Ինչպես պայքարել տագնապների դեմ ու հաղթել. Մարկ Մենսոնն առաջարկում է 4 մեթոդ (տեսանյութ)

November 5, 2021

Մարկ Մենսոնն իր գրքերի, ելույթների, հարցազրույցների միջացով կարողացել է ապացուցել, որ ցանկացած խնդրի վերաբերյալ իր թեզերն արդարացված են։ Նրա երեք գրքերն էլ ժամանակակից մարդու ընկճախտերի վերաբերյալ առանձնացնում են հստակ ու պարզ բանաձևեր։ Newmag-ը 3 գրքերն էլ թարգմանել է հայերեն, վերջինը «Գայթակղելու նուրբ արվեստն» էր։ Այդ գրքում Մարկն անդրադառնում է մարդկանց տագնապներին ու առաջարկում 4 արդյունավետ մեթոդ անհանգստությունների դեմ պայքարելու գործում։

Տագնապների մասին Մենսոնը հաճախ է անդրադառնում ոչ միայն իր գրքերում, այլև իր ելույթներում։ Անհանգստությունների դեմն առնելու համար Մարկն առաջարկում է. մի քննադատիր քեզ, տագնապը յուրաքանչյուր մարդու կյանքում հաճախ հանդիպող երևույթ է. «Տեսեք, բոլորն էլ տագնապում են: Ես էլ, դուք էլ, նույնիսկ շները: Մայրիկներն էլ: Ուր նայում ես՝ տագնապ, տագնապ, տագնապ: Երբեմն չես էլ հասկանում պատճառը։ Նախ պետք է հասկանալ, թե ինչպես եք արձագանքում տագնապին։ Իրականում Ձեր զգացումներն ուղիղ կապ ունեն Ձեր մարմնի հետ: Ու մենք ոչ միշտ ենք դա հասկանում»։

Մեթոդ առաջին. Ինչպես եք շնչում

Ըստ Մենսոնի, շատերը չգիտեն, որ երբ անհանգիստ ես՝ շնչառությունդ փոխվում է, սկսում ես ավելի արագ ու կտրուկ շնչել և դա դոմինոյի էֆեկտով ազդում է ամբողջ մարմնի վրա. «Ու զգում ես, որ ահավոր վատ ես։ Ու այս դեպքում կա մի պարզ մեդոթ, որն օգնում է ազատվել տագնապից. պետք է ճիշտ ճնչել:

Մեթոդ երկրորդ. Մեդիտացիա

Սա իրականում Բուդդայի դիրքով փորը դուրս ցցած ձևն է: «Մեդիտացիայի հազար ու մի դիրք կա: Մեկն ասում է սա է ճիշտ, մյուսը՝ նա է ճիշտ ու էսպես շարունակ։ Բայց ոչ մի սխալ դիրք չկա»։ Հենց սկսեք՝ կզգաք, որ հատուկ դիրք չկա՝ հավատացնում է Մենսոնը։ Այս պարագայում մեդիտացիայի մեթոդն ու դիրքը նշանակություն չունեն, կարևորը անելն է: Վստահեցնում է՝ իսկապես օգնում է հանգստանալ։ Բայց նաև ճիշտ շնչեք՝ դանդաղ, հանգիստ ու առանց շտապելու. «Մյուս կարևոր հմտությունը. զգացմունքներիդ մասին մտածիր՝ առանց դրանց հատուկ արձագանքելու: Երբ անհանգստանում ենք կամ տխրում, միանգամից արձագանքում ենք ու ամեն ինչ ցույց ենք տալիս: Մեդիտացիայի ամբողջ հմայքն այն է, որ միտքդ առանձնացնում ես արձագանքից: Աստիճանաբար հասկանում ես, որ հմմ, խառը մտքեր են գլխումս, բայց ամենևին պարտադիր չէ որ արձագանքեմ դրանց»:

Մեթոդ երրորդ. Զրույց հարազատ մարդու հետ

Նույնիսկ հեռախոսով խոսելը կարող է ձեզ ազատել անիմաստ տագնապներից. «Խոսեք ինչ-որ մեկի հետ։ Գիտեմ, հիմա կասեք՝ պարզ է, լավ է ասեցիր, բայց մի պահ եկեք մտածենք: Մարդու ֆիզիոլոգիան այնպիսին է, որ հավասարակշիռ վիճակում մնալու համար պետք է իրար վրա հույս դնենք: Մի քիչ խենթ է հնչում, բայց այդպես է: Պատկերացրեք, որ ծովում եք՝ նավակով, ու փոթորիկ է սկսվում: Բայց եթե նավակը ճոպանով կապել եք մեկ այլ նավակի, դժվար շուռ գաք: Դե հա, մի քիչ հիմար համեմատություն էր, բայց ասեք, որ այդպես է: Իսկ եթե այդ ճոպանով մեկից ավելի նավակների եք կապված, ուրեմն կկարողանաք պահել հավասարակշռությունը ու փոթորիկը ձեզ ավելի կմոտեցնի իրար»։

Մեթոդ չորրորդ. Պատկերացնել վատագույն սցենարը

Միշտ պատկերացրու վատագույն սցենարը։ Այն, ինչ վատ է լինելու, միևնույն է վատ է լինելու։ Դարձիր քո կյանքի սցենարիստը. «Ասենք՝ ընկերուհիդ ուզում է բաժանվել քեզնից, իսկ դու պետք է մտածես, թե ինչպես ես համակերպվելու: Ու այսպես դու պետք է շախմատի պես մի քանի քայլ առաջ մտածես: Դու հասկանում ես շատ պարզ բաներ: Նախ, որ ամեն ինչ նորմալ է: Ոչինչ, ես լավ տղա եմ, մեկ ուրիշը կհանդիպի: Ու այդպես, ինքդ քեզ հանգստացնում ես, դադարում ես լինել ցանկասեր ու անվստահ»:

Կարդացեք նաև

Մարկ Մենսոնի հաջողության բանալին «Գայթակղելու նուրբ արվեստը» գիրքն էր։ 27 տարեկանում հրատարակած յուրօրինակ այս ձեռնարկը դարձավ 18+ տարիքային խմբի անփոխարինելի գիրք։ Ամիսների ընթացքում «Գայթակղելու նուրբ արվեստը» վիրուսի պես տարածվում էր, հասնում մարդկանց ուղեղները, հետո վարակում մյուսներին։ Գրքի հաջողությունը Մարկ Մենսոնը կապում է հենց իր շրջահայացության հետ։ Գրելու ընթացքում հասկացել էր, որ հաջողելու է, քանի որ նկատել էր՝ շատերի կյանքում ժամադրությունը անձնական խնդիրների միայն չնչին մասն է։