Ինչպես ապրել, քանի սիրտդ բաբախում է. 10-ը միտք Շառլ Ազնավուրի նոր գրքից

November 26, 2020

Գիրք-պատմություն մի մարդու մասին, ով ապրեց 9 տասնամյակից էլ ավելի ու դեռ պատրաստ էր տոնել մեկ դարը, որը շրջագայեց, աշխատեց, գրեց, երգեց, ծանոթացավ ու շփվեց հայտնի դեմքերի հետ և երբեք չհրաժարվեց կյանքը զգալու, վայելելու բերկրանքից: Շառլ Ազնավուրի գրքերը հարցերի, հարց ու պատասխանների և բազմաթիվ մտորումների արդյունք են: Նա կարծես զրուցում է մի անծանոթ երիտասարդի կամ բախտակից իր տարեկցի հետ՝ վերհիշելով հաջողության հասնելու փորձը, աշխատանքի կարևորության և վախերի վախի՝ մահվան մասին: Newmag-ը ներկայացնում է «Քանի սիրտս բաբախում է» գրքից 10 միտք:

Ի՞նչ ապագա կարող է ունենալ 89 տարեկան մարդը, եթե այդ ապագան այդքան մոտ է և այդքան անորոշ՝ այս հարցը Ազնավուրը տալիս է հենց գրքի սկզբում ու ամբողջ ընթացքում փորձում գտնել պատասխաններ, արդարացումներ իր ապրած ու չապրած հույզերի, հաղթանակների համար:

1. Եթե ճիշտ է, որ գոյություն ունի մի անդրաշխարհ՝ դրախտ, դժոխք, ուրեմն որտե՞ղ փնտրենք դրանք: Գուցե դրախտը երկրի վրա՞ է: Իսկ դժո՞խքը. կարո՞ղ է դա մի վայր է, որտեղ տեղափոխվում ենք մեր այս կյանքն ապրելուց հետո: Թե՞ ճիշտ հակառակն է: Տեսնես ինչի՞ հետ կարելի է համեմատել իմ մահվան ժամանակը:

2. Ոչ, ես կիսատ չեմ թողնի իմ երկրային առաքելությունը, իսկ եթե հնարավոր լինի, երկնայինը՝ նույնպես: Չէ՞ որ «անհնար» բառը ֆրանսիացուն չի սազում: Եվ դա անպայման վերաբերում է նաև ինձ:

3. Այդ թոշակ ասվածն այնքան էլ հաճելի բան չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, առավել ևս՝ թոշակի անցնելը: Ըստ իս, լավագույն տարբերակն այդ ապրելակերպը կառուցելն է, այդ հնարավորությունից օգտվել կարողանալը մեզ համար մի նոր կյանք բացահայտելու համար:

Տվեք ինձ շատ հայելիներ, որ կարողանամ ինձ լավ ճանաչել, և տվեք ինձ երազանքներ, շա՜տ-շա՜տ հույսեր, որ գիշերն այս կարողանամ ես լուսացնել

4. Երբ սկսեցի ավելի հաճախակի նայել երկնքին և թափառել աստղազարդ գիշերների մեջ, ահա այդ ժամանակ էլ մեջս ցանկություն առաջացավ մի այնպիսի բան ճարել, որի օգնությամբ կկարողանամ թափանցել մթամած և աստղազարդ հորիզոնների խորքերը...Ես պատրաստվում եմ համապատասխան գործիքներ հայթայթել և նրանց օգնությամբ թռչել-գնալ ժամանակների սահմաններից այնկողմ, ցանկանում եմ որոշ գրքեր կարդալ և փորձել վերծանել նոր տիեզերքներ՝ վստահ, որ այնտեղ կարող եմ հայտնաբերել մի անծանոթ աշխարհ, ունենալ մի նոր հնարավորություն երազելու, զմայլվելու:

5. Ես իմ կյանքն ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ, բայց ապրել եմ լիարժեք: Ես տեսել եմ ամեն ինչ՝ սեր, դավաճանություն, հաջողությանը նախորդած ձախողումներ, համաշխարհային փառք, ապրել եմ թե՛ աղքատության, թե՛ ճոխության մեջ. սրանից ավելի ի՞նչ կարող եմ պահանջել կյանքից:

Կարդացեք նաև

 

6. Կյանքիս ռիթմն այլևս այն չէ, մի տեսակ դանդաղել է կարծես, բայց դրանից չեմ նեղվում: Եթե դու այլևս նախկին ուժը չունես, ուրեմն պետք է յոլա գնաս քո ունեցածով:

7. Ու գալիս է մի օր, երբ մազերը սկսում են ճերմակել, հետո նոսրանալ, մեջքը կուզիկանում է, քայլվածքը դառնում է անվստահ, վերջին հնարավորության զույգի հոգիներում բույն է դնում միայնության զգացումը, և մենք սկսում ենք անհանգստանալ մեր առողջության, մեր վաղվա օրվա համար, մեր մտքերի մեջ սողոսկում է մի անանուն տագնապ. խորհրդավորության մշուշով պատված հարցերի հարցը՝ Աստված կա՞ թե՞ չկա, մեր առջև հառնում է ավելի հստակորեն, և դառնության, բայց նաև քնքշանքի զգացումով տեսնում ենք, թե ինչպես են մեր դիմաց շարքով անցնում մեր ապրած օրերի սև ու սպիտակ, իսկ հետո նաև գունավոր պատկերները:

8.Ես արդեն հասել եմ սահմանային տարիքին, և այս պահից սկսած պետք է հաշվեմ, թե ապրելու համար ինձ քանի ամիս, օր, ժամ են մնացել, որոնք գուցե վերջինն են լինելու: Սա այն տարիքն է, երբ մարդ պիտի կարողանա լիարժեք ապրել նույնիսկ ամեն մի վայրկյանը: Դժվար է պատկերացնել, որ այս կյանքը քեզ տվել են ու հիմա հետ են վերցնելու: Ես իմ տվածը երբեք հետ չեմ վերցնում:

9. Ինձ ավելի շատ ցավ է պատճառում և վշտացնում է ոչ այնքան անցյալը, որքան այն, որ ամեն ինչ փոխվում է... Ի՜նչ լավ կլիներ, եթե այն ամենը, ինչ տեսել ու ճանաչել ենք, մնար նույն տեղում, նույնը մնային մարդիկ՝ նույն տարիքի և նույն դեմքերով:

10. Դեմ չեմ, երիտասարդությունը, իհարկե, պետք է կարողանա պարտադրել իր անհատականությունը, բայց պիտի ճանաչի նաև իր սահմանները և չանցնի դեղին գծերը: Ու թեպետ հաստատ համոզված եմ, որ միշտ պետք է հավատարիմ մնանք կյանքի հանդեպ մանկության տարիների մեր պատկերացումներին և չհրաժարվենք այն բառերից, որ գործածել ենք այդ տարիքում, սակայն, միևնույն է, մենք փոխվում ենք անցնող տարիների հետ, և դա անխուսափելի է:

Տվեք ինձ շատ հայելիներ, որ կարողանամ ինձ լավ ճանաչել, և տվեք ինձ երազանքներ, շա՜տ-շա՜տ հույսեր, որ գիշերն այս կարողանամ ես լուսացնել՝ սա կարծես Շառլ Ազնավուրի ամբողջ կյանքն է մի երկտողով, որը թևավոր խոսքի պես իր երգերից, բանաստեղծություններից ու գրքերից տարածվում է երկրեերկր, սերնդեսերունդ: