Տեղի ունեցավ «Լռակյաց հիվանդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

February 15, 2021

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակներում Newmag-ը ներկայացրեց Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Սա բրիտանացի գրող-սցենարիստի առաջին գրական գործն է, որը հրապարակման առաջին իսկ շաբաթում հայտնվել է New York Times-ի կոշտ կազմով գեղարվեստական բեսթսելլերների առաջին հորիզոնականում: Ալեքս Մայքլիդիսի վեպի գործողությունները կառուցված են Ալիսիա Բերենսոն անունով մի արվեստագետ կնոջ շուրջ: «Լռակյաց հիվանդը» բոլորովին չի լռում, այլ բարձրաձայն ազդարարում է Ալեքս Մայքլիդիսի՝ նոր, տաղանդավոր գրողի մուտքը հոգեբանական թրիլլերի ժանր: Գրքի բացառիկության, հայերեն հրատարակության վերաբերյալ «Լռակյաց հիվանդը» վեպի ստեղծագործական խումբը, ինչպես նաև հոգեբանը զրուցել են «Բարի լույսի» տաղավարում:

Թրիլլերի գլխավոր հերոսուհու կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում, իսկ հետո՝ հայտնվում հոգեբուժարանում: Ընտանեկան ողբերգություն, որ վերածվում է մեծ առեղծվածի:

Newmag հրատարակչությունը ներկայացնում է նոր գիրք՝ «Լռակյաց հիվանդը»: Խմբագիրը՝ Մարգարիտ Սարգսյանը, նկատում է՝ աշխատելիս նախ ընթերցող էր, հետո նոր խմբագիր. «Գիրքը հետաքրքիր ընթացք ունի: Մեր կյանքի ռիթմին համահունչ է: Լարված ինտրիգային պատմություն է, սպասումը, որ վստահ ես՝ այսպես է ավարտվելու, լրիվ այլ կերպ է ավարտվում»:

Դժբախտությունից համրացա՞ծ, թե՞ պարզապես լուռ, ակամա՞, թե՞ գիտակցված լռություն. ինչո՞ւ է լռում հայտնի նկարչուհին, ու նա՞ է արդյոք սպանել ամուսնուն: Այս ամենը փորձում է բացատրել խմբագիրը. «Հոգեբուժարանում ապրող մարդու կյանքն է, ինչ ապրումներ ունի, ինչո՞ւ է հայտնվում»:

  

Տարվա գլխավոր թրիլլերը թարգմանվել է 40 լեզուներով: Գրքի թարգմանչի խոսքով, վեպի կարևոր առանձնահատկություններից էր այն, որ լուռ գլխավոր հերոսուհու կողքին շատ էին երկխոսությունները, ինֆորմացիան: Ամենաշատ քննարկումները կանգ են առել գրքի վերնագրի վրա: Թարգմանչուհին՝ Աստղիկ Աթաբեկյանը, Newmag-ի թիմի հետ աշխատել է օնլայն՝ Ռուսաստանում է բնակվում. «Լուռ ու մունջ հիվանդը, պացիենտը: Պացիենտ, թե հիվանդ: Սկզբում մտածում էի մունջ հիվանդը: Գիրքը հեղինակի՝ Ալեքս Մայքլիդիսի դեբյուտային գիրքն է»:

Հույն հեղինակը միահյուսել է հունական միֆերն ու իր հոգեբուժական գիտելիքները: Գրրքի հիմքում հունական դիցաբանության ամենաառեղծվածային Ակլեստիս ողբերգությունն է: Հոգեբանության ամբիոնի վարիչը գիրքը կարդացել է ու հաստատում է՝ Newmag-ի հրատարակած գրքի հեղինակը նաև հոգեբան է: Իսկ լռությունը, որ գրքի գլխավոր լեյտմոտիվն է, իրոք մեծ տրավմաներից հետո հաճախ է լինում: Ամենահայտնի, ամենողբերգական օրինակներից մեկը Կոմիտասն է՝ նկատում է հոգեբան Խաչատուր Գասպարյանն ու պատմում իր պացիենտների մասին, ովքեր ևս լռել են, ինչպես գրքի հերոսը. «Տարիներ առաջ Բաքվից տեղափոխված ընտանիքը Մարտակերտում էր բնակվում, այդ մեծ տրավմաների պատճառով երեխան կորցրել էր կապն աշխարհի հետ: Մեկ ուրիշ դեպքում երեխան Սումգայիթից էր Սպիտակ տեղափոխվել, ապրում էին, հանկարծ փլատակների տակ է մնում մայրը: Երկու դեպքում էլ չէին շփվում»:

Կարդացեք նաև

Գրքի հայերեն տարբերակի ընթերցողներ արդեն կան: Նրանք կիսվել են իրենց տպավորորություններով ու միանշանակ խորհուրդ են տալիս՝ Newmag հրատարակչության նոր գիրքը՝ «Լռակյաց հիվանդը» պետք է կարդալ: Բազմաթիվ մրցանակների արժանացած գործը նաև կէկրանավորի Բրեդ Փիթի պրոդյուսերական ընկերությունը։