BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ են առաջարկում փոխել ընտրական օրենսգրքում

Ի՞նչ են առաջարկում փոխել ընտրական օրենսգրքում

Հայաստանում իշխանափոխությունից հետո քաղաքական օրակարգի գլխավոր հարցը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց մինչեւ այդ կառավարության եւ խորհրդարանի գլխավոր խնդիրն է նախ փոխվի Ընտրական օրենսգիրքը: Այդ փոփոխությունների գլխավոր ուղենիշները արտահայտված են Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում: Բացի այդ` ձեւավորվել է 2 հանձնաժողով խորհրդարանական եւ կառավարական, որոնք ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկներ են ներկայացնում ու քննարկում: Այդ առիթով ի մի ենք բերել ամենահետաքրքիր առաջարկներն ու դրանց հակափաստարկները:
Ի՞նչ է գրված Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում ԸՕ բարեփոխումների վերաբերյալ:


  1. Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,

  2. Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,

  3. Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,

  4. Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,

  5. Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,

  6. Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։


Ի՞նչ է առաջարկել ԸՕ բարեփոխումների կառավարական հանձնաժողովը`

  1. Անցնել 100 տոկոս համամասնական համակարգի: Քվեարկությունն անցկացնել կուսակցությունների կողմից ներկայացված փակ ցուցակներով:


Այս առաջարկի ընդդիմախոսները կարծում են, որ 100 տոկոսով համամասնական փակ ցուցակները պակաս ժողովրդավարական են: Կուսակցությունները իրենք են կազմում ցուցակը եւ ընտրողը հնարավորություն չունի փոփոխության ենթարկել այդ ցուցակները:

  1. Իջեցնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անցողիկ շեմը 1 տոկոսով` դաշինքների դեպքում դարձնելով 6, կուսակցությունների դեպքում 4:


Այս առաջարկի ընդդիմախոսները համարում են, որ այս շեմի իջեցումը ինքնանպատակ է, որովհետեւ այն չի նպաստում խորհրդարանական համակարգի կայացմանը: Որքան ցածրացվում է անցողիկ շեմը այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ ընտրությունից ընտրություն կձեւավորվեն «ֆաստֆուդ» կուսակցություններ, իսկ մեծ կուսակցությունները չեն կարծրանա:
Խորհրդարանական հանձնաժողովում ի՞նչ է առաջարկել ՀՀԿ-ն`

  1. Ստեղծել քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց:


Այս առաջարկը համընկնում է կառավարության ծրագրում նախատեսված  ուղենիշների երրորդ կետին: Այսինքն` բոլոր տեղամասերում սարքերը միացված պետք է լինեն իրար եւ երբ որեւէ տեղամասում մարդը մատնահետք է հանձնում, այլ տեղամասում քվեարկել փորձելու դեպքում համակարգը թույլ չի տա նրան քվեարկել:

  1. Տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը նախատեսել միայն նույնականացման քարտերի միջոցով:


ՀՀԿ-ն համարում է, որ արտահերթ ընտրությունը լավ առիթ է, որպեսզի ամբողջ հասարակությանը մասսայաբար բաժանվեն ID քարտեր: Իշխանական կուսակցությունները համարում են, որ դա ծախսատար ծրագիր է: ՀՀԿ-ն կարծում է, որ դրա համար կան դոնորներ, որոնք կֆինանսավորեն:

  1. Բոլոր տեղամասերը ապահովել տեսախցիկներով եւ ապահովել համաժամանակյա հեռարձակմամբ հատուկ կայքի միջոցով:


Այս առաջարկը եւս ծախսատար է կառավարության համար, որովհետեւ տեղամասերը տեսախցիկներով կահավորելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ: Նախորդ ընտրություններին օգտագործված 1200 տեսախցիկները բաժանվել են գերատեսչույթյուններին և կառավարությունը ստիպված նոր տեսախցիկներ պետք է գնի:

  1. ՀՀԿ-ն առաջարկում է, որ ոչ միայն ընտրություններին գրանցումը լինի տեխնիկական սարքերի միջոցով, այլեւ հենց` ընտրությունը:


«Ընտրողը մոտենում է սենսոր սարքին, կուսակցության սիմվոլները կամ անունները կան, մատով կպնում է, բացվում է կուսակցության  ցուցակը, մատով կպնում է, բացվում է համապատասխան թեկնածուի անունը, և տպվում է քվեաթերթիկը՝ որպես քվեարկության հիմք, և այդ ամենը ապակու տակ, որպեսզի հնարավորություն չունենա նշում կատարելու: Անձը, տեսնելով, որ քվեարկությունն արտացոլում է իր նախընտրությունը, սեղմում է կոճակը, և քվեարկությունն ավտոմատ եղանակով կատարվում է, և քվեաթերթիկն ավտոմատ ընկնում քվեատուփի մեջ», - ասում է Դավիթ Հարությունյան:


Կարդացեք նաև.



Խորհրդարանական հանձնաժողովում ի՞նչ է առաջարկել ՀՅԴ-ն

  1. Անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, բայց հանրապետական բաց ցուցակների:


Սա հակասում է կառավարական հանձնաժողովի առաջարկին, որոնք առաջարկում են փակ համամասնական ցուցակով անցկացնել քնեարկությունը: ՀՅԴ-ն կարծում է, որ այսկերպ հասարակությունը մասնակցություն կունենա կուսակցական վերադասավորումներին:

  1. Ընտրություններից առաջ (ողջամիտ ժամկետներով) դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունն ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ։


Առաջարկի ընդդիմախոսները համարում են, որ կուսակցության ու որեւէ բարեգործական կազմակերպության անունները կարող են համընկնել, բայց այդ կրկուսը որեւէ կապ կարող են չունենալ իրար հետ: Մյուս կողմից համարում են, որ անունները կարող են չհամընկնել, բայց երկուսը նույն մարդու անվան հետ կապ ունենան եւ օրենքով դժվար է կարգավորել այդ խնդիրը:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել