Ինչով էր Ջո Բայդենը գրավել լրագրող Էվան Օզնոսին, ու ինչու նա որոշեց գրել «Ջո Բայդեն» գիրքը (տեսանյութ)
45-ամյա լրագրող Էվան Օզնոսը դարձավ Ամերիկան միավորող առաջնորդի ամենաուշագրավ գրքի հեղինակը։ The New Yorker ամսագրում երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մասին հոդվածներով հայտնի լրագրողը տարիներ առաջ արժանացել էր ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի։ Իսկ 2020-ի
Ջո Բայդենը Վաշինգտոնի ամենափորձառու քաղաքական դեմքն է: Նախքան նախագահ դառնալը նա տեղյակ էր կուլիսային բոլոր մանրամասներին, անձամբ ճանաչում էր բոլոր դերակատարներին, շատերի ծնողներին ու նույնիսկ տատերին և պապերին, քանի որ 50 տարի ապրել էր քաղաքական թոհուբոհի մեջ: Միաժամանակ՝ Բայդենը քարուքանդ էր անում քաղաքական կարծրատիպերը, որոնցով ապրում էր Վաշինգտոնը: Տարիներ շարունակ Էվան Օզնոսը լուսաբանել էր Բայդենի քաղաքական գործունեությունը ու տարբեր շրջափուլերում հիացել նրանով։ Ամենաերիտասարդ սենատորից մինչև ամենատարեց նախագահ ճանապարհը Բայդենն անցավ ծայրահեղ բևեռացված։
Նա առանձնանում էր միշտ՝ նկատում է Էվան Օզնոսն ու հավելում՝ հենց սրանով էր ԱՄՆ ամենատարեց նախագահը գրավեց իրեն, ու նա որոշեց գրել «Ջո Դայդեն» գիրքը։ Այդտեղ նա հավաքեց ոչ միայն տարբեր տարիների հոդվածների վերլուծական անդրադարձները, այլև կարողացավ բազմաթիվ հարցազրույցներով հարստացնել գիրքը. «Նա ոչ մեկն էր: 29 տարեկանում զգաց, որ քաղաքական գործիչների ու երիտասարդների միջև կապը խզվում է և հաղթեց Սենատի ընտրությանը՝ ներկայանալով իբրև նոր սերնդի թեկնածու: Կես դար անց էլ երիտասարդներին ներկայացավ իբրև ծայրահեղական Թրամփից ազատվելու միջոց»:
Նա սենատոր ընտրվեց մի տարիքում, որը բավարար չէր այդ պաշտոնը ստանձնելու համար, մյուս կողմից՝ դարձավ փոխնախագահ իր որդու տարիքի նախագահի մոտ: Այդ ժամանակ բոլորը վստահ էին՝ Բայդենը գնում է թոշակի: Փոխնախագահից վերև գնալու համար նա ուժ ունենալ այլևս չէր կարող՝ նկատում է Էվան Օզնոսը. «Ունենալով կտրուկ վերելքներ ու նույնքան կտրուկ վայրէջքներ՝ նրա քաղաքական միտքը հիմնված է երկու հակադիր գաղափարի վրա. մի կողմից ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ, մյուս կողմից՝ որևէ մեկն իրեն շրջապատող հանգամանքների գերին չէ»:
Դեռ 1987-ին Ջո Բայդենը առաջադրվեց նախագահի պաշտոնում: Բայց ընտրարշավի կեսից դուրս մնաց: Էվան Օզնոսն ընդգծում է՝ ուղեղի անոթների անևրիզման նրան վերադառնալու շանս չէր տալիս. «Նա այնքան մոտ էր մահվանը, որ քահանան հիվանդանոց ավելի շուտ էր եկել, քան կինը: 7 ամիս հիվանդանոցում մնալուց հետո նա վերադարձավ ու հայտարարեց, որ ստացել է երկրորդ շանս: Կյանքի բոլոր վայրիվերումներից հետո նա եզրակացրեց, որ ձախողումներն անխուսափելի են, բայց հանձնվելը՝ աններելի»:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահի կյանքի պատմությունը՝ «Ջո Բայդեն» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գրք հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Հենց սա էլ դարձավ Բայդենի կրեդոն: Թեկուզ խորթուբորդ ճանապարհներով, բազում ու հաճախ ճակատագրական թվացող տապալումներով, նա ամեն անգամ ոտքի կանգնեց, բոլորին շրջանցեց ու, ինչպես ասել էր իր առաջին կնոջ ծնողներին դեռ 1960-ականներին, դարձավ նախագահ: