Ինչի ու ում մասին է Անյես Մարտեն-Լյուգանը գրել իր «Երջանիկները ընթերցում են և սրճում» (տեսանյութ)

November 8, 2023

Ֆրանսիական վեպ՝ կորստի ցավը մեղմելու և կյանքի նոր իմաստ գտնելու մասին: Սա հաջողության անհավանական պատմություն է: 33-ամյա Անյես Մարտեն-Լյուգանն իր գրած առաջին վեպն ավարտելուց հետո ուղարկում է չորս հրատարակչություն, չորսից էլ մերժում է ստանում: Որոշում է գիրքը վաճառել Amazon-ի անկախ ընթերցողների օնլայն հարթակում, հույսով, որ այնկհետաքրքրիգոնե մի քանի հոգու: Վեպը 3 շաբաթում հայտնվեց Amazon-ի գրքերի առաջին հորիզոնականում: 2013-ի հունիսին Michel Lafon հրատարակչությունն այն հրատարակեց:

Լույս տեսնելուց հետո՝ 10 տարվա ընթացքում, այս վեպը թարգմանելու հեղինակային իրավունքները ձեռք բերեցին 35 երկրներ: Վաճառվել է ավելի քան 3.5 միլիոն օրինակ: «Երջանիկները ընթերցում են և սրճում» գիրքը Figaro-ի ամենաընթերցված ֆրանսիացի վիպասանների լավագույն տասնյակում է. «Անկախ ստացածս մերժումներից` ցանկացա, որ վեպս պարզապես գոյություն ունենա: Մտածեցի` կդնեմ օնլյան հարթակում` հաջողություն կլինի` լավ է, չէ՞, հոգ չէ, քանի որ արդեն հասկացել էի՝ պիտի գրեմ, թեկուզ միայն ինքս ինձ համար»:  

Ընդամենը երեք շաբաթ անց հազարավոր գրքերի ցանկում «Երջանիկներն ընթերցում են և սրճում» սիրային դրաման դառնում է Ամազոնի ամենապահանջված գիրքը` հայտնվելով առաջին հորիզոնականում. «Հենց այդ ժամանակ Ֆեյսբուքով ինձ հետ կապվեց Միշել Լաֆոնի հրատարակչությունը ու առաջարկեց հրատարակել գիրքս»:  

Վեպում 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է ամուսնուն և չորսամյա դստերը: «Երջանիկներն ընթերցում են և սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքի գույները խամրում են: Ինչպես հաղթահարել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնելու մասին:

Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանն վեպը գրելիս գործի է դրել իր մասնագիտական բոլոր հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ` ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները. «Մի օր տանն էինք ընտանիքով. նստած նայում էի 1.8 տարեկան որդուս ու ամուսնուս և մտածում, թե ինչ կպատահեր ինձ հետ, եթե նրանց կորցնեի. տագնապն ինձ իսկույն պատեց: Հասկացա, որ ինքս ինձ ինչ-որ տեղ կթաղեի և կցանկանայի, որ ինձ հանգիստ թողնեին: Ահա այսպես սկսեցի գրել»։  

Բաժին հասած ողբերգությունը վերապրելու և ուժ վերագտնելու հետքերով Լյուգանի հերոսուհին ուղևորվում է իռլանդական մի խուլ գյուղ, որտեղ էլ զարգանում են վեպի իրադարձությունները: Թշնամանքից մինչև սեր ընդամենը կես քայլ անելով` Դիանային սիրահարվում ու փորձում է կյանք վերադարձնել նրանից ոչ պակաս վերքերով ու աշխարհից խռոված մի երիտասարդ: 

Կարդացեք նաև