Երկու իրադարձություն մեկ օրում՝ Newmag-ը ներկայացրել է նոր գիրք ու նոր Corner (լուսանկարներ)

November 15, 2023

Newmag-ը հայերեն է հրատարակել The New York Times և Wall Street Journal ամսագրերի բեսթսելլեր «Ի գործ» գիրքը։ Հեղինակը Լասլո Բոկն է, որն աշխատել է որպես Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ավագ փոխնախագահ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Unicorn Community Café-ում։ Տեղի ընտրությունը պատահական չէ. հենց այստեղ՝ Կողբացի 83 հասցեում, այսուհետև գործելու է Newmag Corner, ուր վաճառվելու են հրատարակչության գրքերը։

 

 

Լասլո Բոկն իր գրքի միջոցով օգնում է ընթերցողին ներսից տեսնել Google-ի կառավարման խոհանոցը․ հաջողակ ընկերություն, որը տարիներ շարունակ համարվում է աշխատանքի լավագույն վայրերից մեկը և որտեղ կյանքի են կոչվում երկար տարիների հետազոտությունների արդյունքները: Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի բնորոշմամբ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը նորույթ չէ աշխատաշուկայում։ Միշտ էլ եղել է, բայց հաստիքը կոչվել է տարբեր անուններով.

«Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ՝ այսպես անվանում էին արտասահմանում, իսկ Սովետում այս մասնագետին ասում էին կադրերի բաժնի վարիչ, որը միայն մի գործով էր զբաղվում, որ լրացնում էր աշխատանքային գրքույկները, թվեր էր դնում կամ երաշխավորում, որ ուղարկեն հանգստանալու։ Ոչինչ էլ չէին անում իրականում։ Բայց մեծ համակարգերում HR-ն է որոշում կադրերի բազան, թե ում ընդունեն աշխատանքի, ինչպես արդյունավետ դարձնեն այդ մարդու կադրային ռեսուրսը։ Սա մի բան է, որը միայն խոշոր կազմակերպություններում է հնարավոր»։ 

  

«Ի գործ» գիրքը գործնական ուղեցույց է, որը մարդկանց օգնում է իմաստ գտնել իրենց աշխատանքի մեջ և փոխել մոտեցումները կյանքի և առաջնորդության վերաբերյալ: Շնորհանդեսին գիրքը ներկայացրեց HR փորձագետ Մարիամ Համբարձումյանը։ Կարդացել է «Ի գործի» բնօրինակը ու համոզված է՝ յուրաքանչյուրը, ով ուզում է նորարարություն անել իր ընկերությունում, աշխատավայրում, պետք է կարդա այս գիրքը.

«Մենք աշխարհից շատ ենք հետ մնացել, պրոդուկտ ու ինտելեկտ պետք է արտահանենք, իսկ դրա համար պետք են մարդիկ։ Սա կիրառելի գիրք է ամեն մի ընկերության համար։ Այն ամենը, ինչ նկարագրված է գրքում, մի նպատակ ունի՝ հավեսի գքցել մարդկանց, վստահել, մոտիվացնել, որ բացահայտեն իրենց, որ հարյուր ու հազար անգամ ավելի բան անեն, քան անում են այդ պահին։ Մեր աշխատակիցներից մեկը եկել էր Գուգլից, այնքան տպավորված էր, հենց փոխնախագահները տուր էին արել, պատմել էին»։ 

 

 

Այս կարևոր գիրքը լույս է տեսել SMART մատենաշարի շրջանակում, որի գլխավոր հովանավորը Digitain-ն է։ Մեկ տարվա ընթացքում ընկերությունը Newmag-ի հետ հրատարակել են ևս երկու գիրք՝ Փիթեր Թիլի «Զրոյից մեկը», Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը։ Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն իր ելույթում ընդգծում է՝ որն է «Ի գործի» այն կարևոր ուղերձները, որոնք վերաբերում են գործատուի ու աշխատակցի համար.  

«Մենք այլևս գործ չունենք ուղղահայաց բիզնեսի հետ, որտեղ ղեկավարն ու մենեջերն են ամեն ինչ որոշում։ Փոխվել են բոլոր տեսակի հարաբերությունները։ Բոկի գիրքն այդ մասին է, թե ինչ անել, երբ դու տնօրեն ես, բայց քեզնից մեծ հաշվով ոչինչ կախված չէ։ Վստահությունն ու հավատարմությունն ամենակարևոր խնդիրներն են այսօր գործատուների համար։ Սա ոչ միայն HR-ի համար է, այլ նաև այն գործատուների, որոնք ուզում են լուծել աշխատանքային միգրացիայի հարցը, որ լավ աշխատողը մնա և ոչ թե հեռանա՝ ավելի լավ աշխատավայր գտնելու համար։ Այս գիրքը լավ ուղեցույց է՝ ինչ անել, որ մարդիկ իրենց լավ զգան աշխատավայրում»։  

 

 

Շնորհանդեսից բացի Newmag-ը Unicorn Community Café-ում ներկայացրեց հրատարակչության գրքերի անկյունը։ Այսուհետև ամենասմարթ սրճարանում գործելու է Newmag Corner, որտեղից այցելուները կարող են գնել համաշխարհային բեսթսելլերներն ու սրճարանից ստանալ անվճար սուրճ։ «Ի գործի» առաջին օրինակները կարող եք ձեռք բերել հենց Unicorn-ից։ Community Café-ի ներդրողներից Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, իրենք ստեղծել են մի վայր, որտեղ կհավաքվեն ՏՏ համայնքի ներկայացուցիչները. 

«Մեր նպատակն է ոլորտը զարգացնել, կրթել ու համայնք ստեղծել։ Նաև գրքեր հնարավոր կլինի ձեռք բերել։ Իհարկե, բիզնեսի լեզուն անգլերենն է, բայց պետք է կարողանանք երիտասարդներին գրավենք դեպի այս ոլորտ։ Որ ցույց տանք այս ոլորտի հնարավորություններն ու առավելությունները, ու հայերենով գրականությունը շատ կարևոր է»։

 

 

 

«Ի գործ» գիրքը բերում է ճանաչված, բայց աշխատանքի համար ոչ լավագույն ընկերությունների օրինակները և ներկայացնում պակաս հայտնի ընկերությունները, որոնք տպավորիչ արդյունքների են հասնում սեփական աշխատակիցներին արժևորելու և նրանց լսելու շնորհիվ: 

 

 

Կարդացեք նաև