Տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն. Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
05/20/2025

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը Newmag & Friends ծրագրով Արմենիա Հ/Ը «Բարի լույսի» եթերում ներկայացրեց Էդուարդ Աբրահամյանի և Գևորգ Մելիքյանի «Համապարփակ Անվտանգություն. Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» աշխատությունը։
Հեռուստաշնորհանդեսին ներկա «Համապարփակ անվտանգություն» գրքի համահեղինակ, Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագիտության թեկնածու Գևորգ Մելիքյանը պատմեց, որ աշխատությունն ի սկզբանե հետազոտություն էր, բայց որոշվեց, որ այն կդառնա նաև գիրք։
Հեղինակները ներկայացրել են բոլոր այն շերտերը, որոնք անվտանգային բաղադրիչի մաս են, քանի որ ժամանակակից աշխարհում անվտանգության բաղադրիչ են ոչ միայն ֆիզիկական ուժը, սահմաններն ու ռազմական գործողությունները, այլ նաև կրթությունը, բնապահպանությունն ու գրեթե բոլոր ոլորտները.
«Մենք անդադար տեղեկատվական գրոհների տակ ենք, դրանք բոլոր ոլորտներում։ Գրքում Իսրայելի օրինակն ենք բերում, քանի որ մի քանի ամիս Իսրայելում ուսումնասիրել ենք այդ երկրի անվտանգային ու ռազմավարական մտածողությունները, փորձը։ Ուզում էինք տեսնել, թե թշնամական իրավիճակում փոքր պետությունը, ինչպես է դիմակայում ու դիմադրում մարտահրավերներին»։
Գրքում գլխավոր շեշտը ուժի ներկայությունն է ու ռազմական բաղադրիչը։ Մասնագետները կարծում են, որ ուժը նորից գերակայում է։ Հեղինակները քննարկել են նաև, թե ինչպես պետք է հանրությունը պատրաստ լինի այդ խնդիրներին.
«Պաշարված ամրոցի կոնցեպտն ենք քննարկել, մենք շրջապատված չենք քաղաքակիրթ բարեկամ հարևաններով, չունենք ծով, ունենք էներգետիկ խնդիրներ։ Դա թուլացնում է մեզ։ Պետք է ունենալ ուժեղ, պետական ռազմավարական քաղաքականություն։ Հիմնական շեշտն այն է, որ պետք է ունենանք անվտանգության հանդեպ նոր մոտեցում»։
Գրքի հեղինակ Գևորգ Մելիքյանն ասում է, որ այլ երկրների օրինակները գրքում ներկայացրել են ոչ թե նմանակելու, այլ ոգեշնչվելու համար. «Օրինակ, մենք ռելիեֆային առումով ավելի հարմար իրավիճակում ենք գտնվում, քան Իսրայելը, որն անապատային է։ Շվեյցարիան ունի կենտրոնացված համակարգ, որը կորդինացնում է սպառնալիքները, մարդիկ զենք են պահում տանը։ էստոնիան կիբերանվտանգության առաջատարներից է։ Այն ամենն, ինչը վերլուծել ենք, ինչի մասին խոսել ենք, տվել ենք նաև՝ ի՞նչ անել հարցերի պատասխանները։
Գրքի վերջում տասնյոթ հայեցակարգային առաջարկներ ենք անում պետական ու ոչ պետական մարմիններին։ Անդրադառնում ենք Սփյուռքի հետ կարևոր աշխատանքին, ստրատեգիական մտածողության զարգացմանը կրթության ոլորտում։ Մեզ պետք են մտածողներ՝ քննադատական ու ռազմավարական։ Գրքում շեշտը դնում ենք նաև հետախուզության վրա, առանց դրա չկա անվտանգություն»։
Այս գրքով հեղինակներն ուզում են փոխել անվտանգության մասին վերաբերմունքը, քանի որ փոփոխվող աշխարհը երբեք ինքն իրեն անվտանգ չի դառնում։
Կարդացեք նաև

Էդուարդ Աբրահամյան
Գևորգ Մելիքյան
4800 ֏
Նկարագրություն
Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։
Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։ Ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի քննադատական հետազոտության հիման վրա աշխատությունն առաջարկում է նորարար մոտեցում։ Այն միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։
ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։
Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։
Այս գրքի հրատարակության իրավունքները պատկանում են «Արար» հիմնադրամին։ Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրով։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
