BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

The New Yorker. Երբ աղջիկս որոշեց դառնալ Բեն Լադեն

The New Yorker. Երբ աղջիկս որոշեց դառնալ Բեն Լադենի կինը

Այնքան հեշտ է մատը տնկել ու հարցնել՝ ես ինչպես կարողացա, սիրող մայր լինելով, թույլ տալ, որ իմ տասնութամյա դուստր Ամալ Ահմեդ ալ-Սադահը 2000 թվականին ամուսնանա Օսամա բեն Լադենի հետ:

Դե՛, գիտե՞ք ինչ, նրա ամուսնանալու տարիքն էր:

Գուցե ես լավագույն օրինակը չեմ եղել, քանի որ դեռահասության ժամանակ ես իմ ավարտական երեկույթին գնացի Իդի Ամինի հետ: Իհարկե, այսօր Իդիին բոլորը հիշում են որպես խելագար մարդասպան-բռնակալի, բայց այն ժամանակ նա դեռ երեխա էր՝ թավշյա կապույտ սմոքինգով, ինձ առաջարկում էր մի հոյակապ սեղմիրան, ես էլ կարծում էի, թե դա շատ սիրալիր քայլ է, մինչև հասկացա, որ այն պատրաստված էր մարդու ձեռքից: Բայց Իդին ինձ սիրահարված էր, ու մենք միաձայն ընտրվեցինք երեկոյի թագավոր ու թագուհի, ինչից առաջ իրականում ընտրված զույգը, իհարկե, անհետացավ: Ինձ նաև ընտրեցին Միսս հանրաճանաչ, սքանչելի, ամենահամակրելի ստրկատիրուհի:
Իմ գերդաստանի կանանց միշտ էլ ձգել են ազդեցիկ տղամարդիկ: Մի անգամ տատիս հարցրեցի՝ ճի՞շտ էր պատմությունը, որ նա կապված էր եղել Հիտլերի հետ:

Նա նվաղկոտ ձայնով մրմնջաց. «Դա շա՜տ վաղուց էր, իր փոքրիկ բեղերից էլ առաջ: Մենք հրաշալի ժամանակ էինք անցկացնում միասին, երկար զբոսնում էինք, ջրաներկով նկարում ու գիշերներ լուսացնում` զրուցելով, թե ինչպես նա մի օր Լեհաստանը կվերանվանի իմ պատվին ու այն կկոչի Իմ Իսկապես Սիրունիկ Ընկերուհի: Նա այնքա՜ն քնքուշ էր, սակայն պետք է խոստովանեմ, որ սիրային բանաստեղծություններ գրելու հարցում նա չէր կարող համեմատվել Իոսիֆ Ստալինի հետ»:
Իմ քրոջը նախապես նշանել էին Սադամ Հուսեյնի հետ: Չէի ցանկանա սա ասել, բայց նա մի անգամ Սադամին ասաց. «Ես քեզ հետ չեմ ամուսնանա, եթե ինձ ադամանդ, բնակարան ու ատոմային ռումբ չնվիրես»:

Ամեն ինչ լավ էր, մինչև ԱՄՆ-ը գրավեց Իրաքը: Սադամը փախուստի դիմեց, քույրս էլ ձեռքը հուսահատ թափ տվեց ու սկսեց ժամադրվել Քիմ Յոնգիլի հետ:
«Կներես,-գրել է նա Սադդամին էլեկտրոնային նամակով,- բայց ինձ առավել հաստատուն հարաբերություններ են պետք»: Անձամբ ես միշտ էլ կարծել եմ, որ Քիմը նման էր ստյուարդեսի, բայց քույրս բացատրեց. «Ամեն առավոտ նա ստիպում է, որ ամբողջ բանակը երգի՝ մենք սիրում ենք մեր գերագույն հրամանատարին, նրա հարսնացուն էլ շատ կրքոտ է»:
Երբ Ամալը սկսեց լրջորեն հետաքրքրվել Օսամայով, ես նրան զգուշացրի՝ ասելով. «Բայց նա արդեն երկու կին ունի», ինչին նա պատասխանեց. «Ուզում ես ասել` երկու չա՞ղ կին»:

Դեռահաս տարիներին Ամալն իր սենյակի պատերը ծածկել էր Ֆիդել Կաստրոյի, Մանուել Նորիգայի ու Ջասթին Թիմբերլեյքի նկարներով: «Ջասթինն ամբողջ մեդիայի բռնակալն է»,- ասում էր Ամալը: Մենք միասին դիտում էինք «Ընկերները» սերիալը, բայց երբ ես տարվել էի Դեյվիդ Շվիմերով, Ամալը փնչացրեց. «Իհարկե, լավիկն է, բայց որտե՞ղ են նրա անգութ թիկնապահները»: Մայրիկիս սիրելի հաղորդումը «Ոսկե աղջիկներն» է, քանի որ այն ցույց է տալիս իդեալական ընտանիքը, որտեղ գլխավոր դերում է «այդ գեղեցկադեմ Բի Արթուրը՝ իր նվիրյալ հարճերով»:
Երբ Ամալը սկսեց մտածել Օսամայի հետ ամուսնանալու մասին, ես նրան աղերսեցի այլ հնարավորություններ նույնպես փորձել, և նա սկսեց հանդիպել Մուամար Քադաֆիի հետ:

Ես զգուշանում էի Մուամարից, որովհետև իր գանգուր սև ներկած մազերով ու պսպղան հագուկապով նա ինձ վրա հոգեկան հիվանդի տպավորություն էր թողնում: Բայց Ամալն ասում էր, որ երբ իրենք երկուսով էին լինում՝ թաքնվելով ապստամբներից, Մուամարը շատ հմայիչ էր դառնում ու երբեմն նույնիսկ թույլ էր տալիս, որ Ամալը սուրճի տարաների վրա կրակի իր ոսկե ատրճանակով: «Այնքա՜ն ռոմանտիկ էր,- ասում էր նա:- Ես ինձ Լին Չինի էի զգում»:


The New Yorker-ի այլ հոդվածներ`



Բայց սրտին չես հրամայի, և Ամալն աստիճանաբար վերադարձավ Օսամայի մասին մտքին: Նրա հարսանեկան օժիտը հրաշք էր. Ամալը ստացավ Կելվարի սպիտակեղեն, մեքենա վարող կանանց լուսանկարներ և մի խոհանոցային գոգնոց, որի վրա գրված էր. «Քո մյո՛ւս կանանց ասա, որ ճաշ եփեն»:
Իր հարսանեկան գիշերը Ամալը բարձրաձայնեց. «Կարծում ես՝ ես երբևէ նրան իրականում կտեսնե՞մ»: Բայց մի քանի շաբաթ անց նրան օդանավով տարան մի գաղտնի տարածք, և վերջապես սկսվեց նրա ամուսնական կյանքը:

Ես ինձ բոլոր Քարդաշյանների մայր Քրիս Ջեներ էի զգում: Վերջերս զանգահարեցի Քրիսին ու հարցրի. «Երբ քո դուստր Քիմը այդքան սխալներ գործեց, ու ամբողջ աշխարհը դուրս եկավ նրա դեմ, դուք ի՞նչ արեցիք»: Իսկ Քրիսը ջերմորեն և իմաստնաբար պատասխանեց. «Կիմանաք առավոտյան շոուի ժամանակ»:

Հեղինակ` Փոլ Ռուդնիկ


Թարգմանիչ` Լիլիթ Հակոբյան

Տարածել