Նեյմար. «Բրազիլական ֆուտբոլի ժամանակակից պոետն» ու «Ֆուտբոլի Բոդլերը»

November 28, 2022

Նեյմարը միայն ֆուտբոլիստ չէ. Նա ժամանակակից ֆուտբոլային բրենդ է։ Նա վաղուց դուրս է եկել «դասական» ֆուտբոլային աստղերի կարծրատիպերից։ Նեյմարը սպորտային նոր սերնդի ներկայացուցիչն է։ Նա հաջողակ է ոչ միայն և ոչ այնքան կանաչ դաշտում, որքան դրանից դուրս։ Նրա մասին բոլոր կարծրատիպերը փշրվում են Լուկա Կայոլիի «Նեյմար» գիրքը կարդալուց հետո։ Հեղիակին հաջողվել է բացահայտել այս գերսատղին, ավելին՝ գրքում նա անդրադարձել է Նեյմարին՝ որպես ֆուտբոլի ժամանակակից պոետի, ով վերականգնեց ֆուտբոլի պոեզիան։

Բրազիլացի երգահան, երաժիշտ, էսսեիստ Ժոզե Միգել Ուիսնիկը իր գրքերում ու հոդվածներում հաճախ է անդրադառնում Նեյմարին, փորձում բացատրել՝ ինչ նշանակություն կունենա Նեյմարը ֆուտբոլի պատմության համար։ Ըստ Ուինսկու, այս ֆուտբոլիստը կանաչ դաշտում վերականգնեց ֆուլտբոլային պոեզիան, մինչ այդ բոլոր մոռացել էին այն ու նորաձև էր միայն արձակը. «Ֆուտբոլային արձակն ավելի գծային է, տակտիկապես ավելի պատասխանատու, հավաքական և պաշտպանական։ Իսկ ֆուտբոլային պոեզիան ենթադրում է ազատ տարածությունների ստեղծում ոչ գծային մեթոդներով»։

Մարդաբանության ու սոցիոլոգիայի տեսանկյունից բրազիլական ֆուտբոլային ինքնօրինակությունը սերտորեն կապված է խառնարյունությունների յուրահատկության հետ։ Բրազիլացիները ֆուտբոլ են բերում ազատ պարի կանոննեերը՝ գեղեցիկ ոտնախաղը համադրելով կապոեյրա և սամբա պարային շարժումների հետ։ Ըստ Ուիսնիկի, այս խաղաոճը զարգացել է 1960-ականներին, և միայն Նեյմարին հաջողվեց նոր շունչ հաղորդել ֆուտբոլի պոեզիային. «Նա ապշեցնում է հնարամտությամբ, թարմությամբ։ Եթե չեք հավատում, ապա նայեք 2013-2014 մրցաշրջանի Իսպանիայի լիգայի առաջին տուրում անսպասելի, աներևակայելի մի բան, որ մասին ոչ ոք նույնիսկ չէր երազում»։

                                                        

Լուկա Կայոլին իր «Նեյմար» գրքում նկատում է՝ 13 տարեկանից արդեն տղան առանձնանում էր իր խաղով ու համարվում էր ապագա չեմպիոն։ Բնատուր խարիզմայի, արտասովոր գրավչության շնորհիվ, ասես, դարձավ ֆուտբոլի փոփ աստղ. «Նեյմարը պոետ է, գրաֆիտիի վարպետ։ Նրա սոնետները պատկերված են քաղաքի պատերին։ Նրա մազերը, վերնաշապիկի օձիքը բարձրացնելու սովորությունը՝ այս ամենը նրա պոետիկ ելույթի մասն են կազմում։ Նա հրաշալի է տեսնում ստադիոնը, տիրապետում է մահացու փոխանցումների»։

Եվ ինչպես գրականությունում, երբ գրականագետները մեջբերում են տարբեր գրողների, Նեյմարն էլ իր խաղի ընթացքում վերհիշում և ցուցադրում է ֆուտբոլի պոեզիայի բոլոր կարկառուն աստղերի շարժը ու ձևը՝ ճիշտ բրազիլական ֆուտբոլի ժամանակակից պոետի պես, ում հաջողության գրավականը մեկն է՝ ձգտումը։

Կարդացեք նաև