Գլխավոր Հոդվածներ

Ցեղասպանագիտության շաբաթվա 3-րդ օրը Newmag-ը ներկա

Ցեղասպանագիտության շաբաթվա 3-րդ օրը Newmag-ը ներկայացրեց Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվ» գիրքը (լուսանկարներ)

04/24/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունը ու ՀԲԸՄ-ը շարունակում են «Ցեղասպանագիտության շաբաթը»։ Քառօրյակի 3-րդ հեղինակը շվեյցարահայ լուսանկարիչ, լրագրող Դեմիր Սյոնմեզն էր, որն այցելել է Հայաստան հատուկ «Վիրավոր արծիվ» ֆոտոալբոմի հայերեն հրատարակության շնորհանդեսի համար։





Արցախի պատերազմի, շրջափակման, տեղահանության ու այդ ցավալի դեպքերին հաջորդող իրադարձությունների մասին հեղինակը ներկայացրել է իր լուսանկարներով, հստակ մեկնաբանություններով, միջազգային տարբեր հարթակներում հնչած հայտարարություններով։ Իսկ ֆոտոալբոմ-վավերագրությունը վերնագրել է «Վիրավոր արծիվը»։





Դեմիր Սյոնմեզը, մինչև Արցախի պատերազմ մեկնելը, աշխատել է նաև Իրաքում, Սիրիայում. «Արցախում տեղի ունեցածն ինձ վրա խորը հետք է թողել: Երբ սկսում եմ դրա մասին մտածել, հուզվում եմ: Հայ ժողովուրդը կեղեքված ժողովուրդ է, Արցախի ժողովուրդն էլ ավելի կեղեքված է։ Արցախցիները չունեին ո՛չ հակաօդային համակարգ, ո՛չ ժամանակակից զենքեր, որ պաշտպանվեին։





Արցախի ժողովրդի դեմ կռվել են ՆԱՏՕ-ի զորքերը։ Ի պաշտպանություն Թուրքիայի` մասնակցել են իսրայելցիներ, պակիստանցիներ։ Արցախում զոհվածների միջին տարիքը 18-ից 22 տարեկաններն էին։ Հայ ժողովուրդն աշխարհի աչքի առաջ կոտորվեց, ցեղասպանության ենթարկվեց։ Իսկ Եվրոպան խուլ ձևացավ, միջազգային մեդիան աչք փակեց այս ամենի առաջ»։  





Գրքի շնորհանդեսին ներկա լուսանկարիչ, վավերագրող Արեգ Բալայանը նույնպես այդ շրջանում եղել է Արցախում։ Բայց պատերազմից հետո հրաժարվել է նկարահանել տեղահանությունը. «Ես չէի կարող նկարել իմ մորը, հորը, հարազատներին այդ ողբերգական, ողորմելի իրավիճակում։ Ուղղակի չկարողացա...Պատերազմում էլ տեսնում էի, թե ինչ է կատարվում, բայց նկարել կարողացա ոչ ամենը ինչ։ 

Որոշ բաներ պարզապես թույլ չէին տալիս, որոշ բաներ ինքս չնկարեցի։ Բայց սահմանափակումները շատ էին։ Մենք նկարել ենք կատարվածի 15-20%-ը։ Ռազմաճակատը նկարելու թույլտվություն ունեին միայն մի քանի խումբ։ Օրինակ, Զինվորական հոսպիտալն այդպես էլ չկարողացանք նկարել, իսկ հիվանդանոցը նկարել եմ գիշերով»։




Գրքում Դեմիր Սյոնմեզն օգտագործել է նաև Արմենպրես լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Մանուկյանի լուսանկարները։ Արմենպրես լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը կարծում է, որ նման գրքերը թույլ չեն տալիս, որ ժամանակի մեջ կորչեն պատմությունն ու իրականությունը. 

 




«Մեր գործընկերն աշխատել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Դրանից հետո տեղի ունեցած Արցախի հայաթափման նկարները գրքում ամփոփելու համար հեղինակը դիմեց Արմենպրեսին, որպեսզի օգտագործի Հայկ Մանուկյանի լուսանկարները: Լուսանկարներում ամփոփված են մարդկանց վիշտը, ցավը կորուստը...

Այս աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի չմոռացվեն կարևոր դեպքերը։ Չէինք պատկերացնում, որ 21-րդ դարում կարող էր տեղի ունենալ նման բան։ Ֆոտովավերագրությունը շատ կարևոր է։ Օրինակ, մեր լուսանկարներն օգտագործվել են Հաագայի դատարանում, երբ միջազգային դատարանը պարտավորեցնում էր բացել Լաչինի միջանցքը»։





Դեմիր Սյոնմեզի լուսանկարները մասնակցել են տարբեր միջազգային ցուցահանդեսների, շահել են մրցանակներ։ Իսկ «Վիրավոր արծիվը» գիրքը ներկայացված է միջազգային գրադարաններում։





Կարդացեք նաև

Տարածել

Վիրավոր արծիվը
Վիրավոր արծիվը

Դեմիր Սյոնմեզ

8800 ֏

Նկարագրություն

«Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) գրքում լուսանկարիչ և լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023): Նա յուրովի է փոխանցում պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Լուսանկարներն ուղեկցվում են գրավոր նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ և ընկղմում պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Այս գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք՝ զոհվածներին և սթափության կոչ՝ համայն մարդկությանը։