Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

November 2, 2022

Ամերիկահայ գրող, իրավաբան Աննան Աստվածատուրյանը 14 տարեկանում իր ապրածի ու տեսածի մասին գրի առավ օրագրում, և քսան տարի անց միայն օրագիրը դարձավ փաստագրված գիրք: Newmag-ը հայերեն է թարգմանել «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը: Այդ առիթով էլ գրողը Հայաստանում է՝ մասնակցելու իր գրքարշավի միջոցառումներին: Նոյեմբերի 1-ին հայաստանյան հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ հրատարակչությունը ներկայացրեց գիրքը:

Ութնամյա աղջնակի գունավոր աշխարհը փուլ եկավ մի քանի օրում և հայատյացության ալիքը սրբեց-տարավ մարդկային ամենապարզ երազանքները։ Աննա Աստվածտուրյան Թերքոթը իր կյանքի պատմությամբ ներկայացրեց Բաքվի ջարդերի քրոնիկոնը. «Սա իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Այս անձնական պատմությունն իմ տատիկի և պապիկի հայրենիքում իրենց մայրենի լեզվով թարգմանելն իսկապես շատ կարևոր էր: Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ երեխաներն են, այսինքն՝ Միացյալ Նահանգներում, բայց իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ իմ սիրտն է, այսինքն՝ Սյունիքում և Արցախում»:

   

Բաքվի ջարդերի, բնաջնջման և համատարած բռնության մասին՝ առաջին դեմքով և երեխայի ձայնով, տագնապներով։ Սա գիրք-հիշեցում է՝ ադրբեջանական վայրագությունների, փախստականի ծանր կյանքի և վերաիմաստավորված արժեքների մասին՝ ընդգծում է գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանը. «Իրականում դա մի ընտանիքի պատմություն է՝ կրկնելով հազարավորներինը, սա փաստորեն պատմական փաստաթուղթ, ականատեսի վկայություն , վավերագիր է»:

   

1990-ի հունվարին Բաքուն հայաթափվեց։ Մոտ կես միլիոն հայ բռնի տեղահանվեց: Գազազած ամբոխին ոչ ոք չէր կանգնեցնում, ինչը, ըստ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, ամենաակնհայտ ապացույցն է, որ ջարդերը կազմակերպված էին պետական մակարդակով. «Պատկերացրեք, որ դու տարիներով ապրում, աշխատում, ստեղծում ես, և մի օր քո կոլեգաները, որոնց հետ աշխատում ես, կացիններով ու դանակներով գալիս են քեզ ու քո երեխաներին սպանելու»:

 

Հայերի բնակարանների տեղանշումով քարտեզները ձեռքին ադրբեջանցիները փնտրում, գտնում, թալանում,  ահաբեկում, խոշտանգում և սպանում էին հայերին։ Բաքվի ջարդերից փրկված փախստականները կորցրին ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, հույսեր ու երազանքներ: Փրկեցին միայն սեփական կյանքը` շշում է ՀՀ առաջին օմբուսմեն Լարիսա Ալավերդյանը. «Շատերն են վիճարկում դա պետք է մարդկության թե մարդասիրության դեմ հանցագործություն անվանել, իմ մոտեցումը նույնն է ինչ արտերկրի փորձագետներինը, դա ցեղասպանություն էր»:

   

Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը անձնական պատմություն է հայրենիքում օտար զգալու, մի քանի ճամպրուկով և անսահման հույսով օտարության մեջ տուն գտնելու և  ցավը լուռ հաղթահարելու մասին։ Նման բովանդակությամբ գրքերը, ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի, չափազանց կարևոր փաստագրական տվյալներ են փոխանցում սերունդներին.

«Նման գրքերն ականատեսի աչքերով պատմում են եղելությունը, վերարտադրում են այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել ջարդերի և վտարումների արդյունքում, կա նաև մանրակրկիտ նկարագրություն հետագա վերապրումների վերաբերյալ: Եթե ցանկանում ենք հասկանալ այդ ջարդերի ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա, շատ կարևոր է ընթերցել»:

 

Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում կատարվածը մնաց անպատիժ: Մեկ այլ սցենարով, բայց նույն ընդգծված հայատյացությամբ պատմությունը կրկնվում է տասնամյակներ անց: Այն, ինչ տեսել են հայերն Ադրբեջանում և այն, ինչ տեսնում են նրանց սերունդներն Արցախում ու Հայաստանում, փաստում են՝ Ադրբեջանը խորացնում է հայատյաց պետական քաղաքականությունը:

      

Կարդացեք նաև