Արմենիայի «Բարի լույս» ծրագրի եթերում տեղի ունեցավ «Մանյունյայի» 3-րդ՝ եզրափակիչ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
«Մանյունյայի» 3-րդ գիրքը ևս թարգմանվեց հայերեն։ Գրական այս գործն ԱՊՀ տարածքի բոլոր երկրներում դարձել է երեխաների սիրելի գրքերից։ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագիրը հյուրընկալել է գրքի հեղինակ Նարինե Աբգարյանին։ Նա պատմել է Newmag-ի հետ գործակցության, գր
Որ Մանյունյայի, Նառայի և փոքրիկ Բերդի մյուս հրաշալի բնակիչների արկածների մասին եռագրությունը կդառնա սիրված գործ, ինքն էլ հայտնի գրող, Նարինե Աբգարյանը չի էլ պատկերացրել։ Պարզապես մի օր հասկացավ, որ իրեն ճանաչում են ամենուր, իր հերոսներին մեկ առ մեկ գիտեն մեկ առ մեկ.
«Երբ նկատում են ինձ, մոտենում են, շնորհակալություն հայտնում։ Շատ հաճելի է, երբ ռուս երեխաներն են տալիս իրենց գրքերը ստորագրեմ ու հետո պատմում են, որ իրենց տատիկը կամ տատիկի մայրիկը հայ է ու կարդում են, որ հայ երեխաների մանկությանը ծանոթանան։ Իհարկե, արտառոց դեպքեր էլ կհիշեմ, երբ մարզասրահում՝ լոգանք ընդունելու ժամանակ, մի կին մատով ուսիս կտկտացրեց ու ասաց՝ կներեք, էլի, գիտեմ, որ անհարմար պահ է, բայց դուք Նարինե Աբգարյանն ե՞ք։ Ու այդ օրվանից ես այլևս չգնացի մարզասրահ, սկսեցի տանը պարապել, որ գոնե այդ իրավիճակում ինձ չճանաչեն»։
Հանդիպումների ժամանակ հաճախ են երեխաները գրողին դիմում անկեղծ մտքերով։ Իրենք ևս ցանկանում են ունենալ ճիշտ այնպիսի մանկություն, ինչպիսին ունեն Մանյունյան ու ընկերները։ Նարինեն ժպտում ու ընկնում է հիշողությունների գիրկը.
«Իմ ամեն օրը սկսվել է հայացքով կովերի հոտին սար ճանապարհելով, իսկական գյուղական իդիլիա։ Մենք այդ հիասքանչ մթնոլորտում ենք մեծացել, ինչն իսկապես կոփել է մեզ, մենք ավելի ազատ ենք եղել, հիմա էլ դրա շնորհիվ ազատ արտահայտում ենք մեր էմոցիաները։ Ու սա նաև շնորհիվ մեր ծնողների, քանի որ իրենք չեն սահմանափակել մեր ազատությունը, համբերատար էին։ Մինչդեռ հիմա երեխաներին անընդհատ վերահսկում ենք, նրանք զրկված են ազատությունից, ամեն երեխայի վրա մի GPS է միացրած, որ հետևեն՝ ուր գնաց, ինչ արեց»։
Գրքի յուրաքանչյուր կերպար ունի իր նախատիպը։ Օրինակ՝ Մանյունյան Աբգարյանի համակուրսեցի Մանյան է Ավագյան՝ էներգիայով ու հումորով լի մի աղջիկ, որն Ալավերդիից էր, հիմա ապրում է Հունաստանում։ Կարինեն հենց Աբգարյանի քույրն է, որի արկածների մասին մինչև այսօր էլ Բերդում պատմում են.
«Գրելու ընթացքում իրական կերպարները ձևափոխվում են, սյուժեն զարգանում է։ Բայց հերոսների խենթություններն ու արկածներն իրական են։ Ի սկզբանե «Մանյունյան» սկսել եմ գրել հայերեն։ Սակայն հասկացա, որ չի ստացվում հայերեն փոխանցել էմոցիաները, մի տեսակ մեխանիկական էր, դրա համար շարունակեցի ռուսերեն շարադրել մտքերս»։
Newmag-ի հետ գործակցությունը Նարինե Աբգարյանը համարում է ստացված։ Հայերեն հրատարակված գրքերն էլ կարդացել է. «Newmag-ը շատ մանրակրկիտ է աշխատում, թարգմանությունները ստացվում են հաջող, կարդացել եմ հայերեն տարբերակները։ Ռուսերենն էմոցիոնալ է, հայերենն ավելի ազնիվ է, խորն է, մերն է»։
15 տարեկանից հայրենի քաղաքը լքած Նարինեն ամեն անգամ Հայաստան այցելելուն պես պետք է գնա Բերդը՝ ավանդույթ է։ Ինչպես և ավանդույթ է ամեն տարի մայիսի 1-ին գնալ սիրելի տուն, բարձրանալ սար, խորոված անել ու վայելել սարից փչող զուլալ օդը. այդ օրը մայրիկի տարեդարձն է։
Կարդացեք նաև