայի ընդդիմության մեղսակցությունը: Չէ որ նախագահական աթոռին նստելով՝ Թրամփը հայտարարեց, որ առաջնայինն ահաբեկիչների դեմ պայքարն է, իսկ Սիրիայի հարցը սիրիացիների ներքին խնդիրն է: Թրամփի այս հայտարարությունն ընդդիմության համար համահավասար էր մահվան դատավճռի: Նրանք հասկանում էին, որ Ասադի կամ ավելի ճիշտ՝ Ռուսաստանի դեմ պայքարն անիմաստ է՝ առանց ԱՄՆ աջակցության: Դրա համար անհրաժեշտ էր խառնել քարտերն ու ամերիկացիներին հանել Ռուսաստանի դեմ:
Ով էլ, որ լիներ պրովոկացիոն քայլերի հեղինակը, որ ուժն էլ, որ լիներ դրա հետևում կանգնած, միևնույն է, նպատակն իրականացնել չստացավ: Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, կտրուկ քայլեր չարեց: Սառնասրտորեն վերաբերվելով հարցին՝ Մոսկվան կարողացավ կողմերին հանդարտեցնել ու վստահեցնել, որ իր դիրքորոշումը չի փոխվել:
Քիմիական զենքի կիրառումից ու ավիաբազայի հրթիռակոծումից ռուս–ամերիկյան հարաբերությունները չխաթարվեցին: Ավելին, Թրամփի ու Լավրովի հանդիպումից հետո և ԱՄՆ, և ՌԴ լրատվամիջոցներն ակնարկեցին, որ լարվածությունը մեղմացել է: Երկու կողմերն էլ դեռ հույս ունեն լավացնել հարաբերությունները: