Շնորհանդես-քննարկում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում՝ նվիրված Տիգրան Հայրապետյանին (տեսանյութ, լուսանկարներ)

March 24, 2023

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված քաղաքագետ Տիգրան Հայրապետյանին և դիվանագետ, ԱՄՆ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանին: Նրանք երկուսն էլ Արևելագիտականի շրջանավարտներ են: Քննարկումը վարում էր Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը, բանախոսներն էին գրող, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը, Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազենի Ղարիբյանը, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Հանդիպում-քննարկման ընթացքում Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշում է` Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական ակնարկները ներկայացնում են հատոր առ հատոր: Առաջին գրքի հրատարակումից մեկ տարի անց լույս է տեսել 2-րդը. «Տիգրան Հայրապետյանը ստեղծել է քաղաքագիտության հայերեն լեզուն, որը միաժամանակ շատ պարզ է, բայց ոչ՝ պարզունակ, էլեգանտ է, բայց ոչ՝ քաղքենի, գիտական է, բայց ոչ՝ բարդ, եւ, որ ամենակարևորն է՝ Տիգրանի մեծությունը նրանում է, որ մինչև հիմա ակտուալ է։ Որոշակի առումով նաև վունդերկինդ է եղել, որովհետև 29 տարեկանում ճշգրտորեն կանխատեսել՝ ինչ կլինի Հայաստանի հետ 30 տարի հետո»:

 

Տիգրան Հայրապետյանն 90-ականների հայ քաղաքական մտքի ամենավառ և պատրաստված քաղաքագետներից էր, որի վերլուծությունները տասնամյակներ անց էլ ճշգրիտ ու տեղին են: Ըստ Նազենի Ղարիբյանի, «Փրկե՞նք հայրենիքը» գրքում առաջին երկու հատորներում հնչեցրած հարցերի պատասխաններն են. «Այստեղ են հավաքված այն հոդվածները և բաժինները, որոնք այսօրվա համար ամենաարդիականն են: Ամենակարևորը Տիգրանի ժառանգության մեջ այն է, որ նա չի վերլուծում միայն այսպես է վիճակը կամ քննադատում, այլ նաև ուղիներ է ցույց տալիս»:

                                                                          

Հայաստանի անվտանգային միջավայրն ու Արցախի հիմնախնդիրն այս գրքի առանցքում են: «Փրկե՞նք հայրենիքը» հռետորական հարց չէ: Քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանի խոսքով, հեղինակն իր վերլուծությունների ընթացքում ընթերցողին տալիս է նաև պատասխանները. «Այս հատորում շատ հոդվածներ կան՝ կապված Իրանի, Թուրքիայի հետ։ 1992 կամ 1993 թվականին Տիգրանը գրում էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, գործընկեր դառնալ, բայց նույնիսկ չեն կարողանում ապահովել Թուրքիայի չեզոքությունն Արցախի հարցում։ Արդյոք սա արդիական չէ՞»:

 

Տիգրան Հայրապետյանն Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է: Գրքի շնորհանդեսը մայր բուհում էր, հյուրերի մեջ շատ էին Արևելագիտականի ուսանողները: Ինչպիսին էր ֆակուլտետի սերունդը 1988-ին, ինչ ժառանգություն են թողել քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը, դիվանագետ Արմեն Խարազյանը և մյուս նվիրյալները՝ ձևավորելով քաղաքագիտական ու դիվանագիտական նոր մշակույթ: Արևելագիտականի դեկան Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է. «Սա նաև սերունդների յուրահատուկ երկխոսություն է, երբ երիտասարդները թեկուզ այլ հարթությունում տեսնում են իրենցից առաջ այդ նույն ոլորտում ներդրում ունեցածներին: Եվ այս առումով միջոցառումը և գիրքն ունեն շարունակական, ուսուցողական բնույթ»:

  

Նոր հատորում Տիգրան Հայրապետյանն առաջարկում է Արցախյան հիմնախնդրի լուծման հինգ տարբերակ: Պատմական փորձի և աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծությամբ ներկայացնում է այնպիսի թեզեր, որոնք արդիական էին թե՛ վերջին պատերազմից առաջ, թե՛ այսօր՝ անորոշ ներկայում՝ ընդգծում է Աղվան Վարդանյանը. «Տիգրանի ամբողջ ժառանգությունն իսկապես անհրաժեշտ է, որ մեր գոնե մտածող, գիտակից, քաղաքականությամբ զբաղվել ցանկացող ցանկացած մեկը կարդա առնվազն: Որովհետև այստեղ ոչ միայն քաղաքականություն է, այստեղ նաև մեր ժողովրդի անցյալն ու ապագան է»:

 

Միջոցառումը եզրափակում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները, որոնց շարքերում կան «Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակի» դափնեկիրներ:

 

Կարդացեք նաև