[2020-ի ամփոփում] Ծանր ժամանակներից հետո Newmag-ի լավագույն տարիներն առջևում են
Newmag-ն ամփոփում է 2020-ն ու գերհագեցած ծրագրերով մուտք գործում 2021։ Այս տարի մեր հրատարակչությունն ընթերցողին է ներկայացրել 16 գիրք՝ այն դեպքում, երբ տարվա ուղիղ կեսը երկիրը նախ պայքարում էր կորոնավիրուսի դեմ, իսկ հետո վրա հասավ պատերազմը։ 2019-ին մենք
2020-ին Newmag-ը թարգմանել ու հրատարակել է համաշխարհային բեսթսելլերների շքերթը գլխավորող մի շարք գործեր։ Դրանցից մեկը Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքն է։ Իր կյանքը, երազանքներն ու ծրագրերը Միշելը ներկայացնում է առանց չափազանցությունների, առանց ավելորդ հուզական ելևէջների, սովորական մի աղջիկ, ով գիտեր ինչ է ցանկանում։ Նախկին առաջին տիկինն իր պատմության միջոցով ցանկացել է ընթերցողին փոխանցել պարզ հորդոր՝ մի վախեցիր երազանքներից, մի փախչիր քո կենսագրությունից, պարզապես իրագործիր նպատակներդ։
Սա պատասխանատու նախագիծ էր, որն իրականացվեց պատվով՝ նկատում է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը. «Յուվալ Նոյ Հարարիի 3 աշխատություններով մենք շարունակեցինք ինտելեկտուալ գրականության հրատարակության ավանդույթը։ Newmag-ն իր ընթերցողին ներկայացրեց գիտական աշխատություններ, որոնք փոխում են մարդկանց պատկերացումները աշխարհի և մարդկանց հանդեպ: Սա շատ կարոևոր է հատկապես հայ ընթերցողի համար, քանի որ նոր մտքերի, գաղափարների, գիտական նոր ստրուկտուրաների կարիք ունի և առանց դրա չենք կարող ապրել 21-րդ դարում։ Newmag-ը տալիս է 21-րդ դարին հարմարվելու գործիքներ»։
Ըստ Գնել Նալբանդյանի, Newmag-ի առավելությունն այն է, որ կարողանում է համոզիչ փաթեթավորմամբ ներկայացնել ընթերցողին։ Գուցե ընթերցողի համար անծանոթ են Սյուզան Փոլ Փաթիի «Հայ լեգեոնականներ» և Նիլ Ֆերգյուսոնի «Մեծ անկում» գրքերը, սակայն այս տարի ևս համոզվեցինք, որ ինտելեկտուալ գրականության պակաս կա ու պետք է լրացնել. «Այլ կերպ ինտելեկտուալ գրականությունը դժվար թե կարողանա հայտնվել գրախանութներում, իսկ նյումեգը կարողանում է ոչ միայն ընտրել ինտելեկտուալ, արդիական գրքեր, այլև ապահովում է վաճառքը: Վաճառք կազմակերպելը Newmag-ի առավելություններից է»։
Այս տարի հրատարակեցինք մի քանի հայ գրողների նոր գործեր։ Արա Թադևոսյանի «Երկու աղջիկ, երկու ռոք աստղ՝ չհաշված Արարատը», Հարութ Կբեյանի «Լոտո», Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գործերը ևս մեծ աևձագանք ստացան ընթերցողների շրջանակում։ Մեր օրյա Հայաստանը, մեր երազանքներն ու դժվարությունները հաղթահարելու բանալիները կարելի է գտնել այս գործերում։
Երկու հայ գրողների գործերը թարգմանությունն ու հրատարակությունը համընկավ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» արցախյան առաջին պատերազմի մասին է, ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդ, ովքեր ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Այս պատմության բազմաթիվ օրինակների ականատես եղանք նաև հենց այս տարի ու գուցե դա էր պատճառը, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գիրքը վաճառքի մեծ ցուցանիշ գրանցեց։
Արդիական թեմաներ էր արծածում նաև Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը։ Մոսկվաբնակ գրողը տավուշյան իր արմատները, գյուղի իր հարևանների ապրելակերպն ու հոգսերը ներկայացնում է կոլորիտային ոճով ու անկեղծ լեզվով, ինչն էլ իր գրականությունը դարձնում է սիրված, նկատում է Գնել Նալբանդյանը. «Այս գործը ներկայացրեցինք նոր շապիկով ու նորովի։ Թվում է՝ անձնական գրականություն է, սակայն եթե այն գրավել էռուս ընթերցողին, ապա զարմանալի չէր, որ հայ ընթերցողների համարևս դարձավ սեղանի գիրք»։
Այս տարի Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները սկսեցին իրականացնել նոր նախագիծ՝ «Հայ-ռուսական մատենաշար»։ 2021-ին բազմաթիվ նախագծեր կան, որոնք կյանքի կկոչվեն՝ ռուս գրականության ժամանակակից գործերը հասանելի կլինեն հայերենով։
Նախորդ տարվա նախագծերից՝ թարգմանել Շառլ Ազնավուրի բոլոր գործերը մինչև մեծ արտիստի 100-ամյակը, 2020-ին շարունակվեց ու արդյունքում ևս երկու գործ թարգմանվեց հայերեն՝ «Քանի սիրտս բաբախում է» և «Վերջին դուռը» գրքերը։
Newmag-ը ծրագրել էր ավելի շատ գրքեր հրաատարակել, սակայն պատերազմի ու կորոնովիրուսի պատճառով աշխատանքները որոշ ժամանակով դադար տվեցինք։ Այդ ամիսներին թագավարակի սարսափների, սահմանափակումների ու պատճառած վնասների մասին իտալացի երիտասարդ գրող Պաոլո Ջորդանոն գրեց «Համավարակ» գիրքը, մենք էլ թարգմանեցինք ու հրատարակեցինք։
Մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարևոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել՝ ներկայացնում է Գնել Նալբանդյանը, «Newmag-ում բազմաթիվ աշխատանքներ հետաձգվեցին, բայց թարգմանական ու հրատարակչական պրոցեսը շարունակվեց: Այս գիրքը հայ ընթերցողին օգնում է լիարժեք պատկերացում կազմել ոչ միայն կորոնավիրուսի, այլ այն հաղթահարելու գիտական մեխանիզմների մասին, դրանք պարզ, հասկանալի լեզվով է մատուցված։ Յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվությունը սա կարծես լինի մի ձեռքի մատների վրա բարձրագույն մաթեմատիկա»։
Ըստ նրա, երբ աշխարհն ապրում է մի ընդհանրական ցավով, Newmag-ը կարողանում է մատը դնել ցավոտ կետերի վրա ու օգտակար լինել ընթերցողին։ Գնել Նալբանդյանի խոսքով, մեր հրատարակչության լավագույն տարիներն առջևում են։