Կյանքը մանրիկ երջանկությունների ու մանրիկ փորձությունների մի շղթա է, որը... կոփում է կամ կոտրում՝ ըստ մեր ընտրության. այսօր Սյունե Սևադայի տարեդարձն է
Տարվա 16-րդ օրը ծնվել է գրող, լրագրող, էսսեիստ Սյունե Սևադան: Ստեղծագործում է դեռ պատաեկան տարիքից, առաջին գործերին ընթերցողը ծանոթացել է նրա բլոգից: 2019-ին տարբեր տարիների պատմվածքներն ամբողջացրեց մեկ՝ «Կախվածություն» կոչվող գրքում: Իսկ 2022-ին Սյունեն
1. Կյանքից կախվածության մեջ եմ. երազանքներիս պարանը գցել եմ կյանքի վզից ու ճոճվում եմ: «Կախվածություն» բառը միմիայն ուղիղ իմաստով եմ հասկանում ու թքած ունեմ բոլոր բացատրական բառարանների վրա: Ես ճոճվում եմ ու երազում, ճոճքիս տեմպը չեմ կորցնում ու փորձում եմ մտովի բաս կիթառի սոլո ավելացնել: Հետո, երբ հոգնում եմ երազանքներս տարուբերելուց, հայտնվում եմ կյանքիս գրկում ու սկսում սեր մուրալ. ականջներն եմ կծում, ճակատին դհոլ եմ խփում, ականջի տակ երգում եմ ու փորձում գերել աչքերի խորաթափանց արտահայտությամբ: Ջանում եմ սիրուն տառապել, արտիստիկ զռռալ սենյակով մեկ՝ հերթական տխմարին անպատասխան սիրահարվելուց հետո: Հայելու առաջ եմ լացում, որ եթե առիթ ունենամ հասարակական վայրում սիրուց տոչորվելու, էսթետիկորեն տառապեմ:
2. Մինչև կյանքս ինձ սեր չխոստովանի, հենման կետ չեմ գտնի ու ա՛յ էսպես էլ ճոճորվող կմնամ: Կգա մի օր, ու ես կհասկանամ, որ հենման կետ չեն գտնում, հենման կետ ստեղծում են, որ պարանից կապած երազանքներդ ամրացնում են հենման կետին, որ նպատակ դառնան ու հետո իրագործվեն: Բայց այդքանը հասկանալու համար դեռ բավականաչափ չեմ մեծացել. առայժմ չի ստացվում ճիշտ դեմքի արտահայտությամբ սխալներ անել, դեռևս ապուշի դեմքով եմ սխալներ անում: Ու դեռևս երազանքներ միայն ճոճում եմ, ոչ թե իրագործում:
3. Կյանքը դերասան է, մարդիկ՝ թատրոններ։ Ու ես չգիտեմ՝ ինչպես դառնալ քո թատրոնը՝ անգամ եթե հետս ուղղակի խաղալու ես։ Կամ ինչպես կյանքին համոզեմ, որ հետդ դերասանություն անի, համոզի-բերի։ Գրողը քեզ տանի։ Չէ՛, չտանի, բերի։ Գրողը քեզ բերի, քո բերրի գործունեությունից պոկի, թեկուզ՝ բռի, ու բերի:
4. -Իհարկե, ամեն բան երկկողմանի է: Պիտի զգաս, շնչես, շոշափես, սիրես, ցավես, կորցնես, ձգտես, հաղթես, տանջվես: Անտարբերությունից ավելի վատ բան չկա, մարդիկ դա լավ են հասկացել: Սա բոլոր դեպքերում է գործում, անգամ՝ էլեկտրատեխնիկայի: Հենց որևէ իր սկսում ես քիչ օգտագործել ու չես հիշում իր մասին, փչանում է: Եթե ավելի լուրջ, երևի թե ավելի լավ է զայրացնել Աստծուն, նեղացնել, սխալ հասկանալ, անտեղի մեղադրել, միայն թե անտարբեր չլինել: Նույն այդ պատճառով երդվյալ աթեիստները Նրա կողմից շատ ավելի ընդունելի են, դա ընդամենը վերաբերմունքի տեսակ է, բայց այ շատ ավելի բարդ է չհետաքրքրվողների հետ լեզու գտնելը: Այն էլ դեղնակալած մեկնություններով:
5. Պատերազմը ստիպում է հաշվել այն, ինչ խաղաղության մեջ չես հաշվի։ Օրինակ՝ թութը։ Կամ ոտքերը։ Խաղաղությանը մեկ է՝ քանի ոտք է քայլում փողոցում։ Պատերազմը ստիպում է հաշվել, ու հաճախ զույգ թվի փոխարեն կենտ թիվ ես տեսնում:
6. Մոխրագույն պատերով տան մեջ մոխրագույն մարդիկ չեն ապրել: Հատակով մեկ ոտաբոբիկ միայն փոշին չի քայլել: Տան ետևում գտնվող մատուռում քարերը հպվել են շուրթերին ու խնդրանքը հասցրել Աստծո երկու միլիոն անուններին: էհ, չի օգնում, ցանկացած բան տանելի է, եթե փորձում ես գեղարվեստորեն մոտենալ, սակայն այս անգամ դա էլ չի մխիթարում: Երկհարկանի տունը կարծես փոշուց գործած լինեն. անգամ մի ոտնաչափ տեղ չկա, որպեսզի գրական զեղումներդ գետնին դնես: Դրա համար ճամպրուկիս հետ միասին դրանք էլ եմ գրկել ու մեխվել տեղումս: Նայում եմ պատերին ու զգում՝ ինչպես է հարմարավետությանս գոտին ճռռում ու ճաք տալիս:
7. Կյանքը մանրիկ երջանկությունների ու մանրիկ փորձությունների մի շղթա է, որը... կոփում է կամ կոտրում՝ ըստ մեր ընտրության:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Սյունե Սևադայի «Աղի թեյ» վեպի շնորհանդեսը (թիզեր)
- «Ինքս անցա այդ ամենի միջով»․ Սյունե Սեւադայի «Աղի թեյ» գրքի շնորհանդեսը
- 5 պատճառ՝ ինչու պետք է կարդալ «Աղի թեյ» գիրքը (լուսանկարներ)
- Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Սյունե Սևադայի առաջին վեպի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Երևանյան բեսթսելեր». «Աղի թեյը»՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2022
- Կանայք, գիրք ու գինի ձևաչափով հանդիպում կին ընթերցասերների ակումբում (լուսանկարներ)