Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին
06/13/2025

Երազ այգին ամեն տարի իր հյուրերի համար կազմակերպում է ինչպես ավանդական ու սիրելի միջոցառումներ և փառատոններ, այնպես էլ ներկայանում է նորություններով ու հետաքրքիր նախաձեռնություններով։ Այս պահին այգին պատրաստվում է 5-րդ Newmag Summerfest-ին: Yeraz Projects-ը գրքատոնի համակազմակերպիչն է, ինչպես նաև «Երազ» մատենաշարի 5 նոր գրքերի գլխավոր գործընկերը։ Փառատոնի, գրքերի, հրատարակչության հետ գործակցության մասին զրուցել ենք «Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր Անժելա Պետրոսյանի հետ։
«Երազ» այգում տարվա բոլոր ամիսներին, և մասնավորապես ամռանը երեխաներն ու մեծահասակները վայելում են այգու հեքիաթային մթնոլորտը։ Այս տարի ի՞նչ հետաքրքիր միջոցառումներ, ներկայացումներ ու ժամանցային ծրագրեր են նախատեսված։
«Երազ» այգին ամեն տարի իր հյուրերի համար կազմակերպում է ինչպես ավանդական դարձած ու սիրելի միջոցառումներ և փառատոններ, այնպես էլ ներկայանում է նորություններով ու հետաքրքիր նախաձեռնություններով, որոնք լցնում են այգին ուրախությամբ ու զվարճանքներով։
Այգու ամառային սեզոնի բացումը մեկնարկեցինք հունիսմեկյան միջոցառմամբ։ Այս տարի միջոցառման խորագիրն էր՝ «Հազար ու մի հեքիաթ», ինչը խորհրդանշական էր, քանի որ «Երազ Փրոջեքթսի» թիմը հավատում է՝ յուրաքանչյուր երեխայի սրտում մի հեքիաթ է ապրում, նրանց վառ ու անմեղ աչուկների, անհոգ խինդ ու ծիծաղի շնորհիվ է աշխարհը դառնում ավելի գեղեցիկ և լուսավոր։
Այս տարի մեր հյուրերին դիմավորեցինք նոր շնչով և բազմաթյույլ նորություններով։ Սկսած այգու ժամանցային ենթակառուցվածքներից՝ նոր ինտերիեր, նոր ոճ, մինչև նոր ծառայություններ, խաղեր, ակտիվություներ։ Ամենը՝ երեխաների և ընտանիքների համար առավել հետաքրքիր և անմոռանալի հանգստի համար։
Առանձնակի ուշադրությամբ նշում ենք ազգային ու քրիստոնեական տոները, այդ թվում` Խաղողօրհնեքը՝ ներկայացնելով մեր հայկական մշակույթի և ծեսերի խորհուրդն ու կարևորությունը։ «Երազ» այգին լցվում է բարձր տրամադրությամբ, երբ միասին տոնում ենք մեր ամենասիրելի Վարդավառը, ամենագունեղ ու համեղ Պաղպաղակի Փառատոնը, այգու ամենափոքրիկ այցելուների համար էլ կազմակերպում ենք Չոչի մրցույթը։ Շուտով «Երազ» այգում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվելու է “EVN Challenge’’` միջազգային հիփ-հոփ միջոցառումը։
Այգու տարածքում հատուկ անկյուն կունենանք հեքիաթասերների համար՝ «Հեքիաթն է կանչում» խորագրով։ Այստեղ այցելուները կկարողանան վայելել բոլոր ժամանակների հայտնի ու սիրված հեքիաթների ընթերցումներ՝ «Կարմիր Գլխարկից» մինչև «Երեք Խոզուկները», սպասվում են նաև ներկայացումներ։
Եվ իհարկե, «Երազ» այգում հյուրընկալելու ենք բազմաթիվ գրքասերների, գրականագետների, գրողների ու արվեստագետների, Newmag-ի մեր գործընկերների հետ ստեղծելով իսկական գրքային փառատոն՝ Newmag Summer Fest 2025-ը։
«Երազ Փրոջեքթսը» մշտապես սոցիալական, կրթական ծրագրերի է աջակցում։ Ո՞ր ոլորտներն եք կարևորում, ինչո՞ւ։
«Երազ Փրոջեքթս»-ի գործունեության առանցքում մշտապես եղել են ու կան կրթական, սոցիալական ծրագրերն ու դրանց աջակցությունը։
Կրթությունը մեզ համար ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև ուժ և հնարավորություն։ Մեր առաջնային նպատակն է օժանդակել այն ծրագրերին, որոնք երեխաներին և երիտասարդներին տրամադրում են անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ նրանց ինքնազարգացման և կյանքում հաջողության հասնելու համար։ Մենք վստահ ենք, որ լավ և որակյալ կրթությունը ուժեղ ու կայուն հասարակություն ձևավորելու ամենագլխավոր նախապայմաններից է։
Մեր հաջորդ կարևոր ուղղություններից է սոցիալական ծրագրերին աջակցությունը, որոնք բարելավում են հասարակության առողջությունն ու բարեկեցությունը։ Հենց այդ նպատակով հիմնադրվեց «Երազ» բարեգործական հիմնադրամը, որն իր գործունեության առաջին իսկ օրվանից սկսել է իրականացնել «շաքարային դիաբետ ունեցող երեխաներին թեստ-երիզների տրամադրումը» ծրագիրը։ Ժամանակի ընթացքում հիմնադրամի գործունեությունը ընդլայնվել է՝ ներառելով սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը և դրական սոցիալական փոփոխությունների ստեղծմանը։
«Երազ Փրոջեքթսն» արդեն հինգերորդ տարին է, Newmag Summer Fest-ի ու նաև Երազի գիրք մանկական փառատոնի համակազմակերպիչն է։ Սովորաբար, նման երկար գործակցություններ քիչ են լինում։ Ո՞րն է ձեր առաքելությունը, որ մշտապես հայալեզու գրքերի ու գրքի փառատոնի կողքին եք։
Ինչպես նշեցի՝ կրթությունը «Երազ Փրոջեքթսի» սոցիալական պատասխանատվության հայեցակարգի հիմնական ուղղություններից է, և մենք մշտապես աջակցում ենք Հայաստանում կրթության զարգացմանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին, որոնցից մեկն էլ ամենամյա Newmag Summerfest-ն է։ Եվ արդեն 5 տարի շարունակ սիրով ու մեծ սպասումով հյուրընկալում ենք ամառային գրքատոնը «Երազ» այգում։
«Երազ Փրոջեքթսի» համար գրականությունը և հայալեզու գրքերի տարածումը կարևորագույն գործոններ են մշակույթի պահպանման ու ազգային ինքնության ամրապնդման գործում։ Մեր ընկերության առաքելությունն է նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են զարգանալ, սովորել, սիրել գրականությունը, գտնել երազանքներ գրքի հերոսների պատմությունների մեջ, և այդ ամենը՝ իրենց հասկանալի ու սիրելի հայերեն լեզվով։
Newmag-ի հետ մեր համագործակցությունը մեկնարկել է 5 տարի առաջ՝ Summerfest-ի շրջանակում։ Այնուհետև գործակցությունն ամրապնդվեց «Երազ» մատենաշար նախաձեռնությամբ և հուշագրի կնքմամբ։
Այս տարի փառատոնի կոնցեպտը փոխվել է, «Երազ» այգու միջոցառումներն առանձնանում են հետաքրքիր ձևաչափով, այս անգամ ի՞նչ հետաքրքիր նորությունների սպասել։
Newmag Summer Fest 2025-ը, կոնցեպտուալ առումով տարբերվում է նախորդներից։ Ամենամյա ամառային փառատոնը ներկայանում է նոր և հետաքրքիր ձևաչափով և հագեցած ծրագրով՝ համադրելով գրականությունը, գինին և ջազը։
Գրքի և արվեստի երկու փառատոնային օրերն էլ կմեկնարկի «Երազի գիրք» մանկական գրքատոնը։ Կլինեն հայտնի ու սիրելի խմբերի կատարումներ, թատերական ներկայացումներ, հեքիաթի ժամեր, համտեսներ հայկական լավագույն գինեգործներից, սոմելիեների կողմից անցկացվող մաստերկլասներ և ամենակարևորը՝ 5 նոր գիրք «Երազ» մատենաշարից:
Ջազի սիրահարներին սպասում են կենդանի կատարումներ ամբողջ փառատոնի ընթացքում՝ հայ ջազմենների մասնակցությամբ, ինչը կվերածի փառատոնը յուրահատուկ մշակութային տոնի։
Newmag-ի հրատարակած վերջին գրքերից, որը խորհուրդ կտաք ընթերցել ծնողներին ու երեխաներին։
Փառատոնին ներկայացված բոլոր գրքերն էլ մեծ իմաստ են պարունակում և, իհարկե, արժանի են ընթերցման։ Սակայն կառանձնացնեմ հետևյալ գրքերը․ «Երազ» մանկական մատենաշարից Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը»։ Գրքի երազկոտ հերոսը հայտնվում է տիեզերական մի դպրոցում, որն առաջին հայացքից հիշեցնում է սովորական երկրային դպրոց։ Սակայն այստեղ սովորում են յոթ գալակտիկաների ներկայացուցիչներ՝ յուրահատուկ ունակություններով։ Նրանք ընկերանում են և միմյանց օգնում դժվար իրավիճակներից դուրս գալ։ Յոթ գալակտիկաների դպրոցի աշակերտները մշտապես հայտնվում են անհավատալի իրավիճակներում և ամեն անգամ միասին հաղթահարում արգելքներ՝ խելամտության, համառության, հավատարմության, երևակայության և երազելու շնորհիվ։
Հաջորդ գիրքը, «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի»։ Գրքի հեղինակը Ջուլյա Սամուելն է, ով մեծ կարևորություն է տալիս ընտանիքի անցյալին, սերունդների միջև եղած հարաբերություններին, մեծերի ու փոքերերի կապին։ Գիրքն առաջարկում է հստակ և կիրառելի գործիքներ։
Եվս մի գիրք, որը խորհուրդ կտամ արդեն երիտասարդներին՝ «Վերջին կարմիր շրթներկն» է։ Գրքի հեղինակը՝ Ծովինար Բարխուդարյանը Արցախի հայաթափման հաջորդող տարում բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, հուզիչ և ապրելու ուժ տվող, նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։
«Երազ» այգին դարձել է ինչպես փոքրերի, այնպես էլ երիտասարդների ու մեծահասակների սիրելի ու մշտական այցելության վայրը, որն իսկապես շատ ուրախալի, միևնույն ժամանակ պարտավորեցնող է մեզ համար։ Փորձում ենք ժամանակին համահունչ քայլել՝ պահպանելով մեր հայկականը, նորարար լինելով՝ նշել մեր հին ու ավանդական տոները, կառուցել ու ստեղծել նորը, կրթել ու բարին տարածել։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Կարդացեք նաև
Կարդա նաև

Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Book donation-ի շրջանակում «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)
