Ի՞նչ է պոպուլիզմը Հունաստանում. Ալեքսիս Ցիպրաս

December 28, 2019

Ուղիղ ժողովրդավարություն
Ցիպրասն իշխանության եկավ պոպուլիստներին բնորոշող կոչերով: Նա պնդում էր. երկրի տերը ժողովուրդն է, փոփոխություններ բերողը ևս: Հետո ընդգծում, որ ինքը ժողովրդից է դուրս եկել ու նրանցից մեկն է: Ցիպրասի գլխավորած Սիրիզա կուսակցության առաջնահերթություններն ու խոստումները արտացոլում էին կուսակցության դիրքորոշումը: Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում  սակայն, կուսակցության անձնավորումը ներքին քաղաքականությունն անկայուն դարձրեց: Որոշումները, քաղաքական առաջնահերթություններն ու ռազմավարությունը կենտրոնացած էին կուսակցության ղեկավարի կերպարի վրա: Կուսակցությունը գնում էր այն ուղղությամբ, որտեղ տանում էր վարչապետը: Երկիրը չորս տարի կառավարած իշխանության հանդեպ վստահությունը մարեց, երբ կուսակցությունը վերջնականապես կորցրեց ինքնությունը:
 Առաջնորդը ժողովուրդն է
 2015-ին նորընտիր վարչապետ Ցիպրասը փոփոխության խորհրդանիշն էր Հունաստանում: Պաշտոնավարման ընթացքում սակայն, այս կերպարը նույնիսկ իր կողմնակիցների շրջանում դարձավ հակասական: Ցիպրասի անվան շուրջ սկանդալների պակաս չի եղել: Հայտարարում էր, որ նախկին իշխող էլիտան կործանարար էր, իսկ ինքը ժողովրդից է: Հետո նրան նկարում էին շքեղ զբոսանավերի վրա, երբ երկրում անկառավարելի անտառային հրդեհներ էին: Քաղաքագետները պնդում են, որ Ցիպրասին քաղաքական կարգապահությունն էր պակասում: Նրա կուսակցությունն էլ օպորտունիստ էր` դրա համար էլ պարտվեց:  Ձախողվելու համար փորձեք հաճոյանալ և դուր գալ բոլորին: Ցիպրասի կուսակցությունը պարտվեց ընտրություններում, որովհետև խախտեց այս օրենքը:



Կարդացեք նաև.



Հակառակ իսթեբլիշմենթին
Սիրիզա կուսակցության քաղաքական գիծն ավանդական քաղաքական էլիտայի դեմ էր: Նրանց կոչերը կառուցված էին “մենք ընդդեմ նրանց” կարծրատիպի վրա, որտեղ հույները բաժանվել էին երկու ճամբարի: Ցիպրասը պատերազմ հայտարարեց օլիգարխիայի դեմ, բայց նրանց փոխարեն նոր օլիգարխներ եկան: Ցիպրասը դարձավ այն իսթեբլիշմենթը, որի դեմ պայքարում էր: Սա նրա կողմնակիցների համար կարծես դավաճանություն լիներ: Դրա հետևանքով նա հիմա կրկին ընդդիմադիր թևում է:  Հույներն ասում են` նա պատժվեց չկատարված խոստումների համար:
Բարդ խնդիրներին հեշտ լուծումներ
Ցիպրասի հայտարարությունները հուսադրող էին` տնտեսական աճը ցածր: Նա խոստացավ ավելին, քան կարող էր: Հետո սկսեց գոյատևելու քաղաքականություն վարել, հիմնված կարճաժամկետ լուծումների և մանևրելու վրա: Այս մարտավարությունը բևեռացրեց առանց այն էլ երկու մասի բաժանված հասարակությանը: Երբ պոպուլիստներն իշխանության են գալիս, նրանք նույն խնդիրների առաջ են կանգնում, ինչ էլիտան և միշտ չէ, որ ավելի լավ լուծումներ են գտնում:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում